«Բանտարկված հոգիներ», «Մշո ճառընտիր», «Երկար վերադարձ». Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ տասնյակ ֆիլմեր են նկարահանվում

«Բանտարկված հոգիներ», «Մշո ճառընտիր», «Երկար վերադարձ». Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ տասնյակ ֆիլմեր են նկարահանվում

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ 2015 թվականին պատրաստ կլինի համատեղ արտադրությամբ նկարահանվող 7-8 ֆիլմ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ ևս Հայոց ցեղասպանության թեմայով մի քանի գեղարվեստական, վավերագրական ու անիմացիոն ֆիլմ է նկարահանվում:

Այսպես, «Ման փիքչերս ստուդիո»-ն նկարահանում է «Հիշատակի պատը» ֆիլմը: Սցենարի հեղինակներ՝ Գնել Նալբանյանը, Համբարձում Համբարձումյանը, Արծվի Բախչինյանը: Բեմադրող ռեժիսորն է Արամ Շահբազյանը: Ֆիլմը մահվան ու կյանքի, ոչնչացման ու փրկության, բռնության ու մարդասիրության պայքարի, կյանքի ու հաղթանակի մասին է: Հերոսները եվրոպացի հինգ հումանիստ միսիոներ կանայք են: Այդ կանանց հայտնվելն Արևելյան Անատոլիայի պատմական Հաայաստան փրկության շրջադարձ է եղել հայության մի ստվար հատվածի համար: Ֆիլմը վարելու է դանիացի հանրահայտ պատմաբան Մատթեաս Բյորնլանդը: Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ֆիլմի խորհրդատուներից է:

Կինոկենտրոնի Kinoashkharh.am կայքի հաղորդմամբ, «Բարս մեդիա ստուդիան» 100-ամյակին ընդառաջ կներկայացնի «Բանտարկված հոգիներ» ֆիլմը: Սցենարի հեղինակ ու բեմադրող ռեժիսոր՝ Վարդան Հովհաննիսյան: Հերսը մի տարեց մարդ է. դատարկ սենյակում նստած խոսում է իր մանկության մասին: Ալեհեր մարդու հայացքում կարծես մի փոքրիկ տղա է արթնանում: Ծերունին վերափոխվում է մի տղայի, որը վազում է Օսմանյան Թուրքիայում գտնվող իր հայրենի գյուղի արահետներով: Ալեհեր ծերունին և փոքրիկ տղան պատմում են 1915 թվականի այն խավար օրերի պատմությունը, ընտանիքի, սիրո, հավատարմության, ատելության, սպանության, կորստի և ներելու կարողության մասին:

Սերժ Ավեդիքյանը 2015-ին կներկայացնի «Մշո ճառընտիր» ֆիլմը, որի և սցենարի հեղինակն է և ռեժիսորը: Թողարկումից հետո 15 րոպեանոց ֆիլմն ընդգրկվելու է ռուսական Comer Work ստուդիայի WW1 ֆիլմ-ալմանախի ծրագրում, որն առնչվում է 1914-18 թթ իրադարձություններին: Այս իրական և անհավատալի պատմությունն արդեն լեգենդ է դարձել, իսկ Ճառըտիրը փրկող կանայք՝ հերոսներ:

Չեխիայի հեռուստատեսության հովանավորությամբ նկարահանվում է «Ցեղասպանության հավերժական վիշտը» ֆիլմը: Սցենարի հեղինակը և ռեժիսորը Մարտին Մահդալն է: Ֆիլմը ներկայացնելու է հայ ժողովրդի պատմության դաժան էջերի վերաբերյալ չեխ ճանապարհորդ Կարել Հանսայի աշխատությունները, որում արտացոլվում են նաև լուսանկարներ և գրառումներ:

Սցենարի հեղինակներ և բեմադրող ռեժիսորներ Արսեն Ազատյանն ու Նարինե Մկրտչյանն աշխատում են «Դաշտը» ֆիլմի վրա: Ըստ սցենարի՝ գերմանացի ռազմական բժիշկը, լուսանակարելով Թուրքիայի արևելյան մասում կառուցվող երկաթգծի շինարարությունը, ականատես է լինում հայ բնակչության բռնի տեղահանումներին, կոտորածներին: Նա թաքուն լուսանկարում է հայերին: Բժշկին, ցավոք, հաջողվում է փրկել քիչ թվով մարդկանց: Դերասանների ընտրությունը կատարվել է Գերմանիայում և Հայաստանում:

Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր Արթուր Սուքիասյանն «Մեր ատլանտիդան» ֆիլմը պատմելու է անցյալ դարի 60-ականներին հայ որբերի կողմից Ստամբուլում կառուցված «Արմեն» ճամբարի մասին: Ճամբարի պատմությունը, Հրանտ Դինքի սպանությունն ու Հայոց ցեղասպանության դեպքերն ու իրադարձությունները փոխկապակցվում են միմյանց:

Վիգեն Չալդրանյանը կներկայացնի «Իմ քաղաքի առասպելը» ֆիլմը, որի սցենարի համահեղինակն ու բեմադրող ռեժիսորն է: Պրոֆեսոր Էդգար Նովենցը Կոմիտաս վարդապետի մասին վեպի ստեղծման ընթացքում հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վերհանել մեկուսարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը, գեղարվեստական նրբին ու զուսպ միջոցներով լույս սփռել նրա մեծ լռության վրա: Տեսիլքների միջոցով նա անցնում է նաև Մեծ եղեռնի պատկերների ճանապարհով:

«Մի խելագարի պատմություն». սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Ռոբեր Գեդիկյանն է: Ֆիլմը կպատմի երիտասարդ մարսելցի Արամի մասին, որը Փարիզում պայթեցնում է Թուրքիայի դեսպանի ավտոմեքենան, որի հետևանքով ծանր վիրավորվում է ավտոմեքենայի կողքով անցնող երիտասարդ հեծանվորդը: Արամը փախչում է Բեյրութ և միանում 80-ականներին գործող Արևմտյան Հայաստանի ազատագրման շարժմանը, իսկ նրա մայրը ներողություն է խնդրում հեծանվորդ Ժիլից՝ ամբողջ հայ ազգի անունից:

«Երկար վերադարձ» ֆիլմի հերոսուհին՝ Սոնան, ամուսնուն և երեխաներին կորցնելուց հետո այլընտրանք չունի, բացի զենք վերցնելն և կռվելը: Ֆիլմում զուգահեռներ է անցկացվում Սոնայի պապի՝ 1915 թվականին գերդաստան կորցրած և ազատության համար կռիվ մղած Վարդանի հետ: Ֆիլմի հիմքում իրական փաստեր են:

«Քարվաճառ» ֆիլմի պրոդյուսերը Թաղի Ալիղոլիզադեհն է: Ֆիլմի հիմքում Արցախի իրական կյանքն է, ազատատենչ արցախցու ինքնուրույն կյանք վարելու իրավացի պահանջը: 20-րդ դարի մեծագույն ցեղասպանությունն ապրած ավելի քան 70 տարի ադրբեջանական ազգայնական քարոզչամեքենայի տակ գոյատևող և ապա իր իսկ կամքով ազատություն և անկախություն կերտած արցախցին անհողդողդ է, և այսօր ապրում ու արարում է:

«Ուելս-Հայաստան» ֆիլմը պատմում է այն մարդկանց մասին, որոնց շնորհիվ Ուելսում իրականացավ Հայոց ցեղասպանության ճանաչումը: Առանցքային է դառնալու Ուելսի Սուրբ Դավիթ եկեղեցու հայր Պատրիկ Թոմասի և Միացյալ Թագավորության հոգևոր հայր Վահան Հովհաննիսյանի կապը, որոնց շնորհիվ էլ նահանգում ընդունվել է ցեղասպանության ճանաչման փաստը:

Բացի վերոնշյալ ֆիլմերը, 2014-ի մայիսի սկզբին Գավառում սկսել են նկարահանել «Մետաղադրամն անապատում» լիամետրաժ պատմագեղարվեստական ֆիլմը, որի սցենարի հեղինակներն են ԱՄՆ քաղաքացի, բարեգործ, «Քրիստոնեությունը Հայաստանի խաչմերուկներում» գրքի հեղինակ Ռոբերտ Բեքման Բրինը և Արփի Աղոյանը:

Ֆիլմի հիմքում 1915-ի պատմական իրադարձություններն են, հայ ժողովրդի գաղթն ու ցեղասպանությունը: Նկարահանումները սկսվել են Երևանում և Գավառում, Սևանա լճի մերձակայքում, Կարմիր գյուղում, Դալարիկ, Տաթև գյուղերում, իսկ օգոստոսից կշարունակվեն ԱՄՆ-ում: Գլխավոր դերերում Մարտուն Ղևոնդյանն ու Բյուրեղիկ Մնեյանն են: Գլխավոր հերոսուհուն՝ Սառա Սենդերսին, մարմնավորում է Արփի Աղոյանը:

Հայոց ցեղասպանությանը նվիրված «Մետաղադրամն անապատում» ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2015-ի ապրիլի 24-ին, Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ըստ Ռոբերտ Բրինի` ֆիլմն ուսուցողական, տեղեկատվական միջոց է, որը մի փոքր քայլ կլինի դեպի Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Թեև ֆիլմի պրիմիերան կայանալու է Հայաստանում, այն նախատեսված է Հայաստանից դուրս գտնվող անգլախոս հանրության համար, որոնցից շատ քչերն են տեղեկացված Հայաստանի պատմական ողբերգական իրողության մասին»,- նշել է Բեքման Բրինը:

Armenia Music Awards-ի պրոդյուսեր և Armenia Production-ի տնօրեն Վալերի Սաhարյանն էլ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նախաձեռնել է Կոմիտասի մասին պատմող ֆիլմի նկարահանումները, որում վարդապետին կմարմնավորի Էդրիան Բրոուդին, իսկ Ալեն Դելոնը կլինի այն հիվանդանոցի տնօրենը, որտեղ նրան պահում էին կյանքի վերջին տարիներին: Ֆիլմի կոմպոզիտորը Տիգրան Մանսուրյանն է:

Եղեռնի մասին առաջին ֆիլմը` «Հոգիների աճուրդը», նկարահանվել է 1919-ին Հոլիվուդում: Թեմային է անդրադարձել նաև կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը՝ 2002-ին նկարահանելով իր «Արարատը»: Թեմային անդրադարձ կան նաև Էլիա Քազանի «Ամերիկա, Ամերիկա» ու Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմերում: 2007-ին Բեռլինի կինոփառատոնում Տավիանի եղբայրները ներկայացրեցին թեմային անդրադարձող ևս մեկ ֆիլմ` «Արտույտների ագարակը»:

Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմերը

1915՝ «Արյունոտ Արևելք», ռեժ.` Ա. Արկատով,
1915՝ «Քրդերի իշխանության տակ» (Թուրքական Հայաստանի ողբերգությունը). ռեժ.` Ա. Միներվին,
1919՝ «Հոգիների աճուրդը» (Ravished Armenia), ռեժ.` Օ. Ափվելը ,
1928՝ «Անդրանիկ», ռեժ.` Ա. Շահխաթունի,
1960՝ «Հյուսիսային ծիածան», ռեժ.` Ա. Հայ-Արտյան
1963՝ «Ամերիկա, Ամերիկա» (America America) ռեժ.` Է. Քազան
1969՝ «Սարոյան եղբայրներ», ռեժ.` Խ. Աբրահամյան, Ա. Հայրապետյան
1970՝ «Գարուն ա, Ձյուն ա արել», ռեժ.` Գ. Մելիք-Ավագյան
1970՝ «Կոմիտաս Վարդապետի կյանքն ու երգերը», ռեժ.` Զ. Էլմասյան
1972՝ «Կրակեցեք դաշնակահարի վրա», ռեժ.` Ֆ. Տրյուֆո
1974՝ «Պատը», ռեժ.` Յ. Գյունեյ
1975՝ «Կեսգիշերային ճեպընթաց», ռեժ.` Ա. Փարկեր
1977՝ «Նահապետ», ռեժ.` Հ. Մալյան
1977՝ «Երկունք», ռեժ.` Ֆ․ Դովլաթյան
1977՝ «Քարե հովիտ», ռեժ.` Ա. Մկրտչյան
1979՝ «Ձորի Միրո», ռեժ.` Ժ. Ավետիսյան
1981՝ «Գործուղում առողջարան». ռեժ.` Ա. Հայրապետյան
1981՝ «Մուսա լեռան 40 օրը», ռեժ.` Ջ. Քյուրքչյան,
1982՝ «Մուսա լեռան 40 օրը», ռեժ.` Ս. Մուրադյան,
1982՝ «Առաքելություն ի Բեռլին», ռեժ.` Հ. Թուխանյան,
1983՝ «Գիշերում առկայծող կրակ», ռեժ.` Ռ. Գևորգյանց, Գ. Կևորկով,
1985՝ «Ապրիլ», ռեժ.` Վ. Չալդրանյան,
1985՝ «Մի հայի օրագիր», ռեժիսորների խումբ
1986՝ «Զոհը», ռեժ.` Հ. Լինդեր
1988՝ «Հրաժեշտի հինգ նամակ», ռեժ.` Յու. Երզնկյան
1988՝ «Մուսա լեռ-88. Վիշապի տարի», ռեժ.` Ա. Վահունի
1988՝ «Երթ», ռեժ.` Է. Իսահակյան
1988՝ «Կոմիտաս», ռեժ.` Դ. Ասկարյան
1990՝ «Կարոտ», ռեժ.` Ֆ. Դովլաթյան
1991՝ «Մայրիկ», ռեժ.` Ա․ Վերնոյ,
2002՝ «Արարատ», ռեժ.` Ա. Էգոյան,
2007՝ «Արտույտների ագարակը» (La Masseria Delle Allodole), ռեժ.` Վիտտորիո և Պաոլո Տավիանի եղբայրներ,
2009՝ «Հոգիների աճուրդը» (Ravished Armenia) (1919-ին նկարահանված ֆիլմի վերականգնված ու վերամոնտաժված տարբերակը),
2010՝ «Շների կղզին», ռեժ.` Ս․ Ավեդիքյան,
2011՝ «Վանա ծովուն արշալույսը», ռեժ.` Ա․ Իգիթյան, Վ․ Ստեփանյան,
2014՝ «Սպին» (The Cut, ռեժ․՝ Ֆ․ Ակին։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---