Երևանի իրացման գոտիների բնակիչները վարչապետի մոտ էին. «Գլենդել Հիլզ»-ը չի հետևել խոստումներին

Երևանի իրացման գոտիների բնակիչները վարչապետի մոտ էին. «Գլենդել Հիլզ»-ը չի հետևել խոստումներին

PanARMENIAN.Net - Հինգշաբթի՝ Կառավարության հերթական նիստի օրը, շենքի դիմաց նորից մարդաշատ էր: Այս անգամ եկել էին իրենց խնդիրը բարձրաձայնելու ու վարչապետի հետ հանդիպում պահանջելու Երևանի տարբեր հատվածներում կառուցապատումների համար օտարված բնակտարածքների բնակիչները: Նրանք պետությունից և կառուցապատողներից իրենց քանդված կացարանների փոխարեն բնակարաններ էին պահանջում: Բուզանդի, Հանրապետության, Եկմալյան փողոցների նախկին բնակիչները փակել էին Տիգրան Մեծի փողոցն ու պահանջում էին՝ թող վարչապետն իջնի ու պատասխանի իրենց հարցերին:

Եկմալյան փողոցի բնակիչների ձեռքում «Եկմալյան փողոցի բնակարանների հարցը դեռ լուծված չէ» պաստառներ էին, գրում է Tert.am-ը:

Կառավարության շենքի մուտքը հսկող ոստիկանները բողոքի ակցիա իրականացնողներին դուրս են մղել մուտքի հատվածից ու փողոցից: Ավելի ուշ հավաքվածներին մոտեցել է գործադիրի նամակների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանն ու խոստացել, որ վարչապետը կընդունի նրանց:

Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ Կառավարությունը 2013-ի օգոստոսի 29-ին գերակա հանրային շահ էր ճանաչվել Գլխավոր պողոտայի, Աբովյան, Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքը: Ըստ քաղաքապետարանի, դա հնարավորություն կտա ավարտին հասցնելու քաղաքաշինական ծրագիրը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, հիմնականում վթարային բնակելի ֆոնդն ու Գլխավոր պողոտայի` Բուզանդի, Կողբացու և Արամի փողոցներով սահմանափակվող տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը:

Կառավարության նիստից հետո, ինչպես և խոստացվել էր, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ցուցարարներին: Գործադիրի ղեկավարն անհատական կարգով լսել է նրանց խնդիրները, իսկ իրացման գոտիները կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ղեկավար Վահե Յակուբյանը պարզաբանումներ է ներկայացրել բարձրացված հարցերի վերաբերյալ, հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է կառուցապատող ընկերության կողմից շինաշխատանքների և փաստաթղթային տարբեր հարցերի լուծման անհրաժեշտությունը՝ հստակ ժամանակացույցի համաձայն:

Կառավարության ղեկավարը վստահեցրել է բնակիչներին, որ նրանց խնդիրները իր ուշադրության կենտրոնում կլինեն:

Հանդիպմանը մասնակցել են նաև հրաժարականի դիմում ներկայացրած փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ու քաղշիննախարար Նարեկ Սարգսյանը:

Ըստ Panorama.am-ի, պայմանավորվել են, որ «Գլենդել Հիլզ»-ը հստակ ժամկետներում բավարարի բնակիչների պահանջները:

Այնուհետև վարչապետը հեռացել է ու հանդիպումը շարունակել է Արմեն Գևորգյանը:

Վերջինս նախատել է «Գլենդել Հիլզ» ընկերության ղեկավար Վահե Յակուբյանին՝ խոստումների հարցում հետևողական չլինելու մեջ:

«Դուք պայմանագրերը պետք է ձևակերպեիք մինչև սեպտեմբերի 20-ը, բայց ես այսօր իմացա, որ խնդիր կա: Պարզվում է՝ դուք իրավապահ մարմինների հետ խնդիր եք ունեցել, ու դրա մասին միայն հիմա եմ իմանում: Խնդրում եմ, ավելի լավ է՝ ժամկետները մի քանի ամսի շատ ասեք, բայց այդ ձեր նշած ժամկետում ավարտեք: Չէի ուզի այս մարդկանց համապատասխան բացասական վերաբերմունքի տակ մնաք»,- նշել է նա:

Բնակիչները դժգոհել են, որ հիմնականում շենքերի շինարարության վրա աշխատում են լավագույն դեպքում 8 մարդ, ինչի պարագայում, բնական է, որ շինարարությունը չափազանց դանդաղ է ընթանում:

Նրանցից մեկն էլ նշել է, թե ինքն այլևս իր բնակարանին սպասել չի ցանկանում, քանի որ արդեն 70 տարեկան է և վախենում է, որ այդպես էլ չի տեսնի այն: Նա պահանջել է իրեն տալ իր բնակարանի գումարը, բայց Վահե Յակուբյանն ասել է, թե այնքան կանխիկ գումար չունի։ Ըստ նրա՝ եղած բոլոր գումարներն ուղղվում են շինարարությանը:

Արմեն Գևորգյանը Յակուբյանին հորդորել է բոլոր շենքերի շինարարության հետ կապված ժամկետները երկուշաբթի հրապարակել և ամիսը մեկ հանդիպել բնակիչներին:

«Արդեն մի քանի հանդիպումից հետո պարզ կդառնա՝ այսօրվա հանդիպումն իմաստ ուներ, թե՝ ոչ: Դուք այս մարդկանց ճակատագրով պետք է զբաղվեք»,- եզրափակել է Գևորգյանը:

Վահե Յակուբյանն ընդունել է փոխվարչապետի առաջարկներն ու խոստացել անձամբ զբաղվել խնդիրներով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---