Ալիևը համաներել է «ապաշխարած» քաղբանտարկյալներին. Յունուսների դատը շարունակվում է

Ալիևը համաներել է «ապաշխարած» քաղբանտարկյալներին. Յունուսների դատը շարունակվում է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 17-ին ստորագրել է 84 մարդու համաներման մասին կարգադրություն: Համաձայն փաստաթղթի՝ 80 ազատ արձակվածի թվում կան նաև Թուրքիայի, Իրանի և Պակիստանի քաղաքացիներ, հաղորդում է Contact.az կայքը:

Եվս մեկ մարդ ազատ է արձակվել պայմանական պատժից, երկուսը՝ ուղղիչ աշխատանքներից և ևս մեկը՝ տուգանքից:

Համաներված անձանցից չորսն իրավապաշտպանների կողմից քաղբանտարկյալ համարված անձինք են՝ NIDA շարժման երիտասարդ ակտիվիստներ Բախթիյար Գուլիևը, Շահին Նովրուզլուն և Էլսևեր Մուրսալին:

Հունիս-հուլիս ամիսներին նրանք համաներում էին խնդրել և հայտարարություն տարածել NIDA-ի կազմից դուրս գալու և իշխանությունների քաղաքականությանն աջակցելու վերաբերյալ: Համաներվել է նաև Գյանջայում գործող ՀԿ-ներից մեկի ղեկավար Հասան Հուսեյնլին:

Օգոստոսի 8-ին իրավապաշտպաններ Ռասուլ Ջաֆարովն ու Լեյլա Յունուսը հրապարակել էին Ադրբեջանում քաղբանտարկյալների ցանկը` 98 մարդու անունով: Սակայն ցանկը կազմողները ևս շատ չանցած հայտնվեցին ճաղերի հետևում:

Միևնույն ժամանակ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգում է` Ադրբեջանում դատական լսում է անցկացվել՝ որոշելու՝ երկարաձգել հայտնի իրավապաշտպան ամուսիններ Լեյլա և Արիֆ Յունուսների ազատազրկումը, թե` ոչ:

HRW-ի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն` Ադրբեջանում կեղծ ու ակնհայտորեն նպատակաուղղված քայլեր են արվում իշխանությունների կողմից՝ նման ճնշումների միջոցով իրավապաշտպաններին լռեցնելու ուղղությամբ:

«Յունուսը, չնայած առողջական վատ վիճակին, անորոշ ազատազրկման պայմաններում է պահվում հուլիսից»,- ասվում է հաղորդագրության մեջ: Կազմակերպությունը գտնում է, որ Յունուսների դեմ մեղադրանքները քաղաքականացված են:

Human Rights Watch-ն Ադրբեջանի իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել նրանց և հանել մեղադրանքները, իսկ բռնություններ թույլ տված պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկել:

Ներկայում Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը շարունակում է մնալ 100-ին մոտ:

Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսը ձերբակալվել են լրտեսության մեղադրանքով: Նրանց ձերբակալությունն ամենաաղմկահարույցն էր ձերբակալությունների և դատական գործերի շարքում, որոնց արդյունքում ԶԼՆ_ներն ու ՈԼԼ-ներն Ադրբեջանում փաստացաի ջախջախվեցին:

2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: Մի շարք օրենքներում ուղղումներ կատարվեցին ՈԿԿ գործունեության վերաբերյալ: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար:

Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---