Ադրբեջանի գործելաոճը ԼՂ բանակցային գործընթացում. «Ոչ մի քայլ առաջ և մի քանի քայլ հետ»

Ադրբեջանի գործելաոճը ԼՂ բանակցային գործընթացում. «Ոչ մի քայլ առաջ և մի քանի քայլ հետ»

PanARMENIAN.Net - Բանակցային գործընթացում առաջընթաց չկա. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի կարծիքով`պատճառը պարզ է բոլորի համար. դա ո՛չ Ղարաբաղն է, ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ եռանախագահները.

«Պատճառն Ադրբեջանն է։ Եթե ոչ վաղ անցյալում Ադրբեջանի գործելաոճը բանակցային գործընթացում կարելի էր բնորոշել որպես «մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ», ապա այժմ այն կարծես թե արտահայտվում է «ոչ մի քայլ առաջ և մի քանի քայլ հետ» սկզբունքով», -Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից հետո, լրագրողների խնդրանքով պատասխանելով Փարիզում Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման վերաբերյալ հարցին, ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Նա նշել է, թե մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությունը։

«Փարիզում կայանալիք հանդիպումը երրորդ գագաթաժողովն է, որ նախաձեռնվել է համանախագահ երկրների կողմից վերջին երեք ամսվա ընթացքում։ Դա ցույց է տալիս եռանախագահ երկրների հաստատակամությունը` շարունակելու միասնական ակտիվ ջանքերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց ապահովելու նպատակով»,- նշել է նախարարը։

Թե ինչքանով հնարավոր կլինի կառուցողական դաշտ բերել ադրբեջանական կողմին, ըստ Նալբանդյանի, ցույց կտա ժամանակը.

«Հայաստանը մշտապես դրական է արտահայտվել եռանախագհ երկրների կողմից հանդիպումների, հատկապես ամենաբարձր մակարդակով հանդիպումների կազմակերպման վերաբերյալ, և, ինչպես միշտ, մենք կառուցողական տրամադրվածությամբ ենք գնում Փարիզի հանդիպմանը»,- նախարարի խոսքերը մեջբերում է Panorama.am-ը:

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն արդեն տվել են իրենց համաձայնությունը հոկտեմբերի 2-րդ կեսին, երթադրաբար` 27-ին, Փարիզում բանակցությունների անցկացման համար:Մինչ այդ`սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը:Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները: Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիումհանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

Մինչև այդ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով մոտակա օրերին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Փարիզում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին նոր լիցք հաղորդելու նպատակ ունի:

«Առանց մանրամասներ հաղորդելու, դիվանագիտական նպատակներից ելնելով նշեմ, որ Ֆրանսիայի նախագահը ցանկանում է նոր լիցք հաղորդել բանակցություններին բովանդակային իմաստով և գտնել հակամարտության կարգավորման լուծում»,- ասել է դեսպանը:

Դեսպանի խոսքով` երկրորդ նպատակն այն է, որ կողմերը կարողանան ստեղծել վստահության մթնոլորտ, որով պայմանավորված կլինի իրավիճակի փոփոխություն շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---