Ադրբեջանը տարիներ շարունակ խեղաթյուրում է իրականությունը. ԼՂՀ ԱԺ նախագահի պատվիրակությունը Երևանում է

Ադրբեջանը տարիներ շարունակ խեղաթյուրում է իրականությունը. ԼՂՀ ԱԺ նախագահի պատվիրակությունը Երևանում է

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ՀՀ ԱԺ և ԼՂՀ ԱԺ միջխորհրդարանական գործակցության հանձնաժողովի 10-րդ նիստի անցկացման կապակցությամբ:

Նախագահականից հայտնում են, որ ողջունելով հյուրերին, Սարգսյանը գոհունակությամբ է ընդգծել, որ վերջին տարիներին շատ սերտ գործակցություն է ձևավորվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պետական մարմինների միջև ու այդ առումով հատկապես ընդգծել է միջխորհրդարանական հարաբերությունները: Սերժ Սարգսյանը նշել է, որ խորհրդարանականների հետ նախորդ հանդիպումից հետո բավականաչափ ժամանակ է անցել, և այդ ընթացքում բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում և նրա շուրջ ու պատրաստակամություն է հայտնել քննարկելու բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են կամ կարող են հետաքրքրել ԼՂ հասարակությանն ու իշխանություններին:

Հանդիպման սկզբում Աշոտ Ղուլյանը նախ ներկայացրել է Երևանում այսօր սկսված միջխորհրդարանական նիստի օրակարգային հարցերը, որոնք ԼՂՀ ԱԺ նախագահի համոզմամբ, ընդգրկում են անցած նիստին հաջորդած ժամանակահատվածի հրատապ բոլոր թեմաները: Դրանք, ըստ նրա, ներառվել են օրակարգի երկու հարցերում՝ ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների մշտական հանձնաժողովների համատեղ նիստերի, քննարկումների և միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ընթացող քննարկումների ու ՀՀ պատվիրակությունների հաշվետվությունների մեջ:

ԼՂՀ խորհրդարանի նախագահը և պատվիրակության կազմում ընդգրկված պատգամավորները նիստի շրջանակներում քննարկումներն ու տեղեկատվության փոխանակումը համարել են երկուստեք օգտակար՝ գոհունակությամբ նշելով, որ երկու հանրապետությունների օրենսդիր մարմինների միջև փոխգործակցությանը նոր և արդյունավետ ձևաչափեր են ավելանում, որոնք ավելի են խորացնում միջխորհրդարանական կապերը:

Հանդիպման ավարտին զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ կայուն և ուժեղ Հայաստանը Արցախի անվտանգության ու խաղաղության գլխավոր երաշխավորն է: ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը վստահեցրել է, որ Արցախի խորհրդարանն այսուհետ ևս իր լիազորությունների շրջանակներում անելու է ամեն հնարավորը՝ Հայաստանի հետ կապերի առավել խորացման և հայ ժողովրդի անվտանգության ապահովմանն ու բարօրությանն ուղղված քաղաքական միասնական ուղեգծի իրագործման համար:

Փարիզյան հանդիպումը ՀՀ և ԱՀ նախագահների համար այս տարի արդեն երրորդն է: Մինչև այդ`սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները:

Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիում հանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

Ղուլյանն այսօր ավել ուշ ԱԺ-ում պատասխանել է նաև լրագրողներին հուզող հարցերին: Անդրադառնալով դիտարկմանը, թե 15 տարի շարունակ խոսվում է, որ Ղարաբաղը դուրս է մնացել բանակցային գործընթացից և որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան, ԼՂՀ ԱԺ նախագահն ասել է, թե Ադրբեջանին ձեռք չի տալիս, որ Արցախը բանակցային գործընթացի կողմ լինի, բացի բոլորն էլ հասկանում են, որ առանց Ղարաբաղի մասնակցության խնդիրը չի լուծվի: Ղուլյանը նաև հիշեցրել է, որ ի սկզբանե բանակցային երեք կողմ է եղել` երկու ճանաչված երկրներ և Ղարաբաղը, որի շահերը քննարկվում են:

Անդրադառնալով փոխզիջումների մասին խոսակցություններին` նա հայտարարել է, թե ոչ ոք չի կարող ասել՝ ինչ է նշանակում փոխզիջում:

«Բայց մենք պատրաստ ենք մեր բաժին ճանապարհն անցել: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով է պատրաստ Ադրբեջանը անցնել իր ճանապարհը»,- հավելել է պաշտոնյան, մեջբերում է Panorama.am-ը:

Իր հերթին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է, թե ամենակարևորն այն է, որ Հայաստանի քաղաքական դաշտը` և իշխանական, և ոչ իշխանական, Ղարաբաղի հարցում նույն դիրքորոշումն ունեն: Իսկ փոխզիջումների մասով հավելել է.

«Մենք ոչ թե մտածում ենք փոխզիջումներ անենք, որպեսզի խնդիրը լուծվի, այլ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը պետք է ընդունվի միջազգային տարբեր կառույցների կողմից»:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերում փաստին, որ տևական ժամանակ է «Ժառանգությունը» օրակարգ է բերում ԼՂՀ-ն ճանաչելու մասին նախագիծ, սակայն դա մերժվում է և արդյոք իրենք ուզում են, որ Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Ղուլյանը ատասխանել է.

«Ղարաբաղի պաշտոնական տեսակետը չի կարող ուրիշ լինել, քան մենք դա ասում ենք` Ղարաբաղը ձգտում է միջազգային ճանաչման: Այդ թիրախը ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի համար է կարևոր»,- հայտարարել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը` հավելելով, որ Ղարաբաղում ոչ մեկ չի կարող ասել, թե դեմ է, որպեսզի Հայաստանը ճանաչի ու առհասարակ` ճանաչմանը դեմ է:

«Կարևորն այն է, որ Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացը սկսված է»,- շեշտել է նա:

ԼՂՀ ԱԺ նախագահի խոսքով, իրենց մտահոգում է այն, որ Ադրբեջանը տարիներ շարունակ միջազգային հարթակներում խեղաթյուրում է իրականությունը:

Նրա խոսքով, դա ողբերգություն է Ադրբեջանի համար, որ շարունակ չի հաջողում` անգամ իր խավիարային դիվանագիտության միջոցով.

«Մենք պետք է ակտիվ գործակցենք այս ուղղությամբ: Ես կարծում եմ, որ Ղարաբաղի համար հիմնական միջոց շարունակում է մնալ պատմական արդարությունը և այն բոլոր պատմական ու քաղաքական փաստարկները, որոնք 90-ականներին ներկայացրել ենք Ղարաբաղի ինքնորոշման համար»:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---