Վարչապետ. 19 նախարարությունը ՀՀ համար շատ է, իսկ միավորված ԱԻՆ ու ՏԿՆ ապագայում ՆԳՆ կդառնան

Վարչապետ. 19 նախարարությունը ՀՀ համար շատ է, իսկ միավորված ԱԻՆ ու ՏԿՆ ապագայում ՆԳՆ կդառնան

PanARMENIAN.Net - Կառավարությունում կառուցվածքային փոփոխությունները՝ արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունների միավորումն ու միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ստեղծումը, առավել արդյունավետ կդարձնեն գործադիրի աշխատանքը: Այդ մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում նոյեմբերի 7-ին կայացած քննարկմանը վստահեցրել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Ներկայացնելով օրենսդրական նախաձեռնությունը, նա նշել է, որ դրանք այլ օրենքներում փոփոխություններ և բյուջետային նոր ծախսեր չեն առաջացնի:

Նախարարը նշել է նաև, որ մեր երկրի ինտեգրացիոն պրոցեսները ԵՏՄ-ին չեն ենթադրում, որ ՀՀ պետական կառավարման համակարգը կամ գործադիր կառուցվածքը պետք է համապատասխանեցվեն որևէ երկրինին, գրում է Panorama.am-ը:

«Մենք մտնում ենք որոշակի չափանիշներով, որոշակի պարտավորություններ ենք վերցնում մեզ վրա միջազգային պայմանագրերի ուժով և այդ պարտավորություները կատարում ենք այն մեխանիզմներով և գործադրի այն կառուցվածքով, որն օպտիմալ է մեր երկրում խնդիրները լուծելու համար»,- նշել է Մանուկյանը:

«Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանի հարցին, թե արդյոք մինչև հիմա նախարարությունները չէին զբաղվում ինտեգրացիոն հարցերով և ինչո՞ւ հենց այս պահին անհրաժեշտություն առաջացավ ստեղծել նման նախարարություն, Մանուկյանը պատասխանել է, որ այս նախարարությունը չի անվանվելու Եվրասիական տնտեսական միության գծով ինտեգրացիոն նախարարություն: Ըստ նրա, ՀՀ-ն ինտեգրացիոն այլ գործընթացներում էլ կարող է ներգրավված լինել, ինչպես նաև Եվրամիության հետ մեր նոր հարաբերությունների նոր ֆորմատները ևս լինելու են այս նախարարության խնդիրը:

Ինչպես նախօրեին նշել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, նորաստեղծ նախարարությունը հիմնականում զբաղվելու է Հայաստանի ԵՏՄ անդամակցության հարցերով, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործակցության նոր օրակարգի մշակմամբ, հատկապես՝ տնտեսական ոլորտում ԵՄ-ի հետ նոր որակի և տեսակի հարաբերությունների հաստատմամբ:

Հովհաննես Մանուկյանը նաև նշել է, որ ըստ Կառավարության, հատկապես`ԵՏՄ ինտեգրացիոն պրոցեսների շրջանակում, ինչն ահռելի ծավալի աշխատանք է, մեկ մասնագիտացված ոլորտային նախարարություն պետք է ունենանք:

Հովհաննես Մանուկյանը նաև առաջարկել է, որ հարցն ԱԺ մեծ օրակարգում քննարկվի 24-ժամյա ռեժիմով: Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու այն հիմնավորմամբ, որ 2008-ին, երբ ձևավորվում էր նոր կառավարություն, պարզվեց, որ դրան անհրաժեշտ են նոր պորտֆելներ և ստեղծվեց ԱԻՆ-ը, ԱԺ-ում ստեղծվեցին այլ հանձնաժողովներ, որոնք պետբյուջեից բավականին մեծ գումար են տանում: Ըստ նրա, նույն գործընթացը կրկնվում է, ու նման նախարարության անհրաժեշտություն չկա: Նա միակն էր, ով հանձնաժողովում դեմ է քվեարկել նախագիծն ԱԺ քառօրյայի օրակարգում ընդգրկելուն: Այսպիսով, ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրինագիծը նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելուն:

Այն կառաջարկվի քննարկել հատուկ կարգով. երկրորդ ընթերցումը կիրականացվի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, գրում է «Փաստինֆո»-ն:

Բացի այդ, ինչպես Ջերմուկում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարման համակարգն օպտիմալացնելու նպատակ ունեն: Նա նշել է, որ 19 նախարարությունը մեր երկրի համար շատ է ու պետք է վերամիավորել դրանք:

«Ապագայում տեսնում ենք, որ միավորված արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունները կդառնան ներքին գործերի նախարարություն, ինչպես բազմաթիվ եվրոպական երկրներում է»,- ասել է վարչապետը, գրում է Armenia Today-ը:

Ըստ Կառավարության ղեկավարի, դրա մեջ կմտնեն բազմաթիվ ծառայություններ, ինչը ճիշտ և արդյունավետ կլինի, ինչի մասին վկայում է նաև համաշխարհային փորձը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---