ԵԽ առջեւ ստանձնած Հայաստանի պարտավորությունների մեծ մասի կատարումը կարելի է «լավ» գնահատել

PanARMENIAN.Net - 2006 թվականին Հայաստանի Ազգային Ժողովը գարնանային նստաշրջանի ընթացքում ընդունել է 103 օրենք եւ վավերացրել է 36 միջազգային համաձայնագիր: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, խորհրդարանի աշխատանքի ընթացքում հիմնականում փոփոխություններ են կատարվել օրենսդրության մեջ, որոնք պահանջում էր ՀՀ Սահմանադրության նոր խմբագրությունը: «Օրենսդրության ներդաշնակեցումը Սահմանադրության հետ Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած պարտադիր պարտավորություններից մեկն է»,-նշել է Թորոսյանը: Խոսնակը հատուկ նշել է Սահմանադրական դատարանին վերաբերող փոփոխությունները: «Ըստ նոր խմբագրության ՍԴ կարող է դիմել երկրի ցանկացած քաղաքացի, այլ ոչ միայն նախագահը, ինչը համապատասխանում է միջազգային չափանիշներին»,-ասել է նա:



Ինչ վերաբերում է ԵԽ առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը, ապա Թորոսյանը նշել է, որ դրանց մեծ մասն արդեն կատարված է եւ կարող է գնահատվել «լավ»: Նա հիշեցրել է, որ Հայաստանի վերաբերյալ վերջին զեկույցը ներակայացվեց ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովում 2004 թվականի աշնանը: «2006 թվականի հոկտեմբերին ակնկալվում է, որ կներկայացվի առավել ընդգրկուն զեկույց Հայաստանի վերաբերյալ, որը մեզ համար շատ մեծ նշանակություն ունի, քանի որ այնտեղ խոսվելու է երկրի Սահմանադրության նոր խմբագրության մասին: Մեզ համար կարեւորը խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացումն է ժողովրդավարական եւ միջազգային չափանիշներին համաձայն»,-ասել է ՀՀ ԱԺ խոսնակը:
 Ուշագրավ
---