ԼՂՀ-ն բացառում է դիվերսանտների փոխանակումը խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերի հետ

ԼՂՀ-ն բացառում է դիվերսանտների փոխանակումը խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերի հետ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ բացառվում է ձերբակալված ու այժմ դատվող ադրբեջանցի դիվերսանտների փոխանակումը խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերի հետ: Դիվերսանտների կողմից սպավնած Սմբատ Ցականյանի հայրը՝ Մեխակ Ցականյանը ևս բացառել է նման հնարավորությունը: «Իրանք ոնց են անում՝ Սաֆարովին տանում են գեներալ տալիս, իսկ էն Շամշադինի Կարենին երկու օր չպահեցին՝ սպանեցին։ Ո՞րն ա ճիշտը, իսկ իրանց մենք պահում ենք. մի հատ էլ տուն սարքենք տանք իրենց՝ դա՞ են ուզում, ի՞նչ են ուզում, ես չեմ իմանում։ Այսքան խաղաղ պայմանում գան իմ երեխուն սպանեն»,- ասել է Մեխակ Ցականյանը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Վերջին օրերին ադրբեջանական կողմը շրջանառության մեջ է դրել խոցված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներին ձերբակալված ադրբեջանցիների հետ փոխանակելու հարցը։ Անդրադառնալով այս հարցին նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ այս հարցը վերաբերում է ԼՂՀ ղեկավարության իրավասությանը: «Ակնհայտ է, որ այդ դիվերսանտները հանցագործություն են կատարել և դրա համար պետք է պատասխան տան: Մեր կատարած դիվանագիտական աշխատանքները տվեցին իրենց արդյունքը, որ համանախագահները կոնկրետ հայտարարություններ արեցին՝ դիմելով Ադրբեջանին, որպեսզի վերցնենք մեր աճյունները»,-ասել է նախարարը: Նախարարը շեշտել է, որ Արցախում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից խոցված հայկական ուղղաթիռի զոհված անձնակազմի դիերն այդ տարածքից վերցնելու գործում Հայաստանի ջանքերն ուղղված են դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելուն։

Դիվերսանտների գործով կա երկու մեղադրյալ՝ Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, որոնց մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ Քրեական օրենսգրքով նախատեսված 316-րդ հոդվածով` լրտեսությունը, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առևանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից, Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով` սպանությունը`զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով և ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և14-րդ կետերով` կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ:

Մինչդեռ, ԼՂՀ ՊԲ-ն հայտնում է, որ վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ շեշտակիորեն աճել են հակառակորդի կողմից իրականացվող հրադադարի ռեժիմի խախտումները: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվում հատկապես նոյեմբերի 12-ին շփման գծի արևելյան հատվածում՝ ուղղաթիռի անկման վայրի ուղղությամբ: Միայն նոյեմբերի լույս 21-ի գիշերը նշված հատվածում ադրբեջանական բանակը տարբեր տրամաչափի հրաձգային զենքից հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 190 անգամ, որից 8-ի դեպքում՝ նռնականետից և խոշոր տրամաչափի այլ զինատեսակներից:

ՊԲ առաջապահ ուժերի կողմից ձեռնարկվել և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թույլ չտալու համար հակառակորդին մոտենալ ուղղաթիռի անկման վայրին:

Ներկա դրությամբ, ինչպես ուղղաթիռի անկման վայրը, այնպես էլ ամբողջ առաջնագիծը, հայ դիրքապահների մշտական վերահսկողության տակ է:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:Ըստ նախնական տվյալների, անձնակազմի 3 անդամներից մեկը կարող է դեռ ողջ լինել, սակայն, ադրբեջանական կողմը, գնդակոծելով ուղղաթիռի կործանման վայրը, թույլ չի տալիս մոտենալ բեկորներին: Անձնակազմի հրամանատարան էր մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու անդամներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարել է, որ ուղղաթիռն ընկել է չեզոք գոտում, ականապատ տարածքում՝ կոչ անելով կողմերին դադարեցնել վայրի գնդակոծությունը և նպաստել տարածքի ականազերծմանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---