Վալովայա. Աշխատելով ԵՏՄ երկրներում՝ ՀՀ քաղաքացիները խտրականության չեն ենթարկվի

Վալովայա. Աշխատելով ԵՏՄ երկրներում՝ ՀՀ քաղաքացիները խտրականության չեն ենթարկվի

PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքացիները ոչ մի խտրականության չեն ենթարկվի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում աշխատանքի անցնելիս, Երևանում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինետգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության կոլեգիայի անդամ Տատյանա ՎալովայանԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության քննարկումների շրջանակում:

«ԵՏՄ տարածքում լուծված են աշխատուժի ազատ տեղաշարժի հարցերը Միության անդամների համար, ինչը շատ կարևոր է անդամ երկրների քաղաքացիների համար, որոնք ազատվում են միգրացիոն քարտեր լրացնելուց, աշխատելու թույլտվություն ստանալուց, քվոտաներից, նրանց մնում է միայն իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնել»,-ասել է Վալովայան:

Նա նշել է նաև, որ նախատեսվում է դիպլոմների փոխադարձ ճանաչում, բուժ և սոցապահովագրություն, թեև դեռ շատ անելիք կա իրավանորմատիվային ոլորտում:

Ըստ բանախոսի, Հայաստանը պետք է ակտիվ մասնակցի այս նախագծին, քանի որ ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի միջև աշխատուժի տեղաշարժի հետ կապված բոլոր խնդիրները կարգավորվել են երկկողմ պայմանավորվածությունների շրջանակում կամ էլ առանձնապես չեն կարևորվել:

«ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ մենք մտադիր ենք խորացնել այդ թեման, որպեսզի մեր քաղաքացիները, որոնք աշխատում են այդ տարածքում, ոչ մի խտրականության չենթարկվեն՝ ոչ իրավաբանական, ոչ տնտեսական, ոչ սոցիալական, որպեսզի ոչ մի խնդիր չունենան»,-ասել է Վալովայան, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ին վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագիրը: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին:

Նոյեմբերի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Պայմանագիրն ընդգրկվել է Ազգային ժողովի նիստի օրակարգում:

Նոյեմբերի 21-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանը ներկայացրեց ԵՏՄ-ին ՀՀ միանալու մասին օրինագիծը: ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը նոյեմբերի 25-ին հայտարարեց, որ նախարարությունը նամակ է հղել Եվրահանձնաժողովին, առաջարկելով նոր երկխոսություն սկսել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Եվրամիության միջև էկոնոմիկայի և գործարար գործակցության վերաբերյալ:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով: Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվեց:

Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ին՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում վավերացվելուց հետո:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---