Սպառողական շուկայում դեկտեմբերին արձանագրվել է 3,0% գնաճ. Պարենային ապրանքների գներն աճել են 5,6%-ով

Սպառողական շուկայում դեկտեմբերին արձանագրվել է 3,0% գնաճ. Պարենային ապրանքների գներն աճել են 5,6%-ով

PanARMENIAN.Net - 2014-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 3,0% գնաճ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալների համաձայն՝ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 5,1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,2%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0,7% հավելաճ:

2014-ի դեկտեմբերին սպառողական գների ինդեքսը 4,6%-ով ավելի է 2013-ի դեկտեմբերի համեմատ, պարենային ապրանքներինը (6,3%, ոչ պարենային ապրանքներինը՝ 101,6%-ով, ծառայությունների սակագներինը՝ 3,0%-ով:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 2,7-4,0%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Գյումրի և Աշտարակ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2,7%-ով:

2014-ի հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0,4%, ինչը 0,1 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից ՝0,5%:

2014-ի հունվար-դեկտեմբերին 2013-ի հունվար-դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103,0%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 102,2%, ոչ պարենային ապրանքներինը` 101,7%, ծառայությունների սակագներինը` 105,1%:

2014-ի դեկտեմբերին 2010-ի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 124,2%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 128,6%, ոչ պարենային ապրանքներինը՝ 116,8%, ծառայությունների սակագներինը՝ 120,4%:

2014-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 5,6% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է կաթնամթերքի՝ 5,8%, սուրճի, թեյի, կակաոյի՝ 6,1%, մրգի՝ 8,3%, շաքարավազի՝ 9,6%, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 18,2% գնաճով:

Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբից, որոնցում ներառված են 140 անվանում պարենային ապրանք, 12-ում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 0,3-18,2% գնաճ, իսկ ձկնամթերքի ապրանքախմբում՝ 0,3% գնանկում:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2014-ի դեկտեմբերին 2013-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 7,9%, իսկ 2014-ի նոյեմբերի համեմատ` 18,2% գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է կանաչ սոխի՝ 20,3%, լոլիկի` 27,8%, խառը կանաչեղենի՝ 41,2%, վարունգի՝ 56,2%, կանաչ պղպեղի` 2,2 անգամ, սմբուկի 2,5 անգամ գնաճով:

Այս տարի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ կաղամբի գինն աճել է 1,2%-ով, ճակնդեղինը՝ 2,1%-ով, սնկինը՝ 2,9%-ով, գազարինը` 6,3%-ով, գլուխ սոխինը՝ 17,0%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է կարտոֆիլի` 7,6%, ծաղկակաղամբի՝ 6,2%, բողկի՝ 4,7%, սխտորի 1,7% գնանկում:

Շաքարավազի գինը դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել է 9,6%-ով, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ 6,9%-ով:Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է շաքարավազի 4,6-15,4% գնաճ: Մայրաքաղաքում շաքարավազի գինն աճել է 10,3%-ով:

Մրգի ապրանքախմբում նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ընթացիկ ամսում գրանցվել է 14,6% գնաճ, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 8,3% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է ընկույզի միջուկի՝ 8,4%, նռան՝ 9,3%, չորացրած մրգի՝ 11,4%, խնձորի՝ 14,5%, տանձի` 16,4%, արքայանարնջի 36,7% գնաճով: 2014-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ադամաթզի՝ 5,5%, խաղողի՝ 5,7%, չամչի 7,0% գնաճ: Նվազել է կիտրոնի գինը 7,2%-ով, մանդարինինը՝ 6,2%-ով, նարնջինը՝ 5,3%-ով:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գրանցվել է մրգի`0,9-13,5% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Էջմիածնում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 8,0%-ով:

2014-ի դեկտեմբերին 2013-ի դեկտեմբերի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 13,1%, իսկ 2014-ի նոյեմբերի համեմատ՝ 5,8% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է մայոնեզի՝ 6,4%, մածունի 12,1%, թթվասերի՝ 14,5%, կաթնաշոռի՝ 15,5%, յոգուրտի՝ 27,0% գնաճով: 2014-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է թարմ կաթի՝ 1,6%, խտացրած կաթի՝ 3,4%, «Լոռի», «Չանախ» և «Չեդեր» պանրատեսակների՝ համապատասխանաբար 0,9%, 1,3 և 5,1% գնաճ:

Հացամթերքի ապրանքախմբում 2014թ, դեկտեմբերին 2013թ, դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 5,9%, իսկ 2014թ, նոյեմբերի համեմատ`4,3% գնաճ՝ պայմանավորված բարձր և առաջին տեսակի ալյուրի՝ համապատասխանաբար 4,0 և 4,9%, հաճարի՝ 4,3%, բրնձի՝ 6,2%, բլղուրի՝ 6,4%, ոլոռի՝ 9,4%, ոսպի՝ 11,6%, հնդկացորենի 24,8% գնաճով:

Ձվի հանրապետական միջին գինը 2014-ի դեկտեմբերին 2013-ի դեկտեմբերի համեմատ աճել է 2,1%-ով, իսկ 2014-ի նոյեմբերի համեմատ՝ 4,0%-ով: Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2014-ի դեկտեմբերին 2013-ի դեկտեմբերի համեմատ գրանցվել է 1,9%, իսկ 2014-ի նոյեմբերի համեմատ ՝ 3,6%, գնաճ: 2014-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կարագի՝ 2,1%, մարգարինի՝ 5,3%, արևածաղկի բուսական յուղի՝ 5,9 %, այլ յուղերի (հալած յուղ) 6,7% գնաճ:

2014-ի դեկտեմբերին 2013-ի դեկտեմբերի համեմատ մսամթերքի գներն աճել են 3,3%-ով, իսկ 2014-ի նոյեմբերի համեմատ՝ 2,3%-ով: 2014-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչխարի և խոզի մսերի՝ համապատասխանաբար 0,8% և 1,8%, տավարի ֆիլեի՝ 1,7%, խոզապուխտի՝ 2,3%, այլ մսեղենի (խաշի պարագաներ)`3,3%, տավարի մսի պահածոյի՝ 3,5%, բարձր տեսակի ապխտած, կիսաապխտած և եփած երշիկների՝ համապատասխանաբար 3,5%, 3,6%, 3,7%, նրբերշիկի՝ 4,2%, բաստուրմայի՝ 4,5%, հավի բդի 9,7% գնաճ: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է տավարի մսի 0,3% գնանկում:

2014-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչ ոգելից խմիչքի՝ 0,3%, ոգելից խմիչքի և ծխախոտի՝ 0,3%, այլ մթերքի՝ 1,0%, հրուշակեղենի 1,2% գնաճ:

2014-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի (դեկտեմբերի 1-29-ի դրությամբ) համապատասխանաբար 3,0% և 10,0% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է):

2014-ի դեկտեմբերին 2013-ի դեկտեմբերի համեմատ սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 4,6% և 14,1%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 5,6% հավելաճ և հաշվարկային փոխարժեքի 0,1% նվազում: 2014-ի դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 462,5 դրամ, ինչը 14,1%-ով գերազանցել է 2013-ի դեկտեմբերի համապատասխան ցուցանիշը (405,3 դրամ):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---