ՊԲ պատասխանն ադրբեջանական դիվերսիաներին. Հակառակորդն առնվազն 3 զինծառայող է կորցրել

ՊԲ պատասխանն ադրբեջանական դիվերսիաներին. Հակառակորդն առնվազն 3 զինծառայող է կորցրել

PanARMENIAN.Net - Հունվարի 5-ին և 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 320 անգամ, որի ընթացքում տարբեր տրամանաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում` 60 և 82մմ-ոց ականանետերից և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 5000 կրակոց:

Ըստ ՊԲ մամուլի ծառայության, հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որի արդյունքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի առնվազն 3 զինծառայող: Ըստ հավաստի աղբյուրների, սպանվածներից մեկն ադրբեջանական բանակի 703-րդ բրիգադի ենթասպա Էլդար Մամեդովն է, իսկ մյուսների տվյալները ճշտվում են:

Հունվարի լույս 3-ի գիշերըՊԲ սահմանային դիրքերի հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական 2 գործողություն: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել էին զինծառայողներ Կարեն Գրիգորյանը և Վարդան Մկրտչյանը, վիրավորվել զինծառայող Վոլոդյա Հարությունյանը:

Վոլոդյա Հարությունյանը հունվարի 4-ին տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է ծանր հարաբերական կայուն, ասել է հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը, գրում է «Փաստինֆո»-ն: Վոլոդյա Հարությունյանին Ստեփանակերտում գտնվելու ընթացքում վիրահատվել են` թոքն ու երիկամը, իսկ կենտրոնական կլինիկական զինհոսպիտալում նա ողնաշարի ֆիքսացիայի վիրահատության կենթարկվի:

Բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդը կորուստներ կրելով, հետ էր շպրտվել ելման դիրքերը: Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ հակառակորդի ոչ մի հարձակում անպատասխան չի մնա:

Այժմ հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը և անհրաժեշտության դեպքում իրականացնում զսպիչ գործողություններ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---