Moody's-ը Հայաստանի համար կանխատեսումը «կայունից» փոխել է «բացասականի»

Moody's-ը Հայաստանի համար կանխատեսումը «կայունից» փոխել է «բացասականի»

PanARMENIAN.Net - Moody's Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի վարկանիշային շեմը Ba2-ից նվազեցրել է մինչև Ba3, ինչպես նաև «կայուն» կանխատեսումը փոխարինել է «բացասականով», հայտնում է գործակալության պաշտոնական կայքում։

Moody's Investors Service-ը միջազգային վարկանիշային գործակալություն է, որը զբաղվում է վարկային վարկանիշերի հաշվարկով, հետազոտություններով ու ռիսկերի վերլուծությամբ: Գործակալությունում աշխատում է մոտ 4500 փորձագետ աշխարհի 26 երկրներից:

Որպես վարկանիշների նվազման կարևոր գործոններ նշված են Հայաստանի արտաքին խոցելիության աճը ՌԴ-ից դրամական փոխանցումների կրճատման պատճառով, ուղղակի արտասահմանյան ներդրումների անորոշ հեռանկարները, փոխանակման փոխարժեքի տատանողականության նկատմամբ բարձր զգայունությունը և արժութային պահուստների վրա ակնկալվող ճնշումները։

Նվազմանը նպաստող գործոններրի թվում Moody's Investors Service-ը նշում է նաև Հայաստանի աճի հեռանկարների փոփոխությունը, որոնք դանդաղում են Ռուսաստանից բացասական ազդեցությունների, ներդրումային թույլ ակտիվության և ԵՏՄ-ից դուրս երկրների հետ առևտրի սահմանափակումների պատճառով, ինչը պայմանավորված է այդ կազմակերպությանը Հայաստանի անդամակցությամբ։

Moody's Investors Service-ն արդեն մի քանի անգամ անդրադարձել է ՀՀ տնտեսության խնդիրներին: Մասնավորապես 2014-ի սեպտեմբերին գործակալությունը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է զգալ Ռուսաստանում պատժամիջոցների պատճառով արձանագրված անկման բացասական հետևանքները: «Հիմք ընդունելով առաջին կիսամյակում նետտո-արտահանման և մասնավոր դրամական փոխանցումների սպասվածից ավելի զգալի կրճատումը, ՀՆԱ աճի կանխատեսումը 3,2 տոկոսից նվազեցվել է մինչև 2,1 տոկոս 2014-ին և 3,6 տոկոսից մինչև 2,3 տոկոս 2015-ին:

«Այնուամենայնիվ, կառավարության խելամիտ ֆինանսական քաղաքականությունը և մակրոտնտեսական կայունությունը հիմնավորում է «կայուն» կանխատեսմամբ BA2 վարկանիշն»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: 2014-ի դեկտեմբերին Եվրասիական զարգացման բանկն (ԵԶԲ) իր հերթին նվազեցրեց ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը տարեվերջի համար 4 տոկոսից մինչև 3,3 տոկոս: Այդ մասին ասվում է «ԱՊՀ մակրոմոնիտորինգ»-ի դեկտեմբերյան զեկույցում, որը հրապարակել է ԵԶԲ վերլուծական վարչությունը:

Ըստ ԵԶԲ վերլուծության, մինչև տարեվերջ նվազող ներքին պահանջարկի (այդ թվում դրամի արժեզրկման) բացասական ազդեցության, ինչպես նաև արտաքին պահանջարկի, մասնավորապես ՌԴ-ում տնտեսության աճի դանդաղեցման և Եվրոպայում թույլ աճի պայմաններում, Հայաստանի ՀՆԱ աճը սահմանափակ կլինի: Փաստաթղթում ասվում է, որ 2014-ի հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կրկին նվազեց, աճը տարեկան կտրվածքով կազմեց 3,7 տոկոս և 4,2 տոկոս 9 ամսում, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Moody 's-ը նվազեցրել է նաև տեղական արժույթով պարտատոմսերի և բանկային դեպոզիտների վարկանիշների շեմերը Baa3–ից մինչև Ba1, արտարժույթով պարտատոմսերի վարկանիշի շեմը` Ba1–ից Ba2, ինչպես նաև արտարժութային բանկային դեպոզիտների վարկանիշի շեմը` Ba3–ից մինչև B1: Ընդ որում Հայաստանի արժութային կարճաժամկետ պարտատոմսերի և դեպոզիտների վարկանիշների շեմերը մնացել են անփոփոխ` Not-Prime (NP)։

2014-ի օգոստոսի սկզբին Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել էր Հայաստանի` արտարժույթով և ազգային արժույթով էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները «BB-» «կայուն» կանխատեսումով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---