Գյումրիի սպանությունը. Գլխավոր դատախազ-պատգամավորներ լսումները

Գյումրիի սպանությունը. Գլխավոր դատախազ-պատգամավորներ լսումները

PanARMENIAN.Net - «Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով խորհրդարանական լսումների մեկնարկին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը խնդրել է խոսել իրավական ընթացակարգով և զգացմունքայնությանը չտրվել:

«Բոլորիս նպատակը նույն է, բայց մենք իրավական ընթացակարգով պետք է հարցը կարգավորենք, կարող եք քաղաքական տարբեր հարցեր բարձրացնել, բայց առաջարկում եմ առաջին հարթություն չբերել զգայականը։ Պատրաստ եմ ցանկացած հարցի պատասխանել, ինչքան էլ ժամանակ պահանջվի, բայց կխնդրեմ, որ այնպիսի հարցադրումներ անեք, որոնք իրոք կարևոր են իրավական ընթացակարգերի համար, որ հասարակությունն իմանա»,- ասել է նա:

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Կոստանյանին խնդրել է ներկայացնել փաստեր, թե որ ժամին են զորամասում հայտնաբերել, որ զինծառայող Վալերի Պերմյակովը լքել է զորամասը: Նա նաև հետաքրքրվել է, թե պարզվել է արդյոք՝ մեղադրյալն ինչ-որ կապ ունեցե՞լ է Ավետիսյանների ընտանիքի հետ:

«Բոլոր հանգամանքները, որ վերաբերում են հանցագործության ժամին, տեղին, հայտնաբերմանը, դեռևս քննարկվում են, այդ բոլոր հարցերի պատասխանները մենք ունենք քրեական գործում, և այն հանգամանքը, թե ով առաջինը նկատեց զորամասը լքելու փաստը, ով հայտնեց ՀՀ իրավապահ մարմիններին ու ինչ ընթացակարգով ընթացավ, ևս կանոնակարգված է մեր պայմանագրով»,- պատասխանել է դատախազը, մեջբերում է Tert.am-ը:

Նա նշել է, որ բոլոր հարցերի պատասխանը կարող է տալ, սակայն չի կարծում, որ դա նպատակահարմար է. «Դրանք քննության փուլում են և ստուգման ու դեռևս վերստուգման կարիք ունեն»:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերել էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ավելի ուշ հայ-թուրքական սահմանը հատելու ժամանակ հայտնաբերված կասկածյալ՝ 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող, Վալերի Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել, ապա նա ընդունել էր իր կատարած հանցանքը։

Ընտանիքի մյուս երեխան՝ 2014-ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվել էր: Հունվարի 19-ին երեխան մահացել է:

«Տուժողի ընտանիքի հետ որևէ կապվածության կամ միջնորդավորված կապի վերաբերյալ. մենք քննարկման առարկա պետք է դարձնենք ու դարձնում ենք բոլոր տարբերակները, որովհետև գործի ընթացքում ընդունվում են մի շարք վարկածներ, թե՛ նախկին կապը, թե՛ Գյումրում նրանց հնարավոր առնչությունը, այդ ամենը ստուգման փուլում է։ Ինչ ասեմ՝ չի կարող որպես վերջնական փաստարկ հնչել»,- բացատրել է Կոստանյանը:

Պատգամավորը նաև հետաքրքրվել է` արդյոք Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին: ՀՀ գլխավոր դատախազն ասել է, որ ՌԴ իրավապահ մարմիններին մի շարք միջնորդություններ են ներկայացրել:

«Խոստացել եմ, որ պետք է դիմեմ, դա իմ պարտականությունն է. պարտավոր եմ դիմել գլխավոր դատախազին նման պահանջով և անելու եմ դա, բայց դիմումներն ինքնանպատակ չեն, արվում են համապատասխան փուլում: Երբ ունենամ անհրաժեշտ բոլոր հիմքերը, դիմելու եմ»,- նշել է Կոստանյանը:

ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանն էլ հետաքրքրվել է՝ արդյոք Պերմյակովը ՀՀ իրավազորության տակ է, թե՝ ոչ: Նա նշել է, որ սահմանախախտը նախևառաջ պետք է ՀՀ Ազգային անվտանգությանը հանձնվեր:

Կոստանյանը նշել է, որ իրավական տեսակետից ռազմաբազայում գործում է ՌԴ իրավազորությունը, և դա բխում է երկկողմ պայմանագրից: Ըստ Կոստանյանի՝ տվյալ զորամասի տարածքը ՀՀ իրավազորության տակ չէ՝ ըստ 1997-ի պայմանագրի: Ինչ վերաբերում է հանցագործի հանձնման հարցին, Կոստանյանը նշել է, որ որևէ հակասության մասին խոսք լինել չի կարող:

Ըստ դատախազի՝ իրավական տեսակետից արտահանձնումը կարգավորվում է բազմակողմ պայմանագրով: Բոլոր հարցերը, այդ թվում՝ արտահանձնումը, քննարկման ենթակա են, սակայն այս փուլում այդ հարցը դեռ չի քննարկվում, մեջբերում է Panorama.am-ը:

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն իր հերթին հայտարարել է, որ լսումներին նախ պետք է ներկա լիներ ԱԱԾ պետը՝ նշելով, որ դա բոլոր պատգամավորների պահանջն է:Խորհրդարանականն ասել է, որ կան միջպետական պայմանագրեր, որոնք հիշյալ անձանց իրավասության ներքո են:

«Ես էլ այստեղ կարող եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին, որովհետեւ երբևէ չի եղել նախադեպ, որ սահմանախախտին հանձնեն այլ պետությանը»,- պատգամավորի խոսքերը մեջբերում է Հանրային ռադիոն:

Խորհրդարանականը հայտարարել է նաև, որ լսումներին անհրաժեշտ էր հրավիրել նաև արտգործնախարարին: Արզումանյանի համոզմամբ՝ գլխավոր դատախազը միայն գործի ընթացքի մասով է պատասխանատու:

«Կարևոր չէ, թե իմ փոխարեն այստեղ ով կլիներ նստած, մենք բոլորս՝ իրավապահ մարմիները, քաղաքական մարմինները, բոլորիս հարցն է: Ամեն մեկն իր լիազորություններն է իրականացնում: Քաղաքականացնելու առիթ չունենք, հետևանքը կարող է քաղաքական լինել, բայց ընթացակարգն իրավական է»,- նշել է գլխավոր դատախազը:

Կոստանյանը նաև ընդգծել է, թե չի հրապարակելու և չի կարող հրապարակել գործի քննության մանրամասները՝ հավելելով. «այդպիսի բան չակնկալեք»:

Լսումների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշել է, որ այս պահին Պերմյակովի՝ ՀՀ սահմանը հատելու վերաբերյալ քրեական գործ հարուցված չէ: Ըստ նրա՝ պարզ չէ, թե ինչպես է հանցագործը հայտնվել ռուսական ռազմաբազայում: Փոստանջյանի խոսքով՝ պահանջ է ներկայացնում դատախազին քրեական գործ հարուցել այդ մասով:

Կոստանյանը նկատել է, որ անհրաժեշտ է ճշտել՝ արդյոք մեղադրայլն օրինական է հայտնվել ռուս սահմանապահների ձեռքում: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ հենց դա էլ բավարար հիմք կլինի, որպեսզի ինքը դիմի ՌԴ գլխավոր դատախազին:

Իր հերթին ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը գլխավոր դատախազին խնդրել է կարծիք հայտնել՝ կարող էր արդյոք հանցագործը մենակ է գործել: Կոստանյանը նշել է, որ չի կարող գործի քննության ընթացքում այդ հարցին մասով կարծիք հայտնել:

«Մենք դա չենք հրապարակի, ոչ այս փուլում»,- ասել է գլխավոր դատախազը՝ հավելելով, որ ամեն բան էլ հնարավոր է, եթե դա պարզվի և ապացուցվի:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե որ կողմն է վարելու գործի վարույթը, ինչին գլխավոր դատախազը պատասխանել է՝ երբ գործը հասնի այդ փուլին, 1997-ի պայմանագրով սահմանված կարգով կպայմանավորվեն այդ հարցի շուրջ:

Անդրադառնալով պատգամավորի հարցին՝ արդյոք միջազգային պայմանագրերով ռուս սահմանապահները պարտավոր էին սահմանը հատելու փորձ կատարած անձին հանձնել Հայաստանի իրավապահ մարմիններին, Կոստանյանը պատասխանել է. «Սահմանախախտին պետք է հանձնել Հայաստանի Հանրապետությանը, իհարկե։ Ով չի հանձնել, հանձնել է, թե չի հանձնել, պարտավոր էր, թե չէ... այդ ամենը քրեական գործում է, քննարկվելու են նաև պատասխանատվության ենթակա լինելու հանգամանքները»։

Կոստանյանը նաև նշել է, որ ռուս սահմանապահները պարտավոր էին նաև Վալերի Պերմյակովի կողմից պետական սահմանը հատելու փորձի և նրան բերման ենթարկելու մասին տեղյակ պահել Հայաստանի իշխանություններին, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Պատասխանելով Փաշինյանի հարցին՝ հայտնե՞լ են, թե՝ ոչ, Կոստանյանն ասել է.- «Այդ ամբողջը քրեական գործի նյութ է։ Այդ ամբողջ ինֆորմացիան քրեական գործում է, սա է խնդիրը։ Վստահ եմ, որ դուք այդ հարցերի պատասխանները կունենաք, բայց դա դեռևս քրեական գործում է՝ հայտնել էր, թե չէր հայտնել։ Դա նյութ է, ֆորմալ դատավարական ընթացակարգ, քրեադատավարական փաստաթուղթ, որ հիմա գործում է»։

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (այն է՝ երկու և ավելի անձանց սպանությունը): Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, նախաքննության ընթացքում հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ՀՀ քննչական կոմիտեում ձևավորված քննչական խումբը քննչական անհետաձգելի գործողություններ է կատարել՝ դեպքի վայրի զննություն, երեք տասնյակից ավելի վկաների հարցաքննություն, նշանակվել են ավելի քան մեկ տասնյակ փորձաքննություններ:

Ձեռնարկվել են քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ:Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել: Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Միաժամանակ, արձագանքելով վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներում հայտնված որոշ հրապարակումներին՝ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ սպանության գործով նախաքննությունն ամբողջ ծավալով իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն, դրա շրջանակներում քննչական և դատավարական գործողությունները կատարվում են ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների հիման վրա:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---