33  29.01.15 - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետհանձնաժողովի 5-րդ նիստը
8  29.01.15 - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ թողարկված դրոշմանիշների մարման արարողություն

Նախագահը` Համահայկական հռչակագրի, Փերինչեքի դատի ու Էրդողանի անպարկեշտ հրավերի մասին

Նախագահը` Համահայկական հռչակագրի, Փերինչեքի դատի ու Էրդողանի անպարկեշտ հրավերի մասին

PanARMENIAN.Net - Կառավարության ընդունելությունների տանը հունվարի 29-ին սկսվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը, որը վարում է հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստը հրավիրված է ընդլայնված կազմով. պետական հանձնաժողովի անդամներից բացի, ներկա են տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ հրավերն ընդունելու և պետական հանձնաժողովի նիստին անձամբ ներկա գտնվելու համար՝ չափազանց կարևորելով այսպիսի ձևաչափով նիստի անցկացումը, որը, նրա խոսքով, թույլ է տալիս միասին արդյունավետորեն քննարկել համազգային նշանակության խնդիրներն ու միասնական որոշումների հանգել:

Սերժ Սարգսյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ այս օրերին կայացել են տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչների հանդիպումները միջոցառումների գլխավոր համակարգողի և պետական հանձնաժողովի այլ անդամների հետ, որոնց ընթացքում քննարկվել են աշխարհի տարբեր երկրներում ընթացող նախապատրաստական աշխատանքները: Նրանք շարունակելու են իրենց աշխատանքը նաև վաղը` քննարկելու ապրիլի 22-24-ի ծրագրերի համադրումն ու անելիքները:

Հանրապետության նախագահն իր խոսքում անդրադարձել է մինչև այժմ պետական հանձնաժողովի կատարած աշխատանքներին և առաջիկա ծրագրերին, նիստի օրակարգի շրջանակներում քննարկման ներկայացվելիք կարևորագույն հարցերին: Հանձնաժողովի անդամներն ըստ այդմ կքննարկեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի քաղաքական համատեքստը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման հարցը, ոգեկոչման միջոցառումների, Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման իրավական պահանջների թղթածրարի մշակման աշխատանքների մասին հարցերը: Նիստի ընթացքում տեղի կունենա նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցի կայքէջի շնորհանդեսը:

Իր խոսքում նախագահը նշել է, որ այս օրերին մենք տրամաբանական ավարտին ենք հասցնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքները և մեկնարկ տալիս դրանց իրականացմանը:

«Այսօրվա նիստում նախատեսում ենք ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը: Անշուշտ, սա կարևորագույն մի փաստաթուղթ է, որը բացառիկ է թե՛ իր ձևով, թե՛ բովանդակությամբ: Առաջին անգամ մենք ընդունում ենք համազգային նշանակության մի փաստաթուղթ ոչ թե պետական որևէ կառույցի միջոցով, ոչ թե մեր ազգի ներկայացուցիչների առանձնացված հատվածներով, այլ ամբողջ հայ ժողովուրդը ներկայացնող բոլոր հիմնական կառույցների ներգրավմամբ:

Հռչակագրի վրա աշխատել և իրենց հավանությունն են տվել թե՛ Հայաստանի Հանրապետության պետական բոլոր մարմինները, թե՛ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր բոլոր նվիրապետական աթոռներով, թե՛ սփյուռքի խոշորագույն հոգևոր, բարեգործական, կուսակցական, մշակութային և այլ կառույցները:

Մեզ շատ էին մեղադրում այն բանում, թե ինքներս էլ չգիտենք՝ ինչ ենք պահանջում աշխարհից և Թուրքիայից Հայոց ցեղասպանության հարցում: Արդյո՞ք ակնկալում ենք քաղաքական ճանաչումներ տարբեր պետությունների կողմից: Ի՞նչ սպասելիքներ ունենք Թուրքիայից: Ի՞նչ է մեր ուզածը և մեր պայքարի հիմքը: Ո՞ւր ենք քայլում, և ո՞րն է մեր պատգամը ապագա սերունդներին»,- նշել է նախագահը:

«Կարծում եմ, որ արդյունքում ստացվել է կուռ և համապարփակ մի տեքստ, որը կդառնա և՛ 100-րդ տարելիցի միջոցառումների գաղափարական հենքը, և՛ մեր հետագա գործողությունների ուղեցույցը:

Հանձնաժողովում հաստատվելուց հետո Հռչակագիրը կհրապարակվի 7 լեզվով, նաև արևմտահայերեն: Այդպես այն հասու կլինի բոլոր հետաքրքրվողների համար: Խնդրում եմ հանձնաժողովի և տարածաշրջանային հանձնախմբերի բոլոր անդամներին, մեր դիվանագետներին, լրագրողներին, մանկավարժներին, 100-րդ տարելիցին անդրադարձ կատարող մեր բոլոր հայրենակիցներին՝ առաջնորդվել հենց այս տեքստով և դրանում պարունակվող դրույթներով` մեր ձայնն ավելի լսելի դարձնելու և մոտեցումների միասնականությունն ապահովելու նպատակով:

Այսօրվա մեր նիստը կնշանավորվի նաև Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրության նախապատրաստման աշխատանքներին մեր անդրադարձով: Ինչպես հիշում եք, անցյալ նիստի ժամանակ մենք ստեղծեցինք մի հանձնախումբ, որն աշխատում է այդ ուղղությամբ: Այսօր մենք կայցելենք թանգարան և ինքներս կտեսնենք աշխատանքների ընթացքը: Ավարտվել են շինարարական աշխատանքներն ինչպես բուն թանգարանում, այնպես էլ ամբողջ հուշահամալիրում:

Մեր միջոցառումների գլխավոր նպատակը միջազգային հանրության լայն զանգվածներին իրազեկ պահելն է, մեր պահանջատիրությունը լսելի դարձնելն է միջազգային քաղաքացիական հասարակությանը, պատմաբաններին և ցեղասպանագետներին, իրավաբաններին և քաղաքական գործիչներին, պետություններին:

Այսօր մենք ներկա ենք լինելու նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի պաշտոնական կայքէջի մեկնարկին:

Կայքէջում, բացի մեր ընթացիկ միջոցառումների և ծրագրերի մասին տեղեկատվությունը, տեղադրվելու է նաև 100-րդ տարելիցի վերաբերյալ լրահոս-ամփոփում միջազգային և հայաստանյան մամուլի էջերից: Բայց այն նաև պարունակելու է մեկ այլ լրահոս` քաղված մեկ դար առաջ մամուլում տեղ գտած արձագանքներից: Այսինքն, մենք յուրաքանչյուր օր այդ կայքէջում տեսնելու ենք «նորություններ», որ մեկ դար առաջ հրապարակվում էին հայկական և միջազգային մամուլում: Կարծում եմ, դա օգտակար է լինելու կայքի նկատմամբ մշտական ուշադրություն պահպանելու առումով: Այն նաև նպաստավոր մեխանիզմ է դառնալու աշխարհասփյուռ հայկական դպրոցների համար»,- շեշտել է նախագահը: 100-րդ տարելիցի առանցքներից է նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու որոշումը՝ սրբադասելու Հայոց ցեղասպանության նահատակներին և մարտիրոսներին.

«Դա բարոյական և հոգևոր բացառիկ մի պահ է մեր ողջ ժողովրդի համար, քանի որ ուղղակիորեն առնչվում է գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիքի:

Ես շատ եմ կարևորում, որ Սրբադասման արարողակարգի ժամանակ մենք հանդես գանք համազգային համախմբման և վերելքի դիրքերից: Կարևորում եմ, որ այդ խորհրդավոր ծեսին համախմբված կերպով հետևեն մեր քույրերն ու եղբայրները ողջ աշխարհում, որ ուղիղ հեռարձակմամբ կարողանան ականատեսն ու մասնակիցը դառնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունենալիք արարողությանը, նաև հետադարձ կապով տեսանելի լինեն Բաց խորանի մոտ ժողովված մեր հայրենակիցներին: Հիրավի, միավորող պետք է լինի ապրիլի 23-ին՝ Հայաստանի ժամանակով ժամը 19.15-ին բոլոր հայկական և քրիստոնյա մի շարք այլ եկեղեցիներում զանգերի ղողանջը և գուժկանի 100 հարվածը, դրանից անմիջապես հետո հայտարարվելիք լռության րոպեն»,- ասել է Սերժ Սարգսյանը:

«Մեր անցյալ նիստի ժամանակ, Ձեզ հետ խորհրդակցելով, հրավերներ հղեցի մի շարք պետությունների և միջազգային կարևորագույն կառույցների առաջնորդների՝ մասնակցելու 100-րդ տարելիցի միջոցառումներին: Պետք է տեղեկացնեմ ձեզ, որ ստացվել են դրական պատասխաններ մի շարք պետություններից և կազմակերպություններից: Որոշ երկրներ հաստատել են իրենց ներկայությունը բարձր պետական պատվիրակությունների մակարդակով: Ոմանք նշել են, որ կարևորում են այդ օրն անցկացնել իրենց երկրների հայ համայնքի հետ: Ես խնդրում եմ և՛ պետական հանձնաժողովի անդամներին, և՛ տարածաշրջանային հանձնախմբերին` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների հետ միասին ձեռնամուխ լինել այդ օրերին կայանալիք միջոցառումներին, ինչպես նաև մարտի վերջին անցկացվող միջազգային մեդիաֆորումին հնարավորինս լայն մասնակցություն ապահովելու ուղղությամբ: Դա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով Թուրքիայում կայացված անհեռատես և ցինիկ որոշումը` խմբագրել սեփական պատմությունը` Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը նշելու միջոցով: Ասում են, որ քաղաքականության մեջ բոլոր միջոցները հարմար են, բայց կարծում եմ՝ այդ հարցում պաշտոնական Անկարան վատ ծառայություն մատուցեց ինքն իրեն:

Երբ ստացա այդ անպարկեշտ հրավերը, անհրաժեշտ համարեցի անմիջապես և հանրայնորեն պատասխանել Ռեջեփ Էրդողանին, քանի որ ակնհայտ էր, որ հրավերի փաստը կարող է թյուր կերպով հասկացվել և մեկնաբանվել միջազգային լրատվամիջոցների և հանրության կողմից: Կարծում եմ, որ իմ պատասխանը և դրան հետևած միջազգային և հենց Թուրքիայի ներսում տեղ գտած արձագանքները ապացուցում են այդ թերհաշվարկված քայլի սին լինելը:

Այդ քայլը սին է, ինչպես և ժխտողականության բոլոր դրսևորումները: Ժխտողականությունը ոչ միայն քաղաքական թուլության և անլիարժեքության բարդույթների դրսևորում է, այլև իրավական կատեգորիա: Այն կապում է Թուրքիայի գործող իշխանությունները ցեղասպանության հանցագործությունը կատարած իրենց նախորդների հետ, դարձնում նրանց մեղսակից մարդկության դեմ այդ ծանրագույն հանցատեսակում: Եվ հենց դրանով էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երեկ զբաղված Թուրքիայի Հանրապետությունը:

Ազգայնական հանցագործ, հենց Թուրքիայի արդարադատության կողմից ամենատարբեր մեղադրանքներով բազմիցս դատապարտված, բայց դրան զուգահեռ նաև ազգայնական կուսակցություն և կազմակերպություններ ներկայացնող Դողու Փերինչեքի գործը փորձում են դարձնել Հայոց ցեղասպանության հարցին դատարանի իրավական դիրքորոշման հարց:

Հայաստանի Հանրապետությունը ներգրավվել է գործի քննության մեջ որպես երրորդ կողմ, քանի որ ՄԻԵԴ Մեծ պալատը որոշում է կայացնելու ցեղասպանության ժխտողականությունը քրեականացրած շվեյցարական օրենսդրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համադրելիության մասին: Մեզ համար դա կարևոր որոշում է, քանի որ վստահ ենք, որ ժխտողականությունը այդ հանցատեսակի կրկնության ամենահավանական նախաազդակն է: Այդուհանդերձ, չենք համարում, որ դա գործ է ցեղասպանության իրավական ճանաչման կամ ժխտման մասին: Մենք, լինելով ցեղասպանություն վերապրած ժողովուրդ ներկայացնող պետություն, նման խնդրանքով չենք դիմել դատարան: Չենք էլ համարում, որ այդ հարցին տրվելիք ակնհայտ պատասխանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընդդատության ոլորտի ներքո գտնվող խնդիր է: Մեզ հայտնի է, որ թուրքական քարոզչամեքենան պատրաստ է թյուր մեկնաբանություններով որպես մեծ հաղթանակ ներկայացնել այդ գործով ցանկացած վճիռ: Նրանք նույնիսկ չեն խորշել նիստին մասնակցելու համար բանտից ազատել կամ թույլատրել երկրից դուրս գալ իրենց իսկ դատարանների կողմից ազատազրկված Փերինչեքին: Այն նույն բանտերից, որտեղ օրըստօրե ավելանում է այն մարդկանց քանակը, ովքեր փորձում են ազատորեն արտահայտվել:

Ցեղասպանության հետևանքների հաղթահարման մեր իրավական պահանջները ներկայացնելու հայեցակարգը` անհատական, համայնքային և պետական մակարդակներով, արտացոլվելու է այս հանձնաժողովի որոշմամբ ձևավորված և աշխատանքներն իրականացնող հայ իրավաբանների հանձնախմբի կողմից պատրաստվող համապարփակ թղթածրարում, որի նախապատրաստման ընթացքի մասին այսօր լսելու ենք հանձնախմբի ղեկավար, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի զեկույցը»,- շեշտել է նախագահը:

Այսօրվա քննարկման առանցքային հարցերից է լինելու նաև առաջիկա տարվա միջոցառումների ծրագիրը:

Միջոցառումները համակարգող կազմակերպական կոմիտեն կներկայացնի կատարած աշխատանքն ու անելիքները: Ըստ նրանց կողմից առաջարկված հայեցակարգի՝ միջոցառումները պայմանականորեն բաժանվելու են չորս հիմնական ուղղությունների, ոգեկոչման չորս առանցքների: Դրանք են.

1. Հիշողություն: Հիշողությունը մեր նահատակների, կորսված ժառանգության և այն վերականգնելու անհրաժեշտության վերաբերյալ:

2. Երախտագիտություն: Երախտագիտություն այն անհատներին, կառույցներին, ժողովուրդներին և պետություններին, որոնք մեզ ձեռք մեկնեցին փորձության պահին: Մեկ մանուկ փրկած անհայտ մարդուց մինչև միջազգային ատյաններում մեր դատի համար պայքարող պետություններ մենք հիշելու ենք և մեծարենք նրանց, ովքեր, իրենց ժամանակից առաջ ընկնելով, մտածում էին մարդասիրական միջամտության կատեգորիաներով:

3. Միջազգային պայքար: Որպես վերապրած ժողովուրդ՝ մենք շարունակելու ենք մեր պարտքը կատարել մարդկության առջև` լինելով ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի կիզակետում: Քաղաքական, գիտական, տեղեկատվական, մշակութային և բոլոր այլ ոլորտներում մենք շարունակելու ենք գործել որպես «այլևս երբեք գաղափարախոսության առաջամարտիկ:

4. Վերածնունդ: Ոգեկոչելով մեր նահատակներին և մեծարելով հերոսներին՝ մենք նաև անդրադարձ ենք կատարելու ցեղասպանությունից հետո անցած մեկ դարի ընթացքում մեր ձեռքբերումներին և նվաճումներին: Մենք հպարտությամբ ենք արձանագրելու, որ մեզ բաժին ընկած փորձությունում ցուցաբերեցինք բացառիկ կամքի ուժ և վերածնունդ ապրեցինք»,- եզրափակել է Սերժ Սարգսյանը:

Նիստի ավարտին կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հատուկ թողարկված դրոշմանիշերի մարման արարողություն և Կենտրոնական բանկի կողմից Ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված մետաղադրամների պաշտոնական ներկայացում։ Հանձնաժողովը որոշել է հաջորդ նիստը գումարել 2015-ի աշնանը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---