«Նռան գույնը» ցուցադրվելու է Թուրքիայի կինոփառատոնում

«Նռան գույնը» ցուցադրվելու է Թուրքիայի կինոփառատոնում

PanARMENIAN.Net - Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը ցուցադրվելու է Ստամբուլի անկախ ֆիլմերի փառատոնում, որը մեկնարկելու է փետրվարի 12-ին և շարունակվելու մինչև փետրվարի 22-ը: Դրանից հետո՝ փետրվարի 26-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, ֆիլմերը ցուցադրվելու են Իզմիր և Անկարա քաղաքներում:

Habertürk-ի հոդվածագիր Մեհմեթ Աչարն փառատոնի շրջանակներում ներկայացրել է 10 ֆիլմ, որոնք պետք է անպայման դիտել: Այդ 10 ֆիլմերի թվում է նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը:

Հեղինակը նշում է, որ ֆիլմը նկարահանվել է 1968 թվականին և պատմում է Սայաթ- Նովայի կյանքի մասին:

«Շատ ռեժիսորների համար ոգեշնչման աղբյուր դարձած այս ֆիլմն այսօր դասական է համարվում: 1969 թվականին Խորհրդային միությունում արգելված ֆիլմն այժմ թուրք կինոսիրողների առջև է՝ Մարտին Սկորսեզեի գլխավորությամբ The Film Foundation-ի կողմից վերականգնված տարբերակով»,- գրում է նա, մեջբերում է Tert.am-ը:

Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» 1968 թվականին նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում և 2013-ին ամերիկյան Film Foundation-World Cinema Project (Նյու Յորք) հիմնադրամի միջոցներով վերականգնվել Իտալիայի L’immagine Ritrovata լաբորատորիայում: Ֆիլմի վերականգնված տարբերակն առաջին անգամ ցուցադրվել է Կաննի 67-րդ կինոփառատոնի դասական ծրագրի (Cannes Classics) շրջանակում:

«Նռան գույն»-ը Փարաջանովի ամենահայտնի ֆիլմերից է։ Այն թողարկվել է 1968թ․-ին ու նվիրված է Սայաթ-Նովային։ Ֆիլմի հեղինակային անունը, ի դեպ, հենց «Սայաթ-Նովա» է։ Գտնվելով գրաքննության ճնշման տակ ռեժիսորը ստիպված է եղել վերամոնտաժել ու փոխել ֆիլմի անունը։

Փարաջանովի թողած ժառանգության մեջ ամենավառ կերպով ներկայացված է Կովկասի բազմազանությունը։ 1964-ին նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները»-ը ֆիլմից հետո Փարաջանովին սկսեցին դասել աշխարհի լավագույն կինոռեժիսորների շարքին։ «Նռան գույնը» Փարաջանովի հաջորդ գլուխգործոցն է։ Երկու ֆիլմերն էլ ենթարկվեցին խորհրդային գրաքննությանը, որի արդյունքում Կառավարությունը փոխեց իր վերաբերմունքը ռեժիսորի հանդեպ և 1973-ի դեկտեմբերի 17-ին նրան 5 տարի ազատազրկման ենթարկեց ՝ մեղադրելով արվամոլության մեջ։

Photo: M. Vartanov/Parajanov - Vartanov Institute
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---