Թուրքիան կրկին նախապայմանների լեզվով է խոսում

Թուրքիան կրկին նախապայմանների լեզվով է խոսում

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կրկին հրապարակել է Հայաստանի հետ սահմանը բացելու «պայմանը»՝ «ազատել» գոնե մեկ «գրավյալ ադրբեջանական շրջան»: Այդ մասին նա հայտարարել է երկրի ազգային փոքրամասնությունների հետ հանդիպմանը, հայտնում է թուրքական Haberturk-ը:

1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային եւ ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնական են ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձը ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով:

Դավութօղլուն հայտարարել է նաև, որ «Թուրքիայում ապրող հայերը երկրի մի մասն են և չպետք է տուժեն Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների պատճառով»,-գրում է Թրենդը:

Թուրքիան միտված է լուծելու խնդիրները հայերի հետ, հավելել է Դավութօղլուն՝ նշելով, որ Անկարայում հայկական Սփյուռքին որպես թշնամի չեն ընկալում. «Մենք կիսում ենք հայերի հետ նրանց ցավը»:

Անդրադառնալով Չանաքքալեի ճակատամարտի տոնակատարությանը, Դավութօղլուն ասել է, թե այն չունի քաղաքական ենթատեքստ: «Մենք նշել ենք այդ օրը մարտի 18-ին, իսկ Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի բանակը՝ ապրիլի 24-ին: Եվ մենք ընտրել ենք այդ օրը միայն միասին այն տոնելու համար»,-ասել է նա:

Նախագահ Սերժ Սարգսյանը` ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակի, որտեղ Թուրքիայի նախագահը Հայաստանի Հանրապետության նախագահին հրավիրել է ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, պատասխան նամակ է հղել, որում, մասնավորապես, ասված է.

Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին:

«Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:

Ուստի, խորհուրդ կտայի համաշխարհային խաղաղությանն ուղղված Ձեր կոչերում չմոռանալ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձ հղել աշխարհին՝ ոգեկոչելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Յուրաքանչյուրիս պարտքն է գալիք սերունդներին փոխանցել խեղաթյուրումից զերծ իրական պատմությունը՝ այդ կերպ կանխելով ոճրագործությունների կրկնությունն ու հող նախապատրաստելով ազգերի, հատկապես հարևան ազգերի միջև մերձեցման և հետագա համագործակցության համար»:

Հետգրությամբ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---