ԱԳ նախարար. Բաքվի նպատակն է ձախողել տարիների բանակցային գործընթացի արդյունքները

ԱԳ նախարար. Բաքվի նպատակն է ձախողել տարիների բանակցային գործընթացի արդյունքները

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հանդիպմանը շարունակվել են քննարկումները՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ հունվարի 27-ի համանախագահների հայտարարությունից, փետրվարի 7-ի ԵԱՀԿ գործող նախագահի և եռանախագահների հայտարարությունից հետո Բաքուն, բացահայտ արհամարհանք դրսևորելով, շարունակել է հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, սադրանքները և եռանախագահների կողմից մատնանշված անթույլատրելի հռետորաբանությունը։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի մշակմանը իբր ձեռնամուխ լինելու մասին Բաքվի մտասևեռմանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը իրականում նպատակ է հետապնդում ձախողել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ տարիների բանակցային գործընթացի արդյունքները: Բաքուն փորձում է օգտագործել իր իսկ պատճառով հակամարտության չլուծված լինելը՝ արդարացնելու համար երկրի ներսում մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումները, ընդդիմախոսների դեմ բռնաճնշումները։

«Երբ համաձայնություն ձեռք բերվի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, և դրան իր համաձայնությունը տա նաև Լեռնային Ղարաբաղը, այդ ժամանակ հնարավոր կլինի բանակցություններ սկսել Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև՝ մշակելու խաղաղության համապարփակ պայմանագիրը», - ասել է Էդվարդ Նալբանդյանը։

Նախարար Նալբանդյանը, անդրադառնալով Արցախի դատարանի կողմից դատապարտված ադրբեջանցի դիվերսանտերին որպես «մոլորված անմեղ գառնուկներ» ներկայացնելու Բաքվի փորձերին, նշել է, որ դրանք սնանկ են։ «Վերջիններիս հանցագործությունները փաստագրված և ապացուցված են, ներառյալ՝ նրանց կողմից տասնյոթ տարեկան պատանու առևանգումը, խոշտանգումը և դաժան սպանությունը», - ընդգծել Հայաստանի արտգործնախարարը։

Փետրվարի 16-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այցելել են Ադրբեջան, փետրվարի 17-ին նրանք ժամանեցին Երևան, իսկ հետո կմեկնեն Լեռնային Ղարաբաղ:

Նախօրեին ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիեն հույս հայտնեց, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն առաջիկայում կշարունակեն հանդիպումները: «Մենք շատ կցանկանայինք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպեն ամենաուշը ՄԱԿ ԳՎ սեպտեմբերյան գագաթնաժողովում: Ի վերջո, վերջնական որոշումը նախագահներն են կայացնում, մենք փորձում ենք միջնորդնեի մեր դերը կատարել: Դա հեշտ չէ, բայց մենք շարունակում ենք»,-ասել է նա:

Օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կրկին հանդես եկավ ավանդական հայտարարությամբ Խաղաղ համաձայնության վրա աշխատելու անհրաժեշտության մասին:

Այդ մասին նա հայտարարել է, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն արտահայտությունը, թե «պետք է լուրջ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ»:«Անհրաժեշտ է սկսել աշխատանքը Խաղաղ պայմանագրի վրա: Ֆրանսիայի նախագահ Օլանդը նույնպես խոսել է այդ մասին: Դրանք լուրջ բանակցություններ են»,-ասել է նա:

Ադրբեջանն առաջին անգամը չէ, որ խոսում է խաղաղ համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին, սակայն, որպես կանոն, բոլոր այդ հայտարարությունները հանգեցնում են միայն նրան, որ Բաքուն խափանում է որևէ պայմանավորվածության ձեռք բերում: Բավական է հիշել թեկուզ 2011-ի հունիսի 24-ին Կազանում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ: Հանդիպումից առաջ վստահություն էր հայտնվում, որ պայմանավորվածություն է ձեռք բերվելու կարգավորման հիմնարար սկզբունքների մասին և համապատասխան համաձայնագիր է ստորագրվելու: Սակայն Ալիևը ձախողեց բանակցությունները, վերջին պահին ներկայացնելով 10 նոր ուղղում:

Նախորդ անգամ Մամեդյարովը հայտարարեց, որ Ադրբեջանը «պատրաստ է ձեռնամուխ լինել մեծ խաղաղ համաձայնագրի վրա աշխատանքին» Փարիզում ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---