ԵԱՀԿ ՄԽ. Այցի հիմնական նպատակն էր կողմերին կոչ անել խստորեն պահպանել հրադադարը

ԵԱՀԿ ՄԽ. Այցի հիմնական նպատակն էր կողմերին կոչ անել խստորեն պահպանել հրադադարը

PanARMENIAN.Net - Տարածաշրջան ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների վերջին այցի հիմնական նպատակն էր կողմերին կոչ անել խստորեն պահպանել հրադադարը՝ հունվարին բռնության վտանգավոր աճից հետո: Այդ մասին ասված է միջնորդների՝ այսօր Երևանում հրապարակած հայտարարությունում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նշելով, որ փետրվարի 16-19-ը այցի ընթացքում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ու արտգործնախարարների, ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների» հետ, Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովը և Պիեռ Անդրիոն փոխանցում են, որ հանդիպումների ժամանակ կողմերը հաստատել են իրենց նվիրվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նախագահները նաև համաձայնել են ուսումնասիրել համանախագահների առաջարկները, որոնք կարող են ամրապնդել հրադադարը, ասված է հայտարարությունում:

Միջնորդները հայտնում են նաև, որ նախագահների և արտգործնախարարների հետ քննարկել են կարգավորման ուղղությամբ հաջորդ քայլերը, ինչպես նաև այս տարի ավելի ուշ ակնկալվող նախագահական հանդիպման նախապատրաստման հարցեր:

Համանախագահները այցի շրջանակում հանդիպել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորածներին վերաբերող խնդիրները: Նրանք ընդգծել են անհետ կորածների վերաբերյալ ԿԽՄԿ-ի հովանու տակ տեղեկատվություն փոխանակելու՝ 2014 թվականի հոկտեմբերին Փարիզում նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնության կարևորությունը:

Փետրվարի 18-ին, համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը, տեղեկացրել են նախագահի աշխատակազմից: Բակո Սահակյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից զինադադարի կոպիտ խախտումները նոր, շատ ավելի բացասական որակ և դրսևորումներ են ստացել, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացին, միջնորդների կողմից կատարվող աշխատանքին և տարածաշրջանում կայունության պահպանմանը՝ հավելելով, որ նման քաղաքականությունը որևէ ձևով չի կարող ազդել Արցախի ժողովրդի՝ ազատ, անկախ պետություն կերտելու և նրա անվտանգությունը հետևողականորեն ամրապնդելու կամքի ու վճռականության վրա:

Ուորլիքը նշել է, որ գոյություն ունեն մեխանիզմներ, որոնք կարող են նվազեցնել ոչ դիտավորյալ պատահարների հավանականությունը հակամարտության գոտում, և մենք սատարում ենք դրանց իրականացումը՝ ուղղված տեղում իրավիճակի կայունացմանը: Համանախագահները հակամարտության կողմերին ներկայացրել են մի շարք առաջարկներ, որոնք այժմ քննարկվում են տարածաշրջան մեր այցի ընթացքում:

«Նախ և առաջ, մենք կողմերի հետ խոսում ենք տարածաշրջանին սպառնացող վերջին լարվածության ու բռնության մասին: Բռնության շարունակման պայմաններում չի կարող առաջընթաց լինել դիվանագիտական հարթությունում: Մենք նաև բարձրացնում ենք նախագահների հանդիպումների վերականգնման անհրաժեշտության հարցը, ում ձեռքերում են գտնվում խաղաղության բանալիները: Բացի դրանից, կարևորում ենք տևական կարգավորման վերաբերյալ համապարփակ բանակցությունների սկսումը: Չափազանց կարևոր է ունենալ կայուն բանակցային գործընթաց, որը կարող է բերել խաղաղության մասին համաձայնագրի»,-ասել է նա:

Անդրադառնալով այն կարծիքին, որ բանակցությունների նախկին՝ եռակողմ ձևաչափի, այսինքն Ղարաբաղի մասնակցությամբ, բանակցային ձևաչափի վերականգնումը վճռորոշ դեր կունենա դրանց առաջընթացի համար՝ Ուորլիքը նշել է. «Ինչպես բանակցային գործընթացում, այնպես էլ հակամարտության կարգավորման հարցում պետք է հաշվի առնվեն բոլոր կողմերի շահերը: Կողմերի համար առաջին քայլն այն է, որ նրանք արտահայտեն իրենց պատրաստակամությունը՝ սկսելու նման բանակցություններ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---