ԼՂՀ Վերաքննիչ դատարանը սկսել է քննել ադրբեջանցի դիվերսանտների գործը

ԼՂՀ Վերաքննիչ դատարանը սկսել է քննել ադրբեջանցի դիվերսանտների գործը

PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին Ստեփանակերտում, ԼՂՀ Վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել 2014-ի հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Դիլհամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի գործով վերաքննիչ դատական նիստը, հայտնում է Artsakhpress-ը:

Դատավոր նախ ընթերցել են հոդվածները, որոնցով դիվերսանտները մեղադրվում են, ապա ամբաստանյալների փաստաբաններ՝ Էրիկ Բեգլարյանը և Արկադի Իսրայելյանը ներկայացրել են բողոքարկման հետ կապված այն հիմնավորումը, ըստ որի, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը չի բավարարում իրենց պաշտպանյալներին։ Բեգլարյանը նշել է, որ առաջին ատյանի դատարանի վճիռն իր պաշտպանյալ Ասկերովի մասով ենթակա է մասնակի բեկանման, իսկ Իսրայելյանը պնդել, թե իր պաշտպանյալի մասով վճիռը պետք է ամբողջությամբ բեկանվի։

Իր հերթին պետական մեղադրող Կարեն Գաբրիելյանը ներկայացրել է դատավարությանը վերաբերող փաստարկները և փորձաքննությունների արդյունքները, այդ թվում՝ լրտեսության, սպանության, կատարած նկարահանումների, երեխայի առևանգման և զենք - զինամթերքի մասով։ Իսկ սպանված Սմբատ Ցականյանի իրավահաջորդ Մեխակ Ցականյանը իր ելույթում նշեց, որ համաձայն չէ ամբաստանյալների բողոքարկմանը, քանի որ, իր կարծիքով, առաջին ատյանի դատարանը արդարացի որոշում է կայացրել։

Նիստի ընթացքում ամբաստանյալներ Ասկերովը և Գուլիևը, ներկայացնելով իրենց բողոքները, մասնավորապես նշել են, որ համաձայն չեն ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման հետ, քանի որ նրանք ղարաբաղաադրբեջանական սահմանը հատելիս չեն գիտակցել, որ այն անում են ապօրինաբար, լրտեսություն չեն կատարել և սպանության մեջ իրենց մեղավոր չեն ճանաչում։

«Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ ես կապ չեմ ունեցել և չգիտեմ Հասան Հասանովը (հանցախմբի մյուս սպանված անդամը) արդյո՞ք եղել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից, թե ոչ»,- դատական նիստի ժամանակ ասել է Ասկերովը՝ հավելելով, որ ինքը չի սպանել երեխային, այլ սպանել է Հասանովը: Իսկ իր կատարած տեսանկարահանումների՝ համացանցում հայտնվելու վերաբերյալ Ասկերովը դժվարացավ պատասխանել, թե ով կարող է արած լինել դա:

Իր հերթին ամբաստանյալ Գուլիևը շարունակել է պնդել, որ իրեն ոչ մի հոդվածով մեղավոր չի ճանաչում։ Դատարանը լսելով կողմերին հաջորդ դատական նիստը նշանակել է մարտի 10-ին:

2014-ի դեկտեմբերի 29-ին Ստեփանակերտի դատարանն ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին դատապարտեց համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման: Ադրբեջանական կողմը մշտապես փորձում էր նրանց փոխանակել մեկ գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի, մեկ քրեական գործից Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանի և նրա ընտանիքի անդամների հետ, մեկ գերությունից մեկ օր անց մահացած խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանի մարմնի հետ, սակայն ամեն անգամ մերժում է ստացել: Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել էին։

Դիվերսանտների մոտ հայտնաբերված պարագաները վերջիններիս կողմից օգտագործվել են դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողությունների համար: Փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերով, պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ հարուցվեց քրեական գործ:

Ավելի վաղ Երևանում Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդն, անդրադառնալով Բաքվում իր հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղում գտնվող ադրբեջանցի դիվերսանտները պետք է հանձնվեն Ադրբեջանին, հայտարարել էր, որ «նրանց գործածը, անշուշտ, սոսկալի հանցագործություն է, բայց կոչ ենք անում պատկան մարմիներին կատարել մարդասիրական ժեստ»:

Հարցին, թե Միացյալ Նահանգներն ինչ է ակնկալում մարդասիրաիական այդ քայլից և արդարացված կլինի արդյոք դա, Փսակին ասել է. «Դեսպան Ուորլիքի և այլոց միջոցով մենք նախկինում ևս կողմ ենք արտահայտվել երկու բանտարկյալին Ադրբեջանի կառավարությանը հանձնելուն։ Նուլանդը ևս կոչ է արել համապատասխան իշխանություններին վերադարձնել բանտարկյալներին։ Անցյալում կողմերը հինականում ունեցել են բանտարկյալներին որպես մարդասիրական ժեստ վերադարձնելու պրակտիկա, և ինչպես ցույց է տվել փորձը, նման քայլերը թուլացնում են լարվածությունն ու կողմերի միջև վստահություն ստեղծում։ Սա այն է, ինչի մասին խոսել է Վիկտորիա Նուլանդը»։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «տարօրինակ» բառով է որակել ԱՄՆ Պետքարտուղարության կոչը՝ ադրբեջանցի դիվերսանտներին վերադարձնելու մասին:Բաբայանն ասել է, որ ադրբեջանցի դիվերսանտներին վերադարձնելը հնարավոր չէ: «Չեմ կարծում, դա հնարավոր չէ, մենք արդեն մեր դիրքորոշումը հայտնել ենք»,-ասել է նա:

«Նույն Ադրբեջանը, որ հերոսացնում է Սաֆարովին, բայց չգիտես ինչու որևէ նման կոչ չի եղել, իսկ հիմա ադրբեջանական լոբբին անընդհատ ինչ-որ փորձեր է անում: Կարծում եմ՝ հարցը փակված է: Վաղուց փակված է: Մեր կողմից եղել է մարդասիրական մեծ դրսևորում և տեղի է ունեցել ժողովրդավարական երկրին վայել, բաց, թափանցիկ դատավարություն»,-ասել է Դավիթ Բաբայանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---