Վերստուգվում են ՀՀ և ՆԱՏՕ-ի ստանձնած փոխհանձնառությունները

Վերստուգվում են ՀՀ և ՆԱՏՕ-ի ստանձնած փոխհանձնառությունները

PanARMENIAN.Net - Մարտի 2-ից 4-ը ժամանակահատվածում հերթական ամենամյա այցով Երևանում է գտնվում ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) և Պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) իրականացման առաջընթացը գնահատող ՆԱՏՕ-ի խումբը, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների համատեղ կազմակերպած այցը նպատակաուղղված է ԱԳԳԾ և ՊՎԳ ծրագրերով Հայաստանի և ՆԱՏՕ-ի ստանձնած փոխհանձնառությունների վերստուգմանը, համագործակցության և օժանդակության լրացուցիչ հնարավորությունների ի հայտ բերմանը:

ՀՀ պաշտպանության նախարարության մասով ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը քննարկվել է աշխատանքային խմբերի միջև լիագումար հանդիպումների և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ մտքերի ամփոփիչ փոխանակման տեսքով: Քննարկումների ժամանակ ուսումնասիրվել են ԱԳԳԾ և ՊՎԳ նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի պաշտպանական գերատեսչության կատարած աշխատանքները:

Հատկապես ուշադրություն է դարձվել ռազմակրթական ու անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումների, փոխգործունակության ամրապնդման և միջազգային խաղաղապահության շրջանակների ընդլայնման, ինչպես նաև պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման և կանանց դերակատարման բարձրացման ուղղությամբ պաշտպանության նախարարության գործադրած ջանքերին:

Հայաստանի ԱԳԳԾ-ի նպատակն է ամրապնդել երկխոսությունը Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև և աջակցել Հայաստանում ժողովրդավարական ու պաշտպանական ոլորտի բարեփոխումներին: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանին բարեփոխումների սեփական նպատակներին հասնելու գործում` նպատակային խորհրդատվության և օգնություն տրամադրման միջոցով:

Հայաստանը նաև կարևոր ներդրում ունի ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղապահ գործողություններում: Հայկական ուժերը 2004թ.-ից սկսած մասնակցում են Դաշինքի կողմից Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը: 2010 թ. փետրվարից Հայաստանը մասնակցում է նաև Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) կոմղից իրականացվող գործողությանը: Վերջերս հայ խաղաղապահներ տեղակայվեցին նաև Լիբանանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---