20  17.03.15 - Եվրանեսթ ԽՎ-ի չորրորդ լիագումար նիստի պաշտոնական բացումը

Նախագահը՝ Եվրանեսթում. Ղարաբաղյան խնդիրը, ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու սահմանադրական բարեփոխումները

Նախագահը՝ Եվրանեսթում. Ղարաբաղյան խնդիրը, ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու սահմանադրական բարեփոխումները

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովում այսօր տեղի ունեցավ Եվրամիության Արևելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի պաշտոնական բացումը: Նիստի բացմանը ներկա էր և ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգանում են դիմանիկ կերպով: Վստահ եմ, որ Եվրանեսթի նստաշրջանի ծավալուն օրակարգում ընդգրկված կարևոր հարցերի շուրջ խորհրդարանական ձևաչափով ընթացող քննարկումները և որոշումները կնպաստեն Եվրոպական միության և գործընկեր երկրների միջև համագործակցության խորացմանը տարբեր բնագավառներում»,- այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի պաշտոնական բացմանը ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ուրախ ենք Երևանում հյուրընկալել Եվրանեսթի նիստը, որից հետո մեկնելու եմ Բրյուսել՝ մասնակցելու ԵԺԿ գագաթաժողովին: Երևանում և Բրյուսելում նախատեսվում են իմ հանդիպումները ԵՄ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, իսկ մի քանի օրից Երևանում տեղի կունենա նաև Հայաստան-Եվրոպական միություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը»,- նշել է նախագահը:

Սերժ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ միջխորհրդարանական քննարկումները թույլ կտան ճիշտ պատկերացում կազմել մեր ժողովուրդների առջև կանգնած մարտահրավերների մասին ու փորձել միասին գտնել դրանց հաղթահարման ուղիները:

«Ուրախալի է, որ համաեվրոպական արժեքային համակարգի տարածմանն ու արմատավորմանն ուղղված մեր համագործակցությունն ընդգրկում են թե խորհրդարանական, թե քաղաքացիական հասարակության շրջանակները: Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է, մենք ունենք հավաքների ազատություն, կայացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի՝ ինչպես կարող է պայքարել ու իր տեսլականը կյանքի կոչելու համար մեծ դերակատարում ունենալ»,- նշել է Սերժ Սարգսյանը, հայտնում է Panorama.am:

Նա նշել է, որ Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն ավելի խորացնելու համար նախաձեռնել են սահմանադրական բարեփոխումներ՝ նպատակ ունենալով կատարելագործել մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը:

ՀՀ նախագահը նշել է նաև, որ Հայաստանը հանձնառու է զարգացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ:

Նախագահն իր խոսքում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը: «Մենք չենք պատրաստվում այս հարթակը վերածել քարոզչության կամ ժողովուրդների միջև թշնամանք սերմանելու միջոցի, ինչպես դա եղավ Ադրբեջանում, այլ փորձում ենք Վեհաժողովի ընձեռած հնարավորությունները լավագույնս ծառայեցնել մեր ժողովուրդների խաղաղ գոյակցության և համագործակցության ընդլայնման գործին»,- ՀՀ Ազգային ժողովում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի պաշտոնական բացման արարողության ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ ասվածի վկայությունն է հայկական պատվիրակությունների ակտիվ մասնակցությունը Ադրբեջանում կայացած բազմաթիվ միջոցառումներին` ներառյալ 2012թ-ին Բաքվում կայացած Եվրանեսթի լիագումար նիստին:

«Ցավում եմ, որ ադրբեջանական կողմը ընդառաջ չի գնում մեր կառուցողական երկխոսության հաստատմանն ուղղված քայլերին: Առավել մտահոգիչ է, սակայն, որ մեր հարևան պետությունը ապակառուցողական և առավելապաշտական կեցվածք է դրսևորում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բուն գործընթացում` հետ կանգնելով արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններից»,- նշել է երկրի ղեկավարը:

Հանրապետության ղեկավարի խոսքերով՝ մի բան պարզ է, որ խնդրի լուծման բանալին գտնվում է Ստեփանակերտում, Երևանում ու Բաքվում և ոչ թե Վաշինգթոնում, Մոսկվայում ու Փարիզում:

«Ադրբեջանը մտացածին պատրվակներ է գտնում համանախագահողների առաջարկած սկզբունքների հիման վրա կարգավորումից խուսափելու նպատակով: Կարծում եմ՝ անհրաժեշտ է միջազգային կառույցների և եվրոպական կառույցների աներկբա գնահատականը այդ երկրի գործելաոճին: Անկախ Ադրբեջանի անիրատեսական պահանջներից և շփման գծում իրականացվող պարբերական սադրանքներից՝ ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի»,- ընդգծեց ՀՀ նախագահը:

Ըստ Սերժ Սարգսյանի՝ միջազգային հանրության մոտեցումը, հատկապես վերջին տարիներին այն է, որ եվրոպական ու համամարդկային արժեքների վրա հիմնված, ժողովուրդների ազատ կամաարտահայտությունն ու ինքնորոշման իրավունքը այլընտրանք չունեն:

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ևս այդ իրավունքի իրականացնումն է, որ կարող է հանգեցնել այդ հարցի համապարփակ լուծմանը: Այդ մոտեցումն է ընկած նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների առաջարկությունների հիմքում»,- եզրափակել է Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---