Ազնավուրը մտադիր է Ցեղասպանության զոհերի հիշատակի համերգ տալ Վատիկանում

Ազնավուրը մտադիր է Ցեղասպանության զոհերի հիշատակի համերգ տալ Վատիկանում

PanARMENIAN.Net - Հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրը մտադիր է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգով հանդես գալ Վատիկանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին КАI գործակալության վրա հղումով: Ըստ գործակալության տեղեկությունների, Ազնավուրը մարտի 18-ին ներկա է գտնվելու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ընդունելությանը, որտեղ մտադիր է խոսել նրա հետ համերգի մասին:

Հռոմի պապին մոտ աղբյուրները հայտնել են, որ Ֆրանցիսկոս Առաջինը լավատեղյակ է Ազնավուրի ստեղծագործությունների և լսում է աշխարհի ամենահայտնի հայերից մեկի երգերը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ապրիլի 12-ին Հռոմի պապը Հռոմի Սբ Պետրոս եկեղեցում պատարագ կմատուցի ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:

Ֆրանցիկոսը 2006 թ. երբ դեռևս արքեպիսկոպոս էր Բուենոս Այրեսում, կոչ արեց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ հայտարարությամբ նա հանդես եկավ իր հայրենիք Արգենտինայում՝ Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ, որակելով այն որպես «ծանրագույն ոճրագործություն մարդկության և հայ ժողովրդի դեմ, որն իրականացրել է Օսմանյան կայսրությունը», կոչ անելով Անկարային ճանաչել այն:

Շառլ Ազնավուրը նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Մանուկ հասակում նա տարվել է թատրոնով, իսկ 1940-ականներին Պիեռ Ռոշի հետ հանդես եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին՝ Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։

Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964-ին, 1996-ին ու 2006-ին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հրապարակը:

Հոկտեմբերի 3-ին Ազնավուրը համերգով հանդես եկավ Մոսկվայում: 90-ամյա երգիչը հայտարարում է, որ մտադիր է երգել մինչև 100-ամյակը՝ նշելով, որ ապրում է ակտիվ և առողջ կյանքով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---