Ադրբեջանի ՊՆ նացիստական հայտարարություններով պետք է զբաղվեն դատարանները և բուժհիմնարկները

Ադրբեջանի ՊՆ նացիստական հայտարարություններով պետք է զբաղվեն դատարանները և բուժհիմնարկները

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարն այնպիսի հայտարարություններ է անում, որոնց առնչությամբ այլևս պետք է մեկնաբանություններ տան միջազգային կառույցները, մարդու իրավունքների դատարանները, մասնագիտացված այլ կառույցները` ներառյալ ԵԱՀԿ-ն ու ՄԱԿ-ը, ասել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, թե «ադրբեջանցի զինվորները պետք է գիշեր-ցերեկ օգտագործեն ցանկացած հնարավորություն՝ հայ սպանելու համար և որ հայերը պետք է մշտապես ապրեն վախի մթնոլորտում»:

«Առողջապահական հիմնարկները ևս, որովհետև նման հայտարարություն կարող է անել միայն աննորմալը, կամ, իրոք, ֆաշիստական գաղափարներով տառապող մարդը: Ֆաշիզմը նույնպես աննորմալություն է: Այնպես որ, և՛ բժշկական, և՛ քաղաքական, և՛ բարոյական խնդիր է, որով արդեն պետք է զբաղվի միջազգային հանրությունը: Այդպիսի մարդիկ պետք է ընդգրկվեն համապատասխան ցուցակներում և նրանց հանդեպ պետք է կիրառվեն որոնողական աշխատանքներ, նրանք պետք է դատվեն որպես հանցագործներ»,-ասել է Դավիթ Բաբայանը, գրում է Tert.am-ը:

Նա ընդգծել է, որ եթե նման բան ասում է երկրի պաշտպանության նախարարը, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ մթնոլորտ է տիրում Ադրբեջանում. «Ուրեմն՝ նման կարծիք ունի Նախագահը, ուրեմն՝ նման կարծիք ունի իր տեղակալը, իրենց ողջ վերնախավը, ժողովուրդն էլ՝ մոլորեցված»:

Դավիթ Բաբայանը, ըստ երևույթին նկատի ունենալով միջազգային հանրությանը, ավելացրել է, որ եթե «ինչ-որ մեկը իլյուզիաներ ունի», թե լռելով կամ ինչ-ինչ զիջումներ անելով՝ հրեշը կբավարարվի, չարաչար սխալվում է:

«Նրանց նպատակը ողջ հայությանը ոչնչացնելն է, հիմա մենք խոսում ենք Ցեղասպանության ճանաչման մասին, որ Թուրքիան չի ճանաչում և այլն: Այստեղ ունենք մի հարևան, որը ոչ միայն չի ճանաչում, այլ ասում է՝ կրկնելու եմ»,- ասել է Դավիթ Բաբայանը:

Պաշտոնական Բաքվի մոտ տեռորիստական դրսևորումներն արդեն դառնում են հիվանդություն, ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ,Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի նույն հայտարարությանը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունն ամենաբարձր պաշտոնական մակարդակով արվող հայտարարություն է, այնպիսինների շարքից, որոնք այլևս զարմանք չեն հարուցում կոնկրետ հայկական լսարանի համար, բայց միջազգային հանրությունը տեռորի դեմ պայքարի շրջանակներում, կարծում եմ, ժամանակն է, որ դիտարկի Ադրբեջանը»,- ասել նա՝ ավելացնելով՝ այն քարոզը, որ տարվում է սեփական ժողովրդի շրջանում, հենց տեռորիստական դրսևորում է:

«Որովհետև կոչ անել մարդկանց, որ առաջնորդվեն սպանություններ կատարելով, երբեք չի կարող քաղաքակիրթ պետության դրսևորում լինել»,-ասել է ԱԺ հանձնաժողովի նախագահը և ավելացրել, որ եթե Ադրբեջանում ցանկանում են խնդիրներ լուծել, դրա միակ տարբերակը բանակցություններն են. «Այլ պարագայում միշտ ստանալու են պատիժ, որովհետև տեռորիստների համար միայն և միայն պատիժն է սահմանված»:

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---