Ֆրանկոֆոնիայի ԽՎ նախագաները Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն են ընդունել

Ֆրանկոֆոնիայի ԽՎ նախագաները Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն են ընդունել

PanARMENIAN.Net - Եվրոպայի տարածաշրջանի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագաները Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն են ընդունել: Այս մասին է հայտնում է Aysor.am-ը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի Facebook-յան էջի վրա հղումով:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«1. Մենք, ֆրանսերենը որպես ընդանուր լեզու գործածող պետությունների խորհրդարանների ներկայացուցիչներս, 2015թ. մարտի 31-ի Եվրոպայի տարածաշրջանի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի սեկցիաների նախագաների համաժողովում հավաքվելով՝

2. Հաստատելով մեր պարտավորությունները ի շահ խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, Ֆրանկոֆոնիայի տարածքում անվտանգության և դրա համաշխարհային արժեքների,

3. Քաջալերելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին հետամուտ լինել ՄԱԿ-ի միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի Հռչակագրի համաձային ճգնաժամերի և հակամարտությունների կանխարգելմանն ուղղված գործողությունների իրականացմանը,

4. Ընդգծելով, որպես Ցեղասպանության ոճրագործություն որակավորված գործողությունների մինչ այսօր համաշխարհայնորեն ճանաչված չլինելու անընդունելիությունը և հիշեցնելով, որ նման ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի,

5. Դատապարտում ենք հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանության փաստը,

6. Ոգեկոչում ենք 1915թ. Հայերի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը և համերաշխ ենք Հայաստանի և հայ ժողովրդի հետ՝ Ցեղասպանության համաշխարհային ճանաչման և այդ ցեղասպանությանը ենթարկված անձանց իրավունքների վերականգնման համար մղվող պայքարում,

7. Հրավիրում ենք Թուրքիային առերեսվել սեփական պատմությանը և ի վերջո ճանաչել Հայոց Ցեղասպանության իրողությունը և հույս ենք հայտնում, որ այդ ճանաչումը հայ և թուրք ժողովրդների միջև հաշտեցման մեկնակետ կհանդիսանա»:

Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ 2012-ի հոկտեմբերի 13-14-ը Կինշասայում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովում, որին մասնակցում էին կազմակերպության 77 անդամ, ասոցիացված և դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները` պետությունների և կառավարությունների ղեկավարների, արտգործնախարարների ղեկավարությամբ: 2014-ի հուլիսին Հայաստանի Ազգային ժողովը դարձավ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիարժեք անդամ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---