Կիրո Մանոյանը թուրքերի քաղաքականության ձախողման, Օբամայի խնդիրների ու ադրբեջանցիների հնարավոր սադրանքների մասին

Կիրո Մանոյանը թուրքերի քաղաքականության ձախողման, Օբամայի խնդիրների ու ադրբեջանցիների հնարավոր սադրանքների մասին

PanARMENIAN.Net - Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն ամբողջապես ձախողվեց և նրա հետագա գործողությունները միայն կվատթարացնեն իրավիճակը: Այս մասին ապրիլի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Հռոմի Պապի մատուցած պատարագը, ուղերձը, որով նա կոչ արեց Թուրքիային առերեսվել սեփական պատմությանը, ինչպես նաև Եվրախորհրդարանի բանաձևը դարձան այն «ցունամին», որից վախենում էր Թուրքիան:

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը:

«Թուրքիան չի խզի հարաբերությունները որևէ պետության հետ, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Առաջին երկու-երեք ամսվա կոշտ հակազդեցությունից հետո ամեն ինչ կընկնի տեղը: Նման խոսակցություններ շատ են եղել, սակայն Թուրքիան երբեք նման քայլ չի անում, քանի որ առաջին հերթին գերադասում է սեփական շահը»,- ասել է Մանոյանը:

Անդրադառնալով Եվրախորհրդարանի բանաձևին` Մանոյանն ասաց, որ բնականաբար, այնտեղ կան վիճելի կետեր: «Օրինակ, Էրդողանի և Դավութօղլուի անցած տարվա նամակները, հայտարարությունները դրական գնահատելը, որոնք այդքան էլ դրական չէին, կամ Հայատան-Թուրքիա 2009 թ. արձանագրությունների կարևորումը: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, բանաձևը շատ ավելի լավն է, քան 1987թ-ին ԵԽ-ի ընդունած բանաձևը»,- ասաց Կիրո Մանոյանը:

Ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձևը: Ընդունված փաստաթուղթը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն: Քվերակության արդյունքների հրապարակումից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել:

Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Սա Եվրոպական խորհրդարանի ընդունած երրորդ փաստաթուղթն է, որը ճանաչում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կանխամտածած և իրականացրած՝ 1.5 մլն հայերի ցեղասպանությունը:

«Թուրքիան տապալեց իր իսկ նախաձեռնությունը՝ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյա տարելիցի միջոցառումները, որը պետք է իբրև թե ստվեր գցեր ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների վրա: Դա այդպես չեղավ, հակառակը Թուրքիան իր այդ նախաձեռնությամբ ստեղծեց հավելյալ հետաքրքրություն մեր միջոցառումների նկատմամբ»,- ասել է Մանոյանը, հայտնում է Armenia Today-ը:

Մանոյանը նշեց, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարող է արտասանել «ցեղասպանություն» բառը, կամ չարտասանել, դա իր խնդիրն է: «Եթե մինչև մայիսի 9-ը, երբ Վաշինգտոնում պետք է տեղի ունենան Ցեղասպանության զոհերի ոգեկոչման ամերիկյան գլխավոր միջոցառումները, որոնց կմասնակցեն նաև մեր երկու կաթողիկոսները, և առիթ կլինի այդ հարցին անդրադառնալ ևս մեկ անգամ, Օբաման չասի այդ եզրույթը, մենք պետք է ոչ միայն չհետաքրքրվենք և դիմենք այդ հարցով, այլ ասենք, որ չենք էլ ուզում, քանի որ դա կնշանակի, որ ԱՄՆ-ն մտադիր չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրքիայից առաջ»:

Եվ այնուամենայնիվ Մանոյանը նշել է, որ հաշվի առնելով քաղաքական իրողությունները, նա չի բացառում, որ Օբաման այս անգամ այնուամենայնիվ կարտասանի ցեղասպանություն եզրույթը: Նա նշել է, որ դա կարող են անել ինչպես ԱՄՆ պատվիրակության անդամները Երևանում Օբամայի անունից, այնպես էլ անձամբ նախագան ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում:

Որպես սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման ցեղասպանության ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը և նույնիսկ ասել էր, որ ԱՄՆ-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին»: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ:

Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ:

Խոսելով թուրքական կողմի արխիվները բացելու ու «Ցեղասպանության թեման պատմաբաններին թողնելու կոչերի մասին` Մանոյանը նշեց. «Ես 30 տարի է զբաղվում եմ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործով և արդեն մոտ 29 անգամ լսել եմ Թուրքիայի արխիվները բացելու խոստումների մասին»:

«Թուրքերը հայտարարում են, որ պիտի արխիվները բացեն, դրանով ցույց են տալիս, որ իրենք իբր քայլ են ձեռնարկում, բայց այդ քայլի նպատակն է հարցը տանել պատմական վեճի հարթակ: Արխիվները կարևոր են, բայց ի վերջո արխիվներով չէ, որ որոշվելու է` ցեղասպանություն եղել է, թե ոչ: Կան բաց արխիվներ, որոնք մինչև բացվելը ինչքան են մաքրազտվել, միայն կարելի է ենթադրել: Բայց ռազմական և կադաստրի արխիվները փակ են: Հենց այդ արխիվներում է հստակ նշված, թե այդ կալվածքները որ հային են պատկանում»,- ասաց Կ.Մանոյանը:

Մանոյանը նաև նշել է, որ ապրիլի 24-ին և նախորդ ու հաջորդ օրերին ադրբեջանական կողմը կարող է սաստկացնել լարվածությունը Հայաստանի հետ սահմանին ու ղարաբաղյան գոտում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---