Իսրայելի հայ համայնքը հիասթափված է. Նախագահը ցեղասպանություն չի անվանում «հայերի կոտորածը»

Իսրայելի հայ համայնքը հիասթափված է. Նախագահը ցեղասպանություն չի անվանում «հայերի կոտորածը»

PanARMENIAN.Net - Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ապրիլի 26-ին Երուսաղեմի իր նստավայրում ընդունել է երկրի հայ համայնքի ներկայացուցիչների` նրանք քննադատել են հրեական պետությանը Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար:

Ինչպես ասվում է Իսրայելի նախագահի մամուլի հաղորդագրության մեջ, Ռիվլինն օգտագործել է «զանգվածային սպանություններ», «հայկական ողբեգրություն» եզրույթները, ինչպես նաև ասել է, որ Իրսյալեի իշխանությունները չեն ձգտում մեղքը բարդել որևէ «կոնկրետ երկրի վրա», հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Մենք բարոյապես պարտավոր ենք մատնանշել փաստերը, որքան էլ դրանք սարսափելի լինեն: Մենք չպետք է անտեսենք դրանք: Հայ ժողովուրդը դարձավ ժամանակակից զանգվածային սպանությունների առաջին զոհը: Մենք չենք ձգտում մեղքը բարդել որևէ կոնկրետ երկրի վրա, սակայն համերաշխություն ենք հայտնում…կոտորածի զոհերի հետ»,-ասել է Ռիվլինը:

«Հոլոքոսթի սարսափներից հետո մեր` հրեաների մարդկային և բարոյական պարտավորությունն է հարգել հայ ժողովրդի ողբերգության զոհերին: Ես հպարտ եմ ձեզ ընդունել այստեղ` նախագահի նստավայրում, այդ օրը ձեզ հետ միասին նշելու համար»,-ասել է Ռիվլինը հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնք առաջին անգամ նման առիթով էին հրավիրվել Իսրայելի նախագահի նստավայր:

Հանդիպման մասնակիցներից մեկը` Երուսաղեմի հայկական պատրիարքության ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Արիս Շիրվանյանն իր «հիասթափությունն է հայտնել առ այն, որ Իսրայելը ցեղասպանություն չի անվանում հայերի սպանությունները», ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: «Նախագահը հայտարարեց, որ ի գիտություն է ընդունել քննադատությունը և համարում է, որ Իսրայելի ղեկավարությունը պետք է ավելին անի հայերի սպանությունների հարցը բարձրացնելու համար: Նա կարևորել է տեղի ունեցած բանավեճը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ապրիլի 24-ի ոգեկոչման արարողություններին Իսրայելը ներկայացված էր պատվիրակությամբ, որի կազմում էին Հայաստանում Իսրայելի դեսպանն ու երկու խորհրդարանականներ: Նրանցից մեկը` ընդդիմադիր «Սիոնիստական ճամբար» ընդդիմադիր կուսակցությունից ընտրված Քնեսեթի փոխնախագահ Նահման Շայը կոչ արեց իր հայրենակիցներն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Դա մեր տարրական պարտականությունն է: Մենք այլևս չպետք է տատանվենք»,-ասել է նա:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---