Թուրք և ադրբեջանցի հաքերները չկարողացան հաջողության հասնել վիրտուալ ճակատում

Թուրք և ադրբեջանցի հաքերները չկարողացան հաջողության հասնել վիրտուալ ճակատում

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությունների անցկացման օրերին թուրք և ադրբեջանցի հաքերների խմբավորումները բազմաթիվ հարձակումներ են ձեռնարկել վիրտուալ ճակատում: Սակայն նման փորձերի ճնշող մեծամասնությունը ձախողվել է:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ հարևանների կողմից հարձակումները բազմաթիվ են եղել, սակայն ապարդյուն: Պատճառն այն է, որ տեղեկատվական դաշտի հայ ակտիվ մասնակիցները սպասում էին, որ ապրիլի 24-ին ընդառաջ և հաջորդ օրերին լուրջ գրոհներ կլինեն և նախապատրաստվել էին:

«Հետևաբար հարձակումների մեծ մասն աննկատ մնաց: Օրինակ, թուրքական հաքերների խմբավորումներից մեկը հայտարարեց, որ DDoS հարձակումներ է իրականացրել հայկական պետական կայքերի դեմ: Մասնավորապես, հիշատակվեցին ԱԳ, պաշտպանության, սփյուռքի նախարարությունների կայքերը: Սակայն իրականում այդ կայքերի աշխատանքի տեսանելի խափանումներ չեղան»,-ասել է փորձագետը:

Հաքերները նաև փորձել են խափանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական կայքը: Ինչպես ակնկալվում էր, այն դարձավ նման հարձակումների գլխավոր թիրախը` 24 ժամում անվտանգության համակարգն արձանագրել է ավելի քան 34 միլիոն հարձակում, սակայն կայքի աշխատանքը չի խափանվել:

«Ադրբեջանցի հաքերները կարողացան կոտրել միայն մի քանի տասնյակ հայկական կայքեր, որոնց թվում լուրջ հարթակներ չկային: Հարձակում է կատարվել նաև ավելի քան 250 կայքի դեմ, որտեղ Հայոց ցեղասպանությունը ժխտող քարոզչական տեղեկատվություն էր տեղադրվել: Սակայն այդ կայքերը «հայկական ծագում չունեն»,-ասել է Մարտիրոսյանը:

Միևնույն ժամանակ հայ հաքերներին հաջողվել է կոտրել ավելի քան 1000 թուրքական կայք, ինչպես նաև որոշ քանակի կայքեր Ադրբեջանում, որտեղ զետեղվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող տեղեկատվություն: DDoS հարձակման է ենթարկվել թուրքական տեսակետի քարոզչությամբ զբաղվող մոտ 10 կայք:

«Հարձակումների արդյունքում այդ հարթակների աշխատանքը խափանվել էր ապրիլի 23-24-ին: Ընդհանուր առմամբ թուրքական և ադրբեջանական հաքերային խմբերին չհաջողվեց գոնե մի փոքր շոշափելի արդյունքի հասնել` հատկապես Հայաստանից տեղեկատվական հոսքերի խափանման առումով: Միևնույն ժամանակ անսպասելիորեն ակտիվ եղան հաքերային հայկական խմբավորումները»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---