Պետդեպը Բաքվին կոչ է անում ազատել ձերբակալված լրագրողներին ու բլոգերներին

Պետդեպը Բաքվին կոչ է անում ազատել ձերբակալված լրագրողներին ու բլոգերներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կարծում է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն կատարում իրենց պարտականությունները քաղաքացիական իրավունքի և ազատության ոլորտում, մասնավորապես՝ կարծիք հայտնելու ազատության ոլորտում, և անարդարացիորեն կալանավորել են 12 լրագրողների և բլոգերների, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը։ «Ադրբեջանում 12 լրագրողներ և բլոգերներ ձերբակալվել են կամ հայտնվել են ճաղերի ետևում կառավարության հրամանով։ Նրանց թվում է Գիլալ Մամեդովը, ով բանտում է գտնվում 2013-ից»,- ասել է Հարֆը, հայտնում է Tert.am-ը:

«Մենք կոչ ենք անում անհապաղ ազատել Մամեդովին, ինչպես նաև մյուս լրագրողներին և բլոգերներին, ովքեր բանտում են հայտնվել միայն նրա համար, որ օգտվել են իրենց կարծիքն ազատ արտահայտելու իրավունքից։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել նմանատիպ հետապնդումները և այլ տեսակի ճնշումները անկախ ԶԼՄ-ների հանդեպ և կատարել իրենց պարտականությունները կարծիք հայտնելու ազատության ոլորտում»,- հայտարարել է պետդեպի ներկայացուցիչը։

Ապրիլի 22-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հայտնվել է ամենասահմանափակ մամուլով երկների առաջին հնգյակում: Հիմնվելով լրագրողների ազատազրկման, ռեպրեսիվ օրենքների և ճնշումների մասին տվյալների, ինչպես նաև համացանցային հասանելիության սահմանափակումների վրա՝ Նյու Յորքում գտնվող մամուլի շահերի պաշտպանությամբ զբաղվող խումբը՝ Լրագրողների պաշտպանության կոմիտեն ապրիլի 21-ին հրապարակել է թոփ 10 երկրների ցուցակը, որտեղ մամուլն ամենաշատն է սահմանափակված:

Ավելի վաղ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, մի շարք հայտնի իրավապաշտպաններ և դիվանագետներ բաց նամակով դիմել էին ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիին` պահանջելով հստակ պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական իշխանությունների այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր ակտիվերոն ներգրավված են երկրում մարդու իրավունքների խախտման և ազատությունների սահմանափակման գործընթացում: Իրավապաշտպանները նշում են, որ վերջին տարիների ընթացքում ադրբեջանական իշխանությունները իրենց «էներգետիկ կարևորության» քողի տակ զբաղված են մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով, այլախոհական ձայների լռեցմամբ, քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների ձերբակալություններով:

Ապրիլի 7-ին տարածվեց Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի (GRECO) զեկույցը, որն արդեն չորրորդ էր Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Զեկույցում ասվում է, որ անցանկալի ազդեցության բացառումն ու քաղաքական միջամտության վերացումը կարևորագույն պայմաններ են Ադրբեջանի օրենսդիր և դատական համակարգերում կոռուպցիայի վերացման համար:

Ավելի վաղ ամերիկյան առաջատար Foreign Policy Journal պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի ներպետական վերջին իրադարձությունների ֆոնին միջազգային ասպարեզում այդ երկրի հեղինակության լուրջ կորուստներին` եզրակացնելով, որ ադրբեջանական իշխանությունների կողմից անկախ լրագրողների նկատմամբ բռնաճնշումները արևմտյան լայն լսարանին ի ցույց դրեցին Ադրբեջանի ավտորիտար բնույթը: Պարբերականը անդրադառնում է անկախ լրագրողների, բլոգերների, իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության անդամների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից գործադրվող բռնաճնշումներին և ձերբակալություններին` նկատելով, որ այդ ամենը սկսվեց 2013թ-ի նախագահական ընտրություններից հետո:

2014-ի դեկտեմբերի 5-ին կալանավորվեց «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան: Նա տասնյակ աղմկահարուց հոդվածներ ու նյութեր է հրապարակել տեղական ու արևմտյան մամուլում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նրա ընտանիքի անդամների բիզնեսների մասին, ինչի համար տարիներ շարունակ հետապնդվել է: Երկու տարի առաջ նրան վարկաբակող տեսանյութ էր տարածվել համացանցում, այս տարի էլ իշխանությունները արգելել են մեկնել Պրահա՝ մասնակցելու միջազգային համաժողովի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---