15  Շառլ Ազնավուր

12 երգով ու անցյալի հիշողություններով՝ Ազնավուրը թողարկել է 51-րդ ձայնասկավառակը

12 երգով ու անցյալի հիշողություններով՝ Ազնավուրը թողարկել է 51-րդ ձայնասկավառակը

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր 91-րդ տարեդարձից երեք շաբաթ առաջ թողարկել է նոր ձայնասկավառակ: Encore անվանումը ստացած նոր ձայնասկավառակը երգահանի համար կլինի 51-րդը, վերջին՝ Toujours ալբոմը նա թողարկել էր 2011 թվականին:

Նոր ձայնասկավառակում աշխարհահռչակ Ազնավուրը մեկտեղել է 12 բոլորովին նոր երգ, որոնք ներկայացնում է որպես նվեր իր միլիոնավոր երկրպագուներին: Նշվում է, որ երգերից մի քանիսը նվիրված են հիմնականում իր անցյալի հիշողություններին, մանկությանը, ինչպես նաև ֆաշիզմի դեմ պայքարին, Paris Normandie-ին հղումով գրում է Tert.am-ը:

Ազնավուրն իր 91-րդ տարեդարձը կնշի մայիսի 22-ին։ Ողջ աշխարհում ֆրանսիական երգերի դեսպանը, մի կողմ դնելով հանգստի անցնելու բոլոր մտքերը, նշել է, որ շարունակում է մշտապես երգեր գրել ամեն օր:

«Չպետք է այդպես ասել, երբ նոր ալբոմ ես թողարկում, բայց ես արդեն գրել եմ հաջորդը…», - վստահեցրել է Ազնավուրը:

Ազնավուրն ապրիլի 24-ին Երևանում էր. նա այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մասնակցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությանը:

Շառլ Ազնավուրը նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Մանուկ հասակում նա տարվել է թատրոնով, իսկ 1940-ականներին Պիեռ Ռոշի հետ հանդես եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին՝ Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։

Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964-ին, 1996-ին ու 2006-ին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հրապարակը:

Հոկտեմբերի 3-ին Ազնավուրը համերգով հանդես եկավ Մոսկվայում: 90-ամյա երգիչը հայտարարում է, որ մտադիր է երգել մինչև 100-ամյակը՝ նշելով, որ ապրում է ակտիվ և առողջ կյանքով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---