Նալբանդյան. Լյուքսեմբուրգը համալրեց Ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքը

Նալբանդյան. Լյուքսեմբուրգը համալրեց Ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքը

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ` Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Շարունակվում է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման անշրջելի գործընթացը։ Հայաստանը ողջունում է Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի միաձայն ընդունումը։

Լյուքսեմբուրգի խորհրդարանը, հարգանքի տուրք մատուցելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ընդգծում է, որ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվածը հենց ցեղասպանություն է, և կոչ անում Թուրքիայի իշխանություններին առերեսվել սեփական պատմությանը։

Այս բանաձևի ընդունմամբ Լյուքսեմբուրգը համալրեց Ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքը և իր կարևոր ներդրումը բերեց մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման վեհ գործին»:

Լյուսքեմբուրգի Ներկայացուցիչների պալատն մայիսի 6-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել: Փաստաթղթի հեղինակը Լյուքսեմբուրգի քրիստոնյա-սոցիալական ժողովրդական կուսակցությունն էր: Կուսակցությունը ձգտում է, որ Լյուքսեմբուրգի Ներկայացուցիչների պալատը հետևի Ֆրանսիայի խորհրդարանի և Եվրախորհրդարանի օրինակին` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ըստ պատգամավոր Լորան Մոզարի, նախագծում ասվում է, որ «1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված հանցագործություններն ու վայրագությունները ցեղասպանություն էին»:

Ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունել էր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձև, որը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն:

Փաստաթուղթը նաև առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---