Մայր Աթոռը նույնպես Թուրքիայից կարող է պահանջել բռնազավթված սեփականությունը

Մայր Աթոռը նույնպես Թուրքիայից կարող է պահանջել բռնազավթված սեփականությունը

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնպես Թուրքիայից կարող է պահանջել Հայոց ցեղասպանության տարիներին եկեղեցուց բռնազավթված սեփականությունը վերադարձնել:

«Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ասել է. «Մենք հանձնարարական ենք տվել, ուսումնասիրվում է, որպեսզի համապատասխան փաստաթղթերը դուրս բերվեն: Սա գործընթաց է, որ բավական ջանք և աշխատանք է պահանջում, արխիվներն ուսումնասիրելու, արխիվային փաստաթղթերը վեր հանելու, համապատասխան իրավաբանական ձևակերպումներով հիմնավոր կերպով նման դատական հայցեր ներկայացնելու Թուրքիայի իշխանություններին, դատական ատյաններին»,- ասել է Գարեգին Երկրորդը, հայտնում է Panorama.am-ը:

Ինչպես հայտնի է, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը հայց է ներակայացրել Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Թուրքիայի Սահմանադրական դատարան:

«Հայ եկեղեցու ունեցվածքը պատկանում է հայ եկեղցուն: Սիսի կաթողիկոսության վերականգնումը հարգանք կլինի արդարությանը», - նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր խոսքում ընդգծելով, որ սա միայն առաջին քայլն է հայ եկեղեցու ունեցվածքն իրավատիրոջը վերադարձնելու ուղղությամբ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ազգային պահանջատիրության ուղղությամբ գործնական քայլերի հեռանկարով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը կարևորել է Սիսի կաթողիկոսարանի և ազգապատկան ու եկեղեցապատկան այլ կալվածքներ վերադարձը՝ հայերի խախտված իրավունքների վերականգնման համատեքստում: Անցած երկու տարում այս հայցի նախապատրաստական աշխատանքներին մասնակցել է թուրքական և միջազգային դատավարական օրենքների մասնագետներից կազմված հանձնախումբ՝ Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ:

Դեռ 2014-ի սեպտեմբերի 19-ին «Հայաստան-Սփյուռք» համահայկական 5-րդ համաժողովի բացման ժամանակ է Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա Կաթողիկոսը հայտարարեց, որ պատրաստվում է հայց ներկայացնել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով պատմական կենտրոնի` Սիսի կաթողիկոսարանի վերադարձն իրավատիրոջը` հայ եկեղեցուն ու հայ ժողովրդին:

Մինչդեռ Մարդու իրավունքների գծով մասնագիտացած թուրք իրավաբան Ջեմ Սոֆուօղլուն նշել է, որ նման բովանդակությամբ սա առաջին դատական գործն է Թուրքիայում: «Դատական հայցը, որ երկուշաբթի ներկայացրեցի Թուրքիայի Սահմանադրական դատարան այս բնույթի առաջին գործն է Թուրքիայում` եկեղեցական գույքն իր տերերին վերադարձնելու պահանջով»,- ասել է նա` հավելելով, որ դատավարության ընթացքում չի շոշափվելու Հայոց ցեղասպանության հարցը:

Պատասխանելով հարցին, թե ինչքան տարածք է զբաղեցնում Սիսի կաթողիկոսարանը, դատական գործով թուքական օրենսդրության մասով խորհրդատուն նշել է, որ հստակ տեղեկություն չկա, քանի որ 1983-ին և 2001-ին ընդունած հատուկ կարգավորումներով թուրքական իշխանություներն արգելել են հետազոտել հայկական գույքի գրանցամատյանները: «Որքան որ ես կարող եմ գնահատել, ելնելով նկարներից և 2 անգամ այցելելով այդ տարածքով, այն մեծ է»,- ասել է Սոֆուօղլուն, որին ևս Կոզանի վարչական շրջանի հողի սեփականության գրանցամատյաններն ուսումնասիրել արգելել են:

Ավելի վաղ՝ փետրվարի 7-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքում տեղի ունեցած Ազգային կենտրոնական վարչության կրոնական ու քաղաքական ժողովների լիակատար նիստերում քննարկվել է նաև Սիսի պատմական Կաթողիկոսարանի պահանջի վերաբերյալ Թուրքիայի դեմ ներկայացվելիք դատական հայցը: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն հայտարարել էր, որ առաջիկա երկու շաբաթում Սիսի կաթողիկոսարանի հարցով թուրքական դատարանում հայց կներկայացվի՝ շեշտելով, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրերի շարքում այս դատը եզակի տեղ պիտի գրավի: Դատական հայցի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հայապատկան կալվածքների վերադարձի հարցին՝ հատուցման համատեքստում:

Արամ Ա-ն նշել է, որ եթե դատը մերժվի Թուրքիայի սահմանադրական դատարանի կողմից, այն կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Բազմիցս ասել ենք ու միշտ պետք է կրկնենք ի լուր մեր ժողովրդին, ցեղասպանին և միջազգային հանրությանը, որ մենք պահանջատեր ենք և հավատարիմ ենք մնում մեր նահատակների սրբազան կտակին` որքան էլ ցեղասպանը իր մարտավարական ու ռազմավարական սադրանքներով և նյութական միջոցներով փորձի նսեմացնել ու աղավաղել մեր պահանջատիրությունը միջազգային հանրության առջև: Չենք կարող անտարբեր մնալ մեր ազգի ոտնահարված իրավունքների նկատմամբ, անտարբերությունն ազգային դավաճանություն է:

Մենք ճանապարհ ենք ելել այս հեռանկարով: Եթե դատը շահենք, պատիվը և հաղթանակը կգնա մեր ժողովրդին, մեր հայրենիքն և եկեղեցուն: Իսկ եթե դատը պարտվենք, դարձյալ հաղթանակած կլինենք, որովհետև ցեղասպանին ու միջազգային հանրությանը գործնականորեն հիշեցրած կլինենք, որ հայ ժողովուրդը պահանջատեր է իր իրավունքներին` անկախ նրանից, թե քանի տարի է անցել Հայոց ցեղասպանությունից: Վերջապես, գիտենք, որ այս դատը նյութական մեծ ներդրում է պահանջում: Ամեն դեպքում, մենք վստահում ենք մեր ժողովրդին, որովեհտև եկեղեցին ժողովուրդն է, և եկեղեցական որևէ կենտրոն մեր ժողովրդի սեփականությունն է»:

Քաղաքական իրավիճակով պայմանավորված Կիլիկիայի տարբեր շրջաններից հետո 1295-ին Կաթողիկոսարանը հաստատվեց մայրաքաղաք Սիսում: 1921-ին Օսմանյան Թուրքիայի կառավարությունը երկու օրվա վերջնագիր ներկայացրեց Սահակ Բ Խապայան կաթողիկոսին՝ Կաթողիկոսարանը լքելու պահանջով: Վեհափառը, իր հետ վերցնելով ձեռագրեր, ծիսական սպասքը, ներառյալ մյուռոնի կաթսան, փոքրաթիվ միաբանների հետ հաստատվել է նախ Երուսաղեմում, ապա Հալեպում, Դամասկոսում, Կիպրոսում և 1930-ին Անթիլիասում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---