Մայիսին Ստամբուլում Սիսի կաթողիկոսարանի դատի վերաբերյալ ասուլիս կկազմակերպվի

Մայիսին Ստամբուլում Սիսի կաթողիկոսարանի դատի վերաբերյալ ասուլիս կկազմակերպվի

PanARMENIAN.Net - Հովվապետական այցով ԱՄՆ-ում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը ուշադիր հետևում է Թուրքիայի սահմանադրական դատարանում Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցով բացված դատին, ասվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքում:

Այս կապակցությամբ Նորին Սրբությունը Վաշինգտոնում աշխատանքային հանդիպում է ունեցել դատի հանձնախմբի անդամ դոկտոր Թաներ Աքչամի հետ, ով դրական է գնահատել կատարված աշխատանքները: Վեհափառ Հայրապետը, ընդգծելով վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ ելույթները, կարևորությամբ շեշտել է աշխատանքները նույն թափով շարունակելու անհրաժեշտությունը: Արդյունքում որոշվել է Ստամբուլում մայիսին` Թուրքիայում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, Կաթողիկոսարանի դատի վերաբերյալ ասուլիս տալ, հայտնում է Panorama.am-ը:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը կապի մեջ է նաև հանձնախմբի այլ անդամների հետ և ուշադիր հետևում է միջազգային մամուլին և Թուրքիայի հակազդեցություններին:

Ապրիլի 28-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը տեղեկություն տարածեց Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Թուրքիայի Սահմանադրական դատարանում հայց ներակայացնելու մասին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ազգային պահանջատիրության ուղղությամբ գործնական քայլերի հեռանկարով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը կարևորել է Սիսի կաթողիկոսարանի և ազգապատկան ու եկեղեցապատկան այլ կալվածքներ վերադարձը՝ հայերի խախտված իրավունքների վերականգնման համատեքստում: Անցած երկու տարում այս հայցի նախապատրաստական աշխատանքներին մասնակցել է թուրքական և միջազգային դատավարական օրենքների մասնագետներից կազմված հանձնախումբ՝ Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ:

Դեռ 2014-ի սեպտեմբերի 19-ին «Հայաստան-Սփյուռք» համահայկական 5-րդ համաժողովի բացման ժամանակ է Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա Կաթողիկոսը հայտարարեց, որ պատրաստվում է հայց ներկայացնել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով պատմական կենտրոնի` Սիսի կաթողիկոսարանի վերադարձն իրավատիրոջը` հայ եկեղեցուն ու հայ ժողովրդին:

Արամ Ա-ն հայտարարեց, որ եթե դատը մերժվի Թուրքիայի սահմանադրական դատարանի կողմից, այն կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Բազմիցս ասել ենք ու միշտ պետք է կրկնենք ի լուր մեր ժողովրդին, ցեղասպանին և միջազգային հանրությանը, որ մենք պահանջատեր ենք և հավատարիմ ենք մնում մեր նահատակների սրբազան կտակին` որքան էլ ցեղասպանը իր մարտավարական ու ռազմավարական սադրանքներով և նյութական միջոցներով փորձի նսեմացնել ու աղավաղել մեր պահանջատիրությունը միջազգային հանրության առջև: Չենք կարող անտարբեր մնալ մեր ազգի ոտնահարված իրավունքների նկատմամբ, անտարբերությունն ազգային դավաճանություն է:

Քաղաքական իրավիճակով պայմանավորված Կիլիկիայի տարբեր շրջաններից հետո 1295-ին Կաթողիկոսարանը հաստատվեց մայրաքաղաք Սիսում: 1921-ին Օսմանյան Թուրքիայի կառավարությունը երկու օրվա վերջնագիր ներկայացրեց Սահակ Բ Խապայան կաթողիկոսին՝ Կաթողիկոսարանը լքելու պահանջով: Վեհափառը, իր հետ վերցնելով ձեռագրեր, ծիսական սպասքը, ներառյալ մյուռոնի կաթսան, փոքրաթիվ միաբանների հետ հաստատվել է նախ Երուսաղեմում, ապա Հալեպում, Դամասկոսում, Կիպրոսում և 1930-ին Անթիլիասում:

Մինչդեռ մայիսի 11-ին հայտնի դարձավ, որ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնպես Թուրքիայից կարող է պահանջել Հայոց ցեղասպանության տարիներին եկեղեցուց բռնազավթված սեփականությունը վերադարձնել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---