Հետազոտություն. ՀՀ դպրոցական կրթական համակարգն աշխարհում արդյունավետությամբ 50-րդն է

Հետազոտություն. ՀՀ դպրոցական կրթական համակարգն աշխարհում արդյունավետությամբ 50-րդն է

PanARMENIAN.Net - Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) հատուկ հետազոտություն է անցկացրել`գնահատելու համար դպրոցական կրթության արդյունավետությունը տարբեր երկրներում: Հիմք են ծառայել աշխարհի 76 պետություններում անցկացված թեստային ստուգումները մաթեմատիկայից և բնագիտությունից: Հետազոտության արդյունքներով Հայաստանի դպրոցական կրթական համակարգը 50-րդ տեղում է հայտնվել:

Ընդ որում Հայաստանը տարածաշրջանում զիջում է միայն Թուրքիային, որը 41-րդ տեղում է: Վրաստանն ու Իրանը զբաղեցրել են 59-րդ և 51-րդ հորիզոնականները համապատասխանաբար: Ադրբեջանն ընդհանրապես ընդգրկված չի եղել հետազոտության մեջ: Աշխարհում ամենաարդյունավետ դպրոցական համակարգ ունեցող երկիր է ճանաչվել Սինգապուրը:

Թեստերը ցույց են տվել, որ լավագույն արդյունքները ցույց են տալիս Ասիայի երկրների դպրոցականները: Երկրորդ տեղում են Հոնկոնգի ներկայացուցիչները, հաջորդում են Հարավային Կորեան, Ճապոնիան և Թայվանը: Եվրոպական պետություններից ամենաբարձր ցուցանիշն ունի Ֆինլանդիան` 6-րդ տեղը, Ռուսաստանը 34-րդն է: Վարկանիշի վերջին հորիզոնականում Գանան է:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (Organisation for Economic Co-operation and Development, OECD) զարգացած երկրների միջազգային տնտեսական կազմակերպություն է, որը ճանաչում է ժողովրդավարության և ազատ շուկայական տնտեսության սկզբունքները: Ստեղծվել է 1948-ին որպես Եվրոպական տնտեսական համագործակցության կազմակերպություն (Organisation for European Economic Co-operation, OEEC) Եվրոպայի տնտեսական վերակառուցման նախագծերի համակարգման համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---