Հայկական ռազմարդյունաբերություն. Գործարաններն արդիականացնելով և կադրեր պատրաստելով՝ մեծ ապագա ունենք

Հայկական ռազմարդյունաբերություն. Գործարաններն արդիականացնելով և կադրեր պատրաստելով՝ մեծ ապագա ունենք

PanARMENIAN.Net - Հայկական բանակը մարտունակ է, պատրաստ կատարելու ցանկացած առաջադրանք՝ նվազագույն կորուստներով, հայտարարել է պաշտպանության փոխնախարար, ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Նորարարական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները ՀՀ զինված ուժերում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:

Անդրադառնալով ռազմարդյունաբերության ստեղծման և զարգացան խնդիրներին՝ փոխնախարարը նշել է, որ այս ուղղությամբ կատարվել է ԶՈւ սպառազինության ընթացիկ և երկարաժամկետ ծրագրերի համալիր մշակում: Միրզաբեկյանը ռազմարդյունաբերության կայացման ընթացքը կարելի է բաժանել չորս փուլի, գրում է Tert.am-ը:

«Առաջին փուլը պատերազմական տարիներն են՝ մինչև 94-ը, երբ հիմնական խնդիրն է եղել տեխնիկայի վերանորոգումն ու պահպանումը: Պետք է հնարավորություն ստեղծվեր տեխնիկան ամբողջությամբ պահել մարտական վիճակում: Մենք համարյա որևէ տեխնիկա չենք ուղարկել արտերկիր վերանորոգման համար»,- ասել է նա:

Երկրորդ փուլը, փոխնախարարի խոսքով, հետպատերազմյան տարիներն էին՝ 1995-2001 թթ, երբ առաջ քաշվեցին գիտահետազոտական և փորձաստրուկտուրական աշխատանքների հնարավորությունները և նպատակահարմարությունը, պետական պատվերով կատարվեցին գիտահետազոտական աշխատանքներ:

Երրորդ փուլը 2001-2010 թթ-ն է, երբ հաստատվեց ռազմատեխնիկական քաղաքականությունը՝ հնարավորինս մարտունակ վիճակում պահել, ռազմական տեխնիկան, հնարավորության դեպքում արդիականացնել և իրականացնել ռազմական տեխնիկայի արտադրության մշակում և արտադրություն:

Տվյալ փուլում էլ, ըստ նրա, առաջ եկան մի շարք խնդիրներ, որոնք առաջնահերթ լուծման պահանջ ունեին: «Օրինակ՝ խորհրդային ժամանակներից ժառանգություն ստացած տեխնոլոգիական սարքավորումները գրեթե ամբողջությամբ ֆիզիկապես և բարոյապես մաշված էին, և այդ բազայի վրա նոր արտադրական տեխնիկայի մշակում և առանձնապես արտադրությունը դառնում էր համարյա անհնար: Լուրջ խնդիրներ կային և ներկայումս էլ կա՝ կադրերի պատրաստման հարցը: Այսպես՝ ինժեներական և կադրային տարիքային ցենզը տանում է 55-70 տարեկանը, կադրերի վերապատրաստման ուղղությամբ քայլեր չանելը կբերի արմատական խնդիրների»,- ասել է նա և նշել, թե հիմնականում աշխատողները ստանում են 120-150-հազար դրամ և երիտասարդները, մասնագիտանալով, ավելի բարձր առաջարկ են ստանում և հեռանում։

Չորրորդ փուլը 2010-ից առ այսօր է, որի ժամանակ էլ հաստատվել է ռազմական արդյունաբերության բարեփոխումների 2010-2015 թթ-ի հայեցակարգը և սահմանվել են գերակա ուղղությունները ինչպիսիք են՝ անհրաժեշտ հզորությունների ստեղծում, գոյություն ունեցող սպառազինության արդիականացում, պայթուցիկ նյութերի արտադրության նպատակով ռազմական քիմիայի վերականգնում, նոր տեսակի զինամթերքի ստեղծում, հակաօդային պաշտպանությունը և այլն:

Վերջում փոխնախարարը նշել է, թե այս ուղղությամբ ՀՀ-ն ունի մեծ ապագա, եթե ծրագրի շրջանակներում լուծվեն երկու հիմնախնդիրները:

«Ամենակարևոր խնդիրը մեր արդյունաբերական գործարանների արդիականացնում է. առանց տվյալ խնդիրը լուծելու՝ մենք հետագայում լուրջ խնդրի առաջ կկանգնենք»,-ասել է նա և հավելել՝ երկրորդ խնդիրը մասնագետների պատրաստումն է և ոլորտի մասնագետների տարիքային ցենզը։ Այս հարցը, փոխնախարարի խոսքով, պետք է լուծվի Կրթության և գիտության նախարարության հետ:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին հետաքրքրել է մասնավորապես անօդաչու թռչող սարքերի արտադրությունը: «Մեր երկրում կարողանում ենք արդյունավետ բանակային անօդաչու սարքեր ստեղծել, և դա մրցունակ է, փորձելո՞ւ ենք վաճառք կազմակերպել, որպեսզի ռազմաարդյունաբերության այս ճյուղով ներկայանանք աշխարհին»,- ասել է Էնֆիաջյանը՝ շեշտելով, որ հարևան Ադրբեջանը ռազմարդյունաբերության վրա մեծ ուշադրություն է դարձնում, չնայած արտադրությունը հիմնականում իրենց երկրում չէ:

Պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը խորհուրդ է տվել չգերագնահատել Ադրբեջանի ռազմաարդյունաբերությունն ու ռեսուրսները և ընդգծել է. «Մենք դա արել ենք, չենք զիջում որևէ երկրի՝ ինչպես օրինակ Իսրայելի ու Ֆրանսիայի արտադրությանը։ Մի փոքր խնդիր ունեինք ավտոպիլոտ համակարգի հետ կապված, սակայն մասնագետներն աշխատանքներ են տանում։ Եթե տվյալ խնդիրը արդի չլիներ, ռազմարդյունաբերության զարգացման մասին օրենք չէինք առաջարկի, որը դուք ընդունել եք, և օրենքում հստակ գրված է, թե որ ուղղություններով ինչ աշխատանքներ պետք է իրականացվեն»:

Մարտի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է ռազմարդյունաբերության համալիրի մի շարք ձեռնարկություններում: Ոլորտի պատասխանատուների և մասնագետների ուղեկցությամբ նա տեղում ծանոթացել է ձեռնարկություններում արտադրվող ռազմական տեխնիկայի նմուշներին, հայրենական արտադրության սպառազինության զինատեսակներին, ընկերությունների կողմից մշակված և թողարկված նորարարական արտադրատեսակներին:

Սեյրան Օհանյանին ներկայացվել են նաև սպառազինության ու ռազմական արդյունաբերության ընդլայնման ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքները, զարգացման ծրագրերն ու ռազմարդյունաբերության ոլորտի բարեփոխումները: Նախարարը ոլորտի պատասխանատուներին տվել է համապատասխան ցուցումներ և նախանշել որոշ ուղղություններ:

Սեյրան Օհանյանը ռազմարդյունաբերական համալիրի մեկ այլ ձեռնարկություն էր այցելել մարտի 3-ին: Նախարարը ծանոթացել էր ձեռնարկության շենքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, ռազմական նշանակության արտադրանքի նմուշներին, ինչպես նաև ռազմական տեխնիկայի արդիականացման ու վերանորոգման լայնածավալ աշխատանքներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---