Հրիսթեա. ԵՄ-ն ու ՀՀ-ն չեն սահմանափակվի միայն քաղաքական գործակցությամբ

Հրիսթեա. ԵՄ-ն ու ՀՀ-ն չեն սահմանափակվի միայն քաղաքական գործակցությամբ

PanARMENIAN.Net - Ռիգայում մայիսի 21-ին մեկնարկող Արևելյան գործընկերության գագաթնաժողովից երեք օր առաջ Եվրամիությունը հայտարարում է՝ պատրաստ է Հայաստանի հետ առաջարկությունների նոր փաթեթ ստորագրել, այն էլ ոչ միայն քաղաքական մասով։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան հրաժարվեց մանրամասներ հրապարակել, սակայն նշեց, որ Լատվիայի մայրաքաղաքում սպասվող գագաթաժողովը նոր հնարավորություններ կարող է ընձեռել Հայաստանին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ արդեն պատրաստ է, այն կարող է ընդունվել Ռիգայի գագաթաժողովում, բայց քանի դեռ այդ փաստաթղթերը բանակցային փուլում են, ես չեմ կարծում, որ այս պահին ճիշտ կլինի մանրամասներ հաղորդել։ Բայց հստակ կարող եմ ասել, որ միայն քաղաքական համագործակցությամբ չենք սահմանափակվելու։ Բոլոր այն ուղղությունները, որոնք նախանշվել էին 2013 թվականի Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ, պետք է որ արդեն հաստատում գտնեն այս փաստաթղթերում և ստորագրվեն»,- ասաց Եվրամիության դեսպանը։

Չնայած որ 2013-ին երեք ու կես տարի բանակցելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց հետ կանգնել Ասոցացման համաձայնագրից, Հրիսթեան ընդգծում է՝ Եվրամիությունը հարգանքով մոտեցավ այդ որոշմանը և չդադարեցրեց ու մինչ այժմ շարունակում է ֆինանսական աջակցությունը Հայաստանին՝ նախապես համաձայնեցված ոլորտներում։

«Արդեն կարող եմ ասել, որ մենք այս տարվա սկզբից սկսել ենք իրականացնել, այսպես ասած, վերանայված հանձնառությունները, կամ արդեն նոր հաստատված համաձայնությունները Հայաստանի հետ, ինչպես նաև ֆինանսական ամբողջ փաթեթը, որը ստորագրվեց այս տարվա սկզբին՝ 140-170 միլիոն եվրոյի չափով։ Պետք է նշեմ, որ նույնիսկ եթե գնահատենք այս աջակցությունը մեկ շնչի հաշվով, կարող եմ ասել, որ այն շատ հստակ համեմատելի է, և նույնիսկ հավասար այն աջակցության հետ, որը տրամադրվում է արդեն Ասոցացման համաձայնագիրը ստորագրած երկրներին»,- ընդգծեց Եվրամիության ներկայացուցիչը։

Եվրամիությունն, ըստ Հրիսթեայի, հետևում է նաև նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին։ Վենետիկի հանձնաժողովի նման Եվրամիությունը ևս կարևորում է, որ մայր օրենքի փոփոխության հարցում իշխող Հանրապետականը լայն քաղաքական կոնսոլիդացիա ձևավորի։

«Եվրամիությունը միտված է հետևելու Վենետիկի հանձնաժողովի առաջարկներին, որոնց հիմնական ուղղությունը վերաբերում է գործընթացը հնարավորինս համակողմանի դարձնելուն, այսինք հնարավորինս շատ շահագրգիռ կողմերին այս հարցում ներգրավելուն, և իհարկե, մենք կշարունակենք հետևել այս գործընթացին»,- ասաց Հրիսթեան։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին՝ ԵՄ դեսպանն ընդգծեց, որ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը շարունակում է մնալ Եվրամիության ուշադրության կենտրոնում, սակայն դժվարացավ պատասխանել հարցին, թե կարո՞ղ է արդյոք Ռիգայի գագաթաժողովը Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հերթական հանդիպման առիթ դառնալ։

Ավելի վաղ Լատվիայի արտգործնախարարության «Արևելյան գործընկերություն» ծրագրի հարցերով դեսպան Յուրիս Պոյկանսը New Eastern Europe հանդեսի հետ զրույցում անդրադարձավ ընթացիկ տարվա մայիսի 21-ին և 22-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին, որն անցկացվելու է 2013թ. ի վեր առաջին անգամ:

Պաշտոնյան իր խոսքում նշել է, որ «իրենք կուզենային ավելի շատ պաշտոնական կապեր ունենալ մասնավորապես Հայաստանի, Ադրբեջանի ու Բելառուսի հետ»:

«Եվրոպական միության դաշնակիցների հետ մենք փորձում ենք այս պետություններից ամեն մեկի նկատմամբ անհատական մոտեցում մշակել: Եկեք քննարկենք օրինակ Հայաստանի դեպքը: Ռիգայի գագաթաժողովի շրջանակներում մենք կարող ենք հայտարարել ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր համաձայնագրի վերաբերյալ բանակցային գործընթացի մեկնարկի մասին: Թեև դա Ասոցացման համաձայնագիր չէ, այնուհանդերձ՝ այն բխում է Հայաստանի շահերից:

Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը ցանկանում է ստորագրել ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր, և այժմ մենք սպասում ենք այդ համաձայնագրի ստեղծմանը վերաբերող ադրբեջանական կողմի առաջարկներին»,- ասել է դեսպանը:

Լատվիացի դիվանագետը նաև իր խոսքում հատուկ ընդգծել է, որ «կայանալիք գագաթաժողովն ամենևին էլ ուղղված չէ Ռուսաստանի շահերի դեմ» : Ըստ Պոյկանսի՝ «իրենք ցանկանում ենք Ռուսաստանի հարևանների հետ, որոնք, ի դեպ, նաև իրենց հարևաններն են, Եվրոպայի սահմաններից դուրս ստեղծել բարգավաճող և կայուն գոտի»:

2013-ի սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

2015-ի հունվարի 2-ից Հայաստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---