Թուրքական արխիվում համշենահայերի մասին կարևոր տեղեկություններով 2 փաստաթուղթ է գտնվել

Թուրքական արխիվում համշենահայերի մասին կարևոր տեղեկություններով 2 փաստաթուղթ է գտնվել

PanARMENIAN.Net - Թուրք հետազոտող Էրոլ Քեթենջին Ստամբուլում կառավարության օսմանյան արխիվում Համշենի և համշենահայերի վերաբերյալ կարևոր տեղեկություններ պարունակող երկու փաստաթուղթ է գտել:

1913 թվականի հունիսի 1-ով թվագրվող փաստաթղթերից մեկը Օսմանյան բանակի գլխավոր շտաբի կողմից Ներքին գործերի նախարարությանը ուղարկված փաստաթուղթ է, «Ակօս» շաբաթաթերթին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Փաստաթղթում նշվում է, որ «Համշենի շրջանի գյուղերի (անունները մեկ առ մեկ հիշատակվում են փաստաթղթում) Համշեն անունով հայտնի բնակչությունը հայկականությունից հեռացած մահմեդականներ են»: Երկրորդ փաստաթուղթը (1913 թվականի հունիսի 3) Ներքին գործերի նախարարության կողմից Տրապիզոնի նահանգապետարան ուղարկված պաշտոնական գրություն է, որի մեջ մեկ առ մեկ նշված են գյուղերի անուններ, որոնց բնակչությունը «ծագումով հայեր են, բայց կրոնափոխ են եղել»:

Հակիրճ ներկայացնելով փաստաթղթերի բովանդակությունը՝ «Ակօսը» գրում է՝ երկու փաստաթղթի հիմնական նպատակը չթողնել, որ համշենցիները «միամտության և անփորձության պատճառով տեղի տան միսիոներների խաբեություններին»:

Փաստաթղթերի մասին կարծիք է հայտնել Երևանի Պետական Համալսարանի հայագիտության և բանասիրության ֆակուլտետի դասախոս Հայկազուն Ալվրցյանը:

Նա հայտնել է, որ Համշենի և համշենցիների շուրջ վերջին շրջանում հետաքրքրությունը մեծացել է և գիտական աշխատությունների կողքին կան նաև պատվերով գրված աշխատություններ: Վերջինները, ըստ մասնագետի, հիմնականում միտված են իսլամացված համշենցիների պատմությունն ամբողջապես խեղաթյուրելուն: Հիմնականում համշենահայերը ներկայացվում են որպես թուրքական ծագում ունեցող տարր: «Չնայած համշենցիները իրենց երբեք թուրք չեն ներկայացրել, բայց նրանց մեծամասնությունը վախից կամ այլ գործոնների պատճառով չեն բարձրաձայնել իրենց հայկական ինքնության մասին»,-ասել է Ալվրցյանը:

Նրա կարծիքով փաստաթղթերը գիտական բացահայտումներ են ներկայացնում, որոնք Ալվրցյան ներկայացրել է 4 կետով.

1. Հերքվում են Թուրքիայի իշխանությունների և նրանց ուղղորդմամբ «գիտական պնդումներ» առաջ քաշող շրջանակների մեկնաբանությունները թե համշենցիները հայեր չեն:

2. Փաստաթղթերում տեղ գտած «համշենցիների միամիտ և անփորձ լինելու պատճառով այնտեղ միսյոներների գործունեությունը շատ հետ կլինի» արտահայտությունը ուշագրավ է: Հետաքրքիր է, որ արմատներով հայ, սակայն կրոնափոխ ներկայացվող համշենցիների հարևանությամբ նաև մահմեդական լազեր են բնակվում, սակայն վերջիններիս համար չեն վախենում, որ կարող են միսյոներների թակարդը ընկնել: Միգուցե փաստաթղթի հեղինակները «միսյոներ» անվան տակ հայերին են նկատի ունեցել:

3. Ըստ փաստաթղթերից ստացած տեղեկության համշենահայերի իսլամացումից անցել է 200 տարի, սակայն իշխանությունները վախենում էին որ համշենահայերը կարող են վերադառնալ իրենց հայկական ինքնությունը և նախահայրերի կրոնին:

4. Վերջապես փաստաթղթերը շատ կարևոր հարց են օրակարգ բերում. Ով, երբ և ինչո՞ւ են համշենահայերի պատմությունը ցանկացել աղավաղել:

Էրոլ Քեթենջին հավելել է, որ փաստաթղթերի հայտնաբերումը ցույց է տալիս, որ որևէ բան հավերժ գաղտնի չի կարող մնալ:

Համշենը 8-րդ դարի վերջից հայաբնակ գավառակ էր Սև ծովի հարավ-արևելյան ափին, ներկայում՝ քաղաք: 18-րդ դարի վերջին 19-րդ դարի սկզբին ծավալվել է Համշենի հայերի բռնի մահմեդականացումը։ Դավանափոխ հայերին անվանել են «կեսկեսներ» (միաժամանակ գործածել են հայերը և թուրքերը)։ Հայ բանասեր, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը հիշատակում է Համշեն գավառակի Տափ, Քոշտենց, Եղնովիտ, Ամոգվա, Միծմուն, Ժանընտոց, Մոլևինց, Ուսկուրտա, Շնիչվա, Գուշիվա, Որդնենց, Մակրևինց, Խապագ, Վիժե Վերին, Վիժե Ներքին գյուղերը, Խալա վիճակը։ Ամբողջությամբ դավանափոխվել են Համշենի, Խալայի և Վիժեի հայերը, եղնովիտցիները պահպանել են քրիստոնեական հավատը, իսկ մյուս բնակավայրերը (կրոնական առումով) ունեին խառը բնակչություն։ Համշենահայերը ապրում էին բնատնտեսական կյանքով, զբաղվում էին հացահատիկի, ծխախոտի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---