ԱԳ նախարարը Ղարաբաղի խնդրի, Թուրքիայի հետ հարաբերությունների և գլոբալ մարտահրավերների մասին

ԱԳ նախարարը Ղարաբաղի խնդրի, Թուրքիայի հետ հարաբերությունների և գլոբալ մարտահրավերների մասին

PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարը, որն անցնում է «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տևական խաղաղության խթանումը տարածաշրջանում» կարգախոսով: Սեմինարի բացման նստաշրջանին ելույթ է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Վերջին տարիներին միջազգային հարաբերություններում ծավալվող նորօրյա մարտահրավերները, անվտանգության միջավայրի սպառնալիքները, որոնք եկել են գումարվելու դեռևս լուծման կարոտ հիմնահարցերին, առավել արդիական են դարձնում նման քննարկումները: Հուսով եմ, որ երևանյան սեմինարը հնարավորություն կտա անդրադառնալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ խնդիրներին և արդյունավետ ներդրում կկատարի դրանց հանգուցալուծմանն ուղղված քննարկումներում, ասել է նախարարը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը` Նալբանդյանն ասել է. «Հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը առաջնային նշանակություն ունի: Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները, և հնարավոր չէ մեկ ընդհանրական բանաձև կիրառել դրանց կարգավորման նպատակով: Հակամարտությունների հանգուցալուծմանն ուղղված ջանքերը պետք է ընթանան համաձայնեցված հատուկ բանակցային ձևաչափերի շրջանակներում և պետք է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնասել այդ բանակցային գործընթացները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է, և կարևոր է ոչ միայն ձևական, այլ նաև գործնական աջակցություն ցուցաբերել եռանախագահների կողմից գործադրվող ջանքերին` ուղղված հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:

Հայաստանը գնահատում է ՆԱՏՕ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելությանը, որն ուղղված է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ, բանակցային միջոցներով կարգավորմանը: Սակայն անընդունելի են նշված մոտեցմանը հակառակ` Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը չհամապատասխանող ՆԱՏՕ-ի որոշ փաստաթղթերում առկա ձևակերպումները, որոնք արդյունք են հանդիսանում, ինչպես Ուելսի գագաթաժողովում նշեց Նախագահ Սարգսյանը՝ «սեփական ժողովրդի աչքում մեր հարևան բռնապետի դեմքը փրկել ցանկացող ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի լոբբինգի»: Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ դա լուրջ խոչընդոտ է հանդիսանում հիմնախնդրի կարգավորման համար»:

«Անդրադառնալով ԼՂ հակամարտության ներկա փուլին՝ պետք է նշել, որ Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին և անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար: Նա մերժում է Մինսկի խմբի համանախագահների առաջարկները ոչ միայն հիմնահարցի կարգավորման հիմնարար սկզբունքների, այլև՝ վստահության ամրապնդման միջոցների իրականացման վերաբերյալ: Այդ առաջարկներն արդյունքն են նախորդ վեց տարիների անխոնջ ջանքերի` շուրջ քսան գագաթաժողով, նախարարական մակարդակի մի քանի տասնյակ հանդիպում, համանախագահների անթիվ այցեր տարածաշրջան:

Վերջին մեկ տարում Բաքուն լրջորեն սրել է իրավիճակը` զգալիորեն մեծացնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և թիրախավորելով քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ ծանր զինատեսակների օգտագործմամբ: Բաքվի այս քաղաքականությունը պատճառ է հանդիսացել աննախադեպ մեծ թվով կորուստների՝ հակամարտության բոլոր կողմերի համար:

Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հետևանք հանդիսացող շարունակական լարվածության պայմաններում համանախագահները Բաքվին «խիստ մտահոգություն հայտնեցին շփման գծի և Հայաստան - Ադրբեջան սահմանի երկայնքով ներխուժումների առնչությամբ»: Նրանք ուղղակիորեն կոչ արեցին «Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորություններին»: Համանախագահները հարկադրված էին Բաքվին հիշեցնել իրենց մանդատի մասին և մտահոգություն հայտնել ընթացող բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ դիտորդների պարտականությունների նկատմամբ Բաքվից հնչող քննադատության վերաբերյալ: Կարևոր է, որ համանախագահները հստակորեն մատնանշեցին բռնության պատասխանատու, ապակառուցողական կողմին: Սակայն, ոչինչ չի զսպում Ադրբեջանին»,-ասել է նախարարը:

«Ադրբեջանական սադրանքները արտահայտվում են նաև մշտական ռազմատենչ հռետորաբանությամբ և հակահայկական ատելության քարոզով: Ադրբեջանը, որը վերջին տասը տարում երեսուն անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն, շարունակաբար սպառնում է լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով: Ադրբեջանում այն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր խաղաղության և հաշտեցման ջատագովներ են, շինծու մեղադրանքներով հայտնվում են ճաղերի հետևում: Կարծում եմ, որ միջազգային հանրությունը բաձրաձայն պետք է դատապարտի նման կեցվածքը, որը միայն փակուղի է տանում և առաջին հերթին՝ ադրբեջանական հասարակությանը:

Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, մշտապես կողմ է եղել և մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին շարունակելու ջանքերն` ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը»,-շեշտել է Նալբանդյանը:

ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Թուրքիայի հետ հարաբերություններին, պատասխանելով իտալացի խորհրդարանականի հարցին այն մասին, թե ՀԱԷԿ-ի հարցը Թուրքիայում դիտարկում են որպես հայ-թուրքական սահմանի բացման խոչընդոտներից մեկը:

Նալբանդյանն ասել է, որ չգիտի թե երբ և ով է խոսել ՀԱԷԿ-ի մասին.«Ես բանակցել եմ թուրքական կողմի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ, միայն ԱԳՆ ղեկավարների մակարդակով 15 նման հանդիպում է եղել, սակայն թուրքական կողմը երբեք նման հարց չի բարձրացրել: Դա, այստեղ դուք իրավացի եք, ավելի շուտ արհեստական առիթ է: Թուրքական կողմը փորձում է հարցեր գտնել Հայաստանի դեմ տարբեր կառույցներում ու միջազգային շրջանակներում հանդես գալու համար: Սա նման դեպքերից է»,-ասել է Նալբանդյանը, հայտնել է Armenia Today-ը:

«Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, ուր առկա են տարաբնույթ մարտահրավերներ: Հայաստանի հարևանությամբ տեղի ունեցող զարգացումները, որոնք հաճախ մեր անմիջական ներգրավումը չեն ենթադրում, անխուսափելիորեն իրենց ազդեցությունն են ունենում տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների անվտանգության վրա: Այդպիսին է մասնավորապես ճգնաժամային իրավիճակը Սիրիայում և Իրաքում, Մերձավոր Արևելքում՝ «Իսլամական պետություն», Ալ-Նուսրա և այլ ահաբեկչական կազմակերպությունների գործունեության արդյունքում:

Այդ իսկ հասկանալի պատճառով Հայաստանը զգայուն է անվտանգության միջավայրի փոփոխություններին և հանդես է գալիս առկա բոլոր խնդիրները քաղաքական բանակցությունների, փոխհամաձայնության և խաղաղ միջոցներով լուծման օգտին: Մենք մեր հերթին պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում անել այն, ինչն անհրաժեշտ է` կանխելու անցանկալի զարգացումները:

Հայաստանը հանդիսանում է «համագործակցային անվտանգության սկզբունքի» կողմնակից և գործնականում կիրառում այն: Լինելով Հավաքական անվտանգության կազմակերպության ակտիվ անդամ՝ մենք, միաժամանակ, վստահելի գործընկեր ենք ՆԱՏՕ-ի համար: Հանդես ենք գալիս նաև տարբեր պաշտպանական, անվտանգության կառույցների միջև հնարավորինս համակողմանի համագործակցության զարգացման օգտին, քանզի համոզված ենք, որ անվտանգության առավել բարձր և կանխատեսելի մակարդակ կարելի է ապահովել միայն երկխոսության, փոխգործակցության, սպառազինությունների վերահսկման, վստահության ամրապնդման, առանց բաժանարար գծերի, միասնական և անխախտ անվտանգության միջավայրի ձևավորման միջոցով:

Դա վերաբերում է և մեր տարածաշրջանին` Հարավային Կովկասին, որը կարիք ունի ընդհանուր անվտանգության միջավայրի գիտակցության արմատավորման: Այդ գիտակցության պարագայում անիմաստ կդառնան հակամարտությունների կարգավորման գործընթացներում միակողմանի, անզիջում դիրքորոշումները, փակ սահմանները և այլ երևույթներ, որոնք հարիր չեն մեր դարաշրջանին»,-ասել է նախարարը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---