Վարչապետ. Հոսանքի գնի բարձրացված մասը կսուբսիդավորենք ոչ բյուջեի հաշվին

Վարչապետ. Հոսանքի գնի բարձրացված մասը կսուբսիդավորենք ոչ բյուջեի հաշվին

PanARMENIAN.Net - Մինչև ՀԷՑ-ում աուդիտի ավարտը Կառավարությունը սուբսիդավորելու է էլեկտրաէներգիայի սակագնի հավելյալ ծախսը, բայց ոչ բյուջեի հաշվին: Այդ մասին հունիսի 30-ին «Տնտեսական օրակարգ 2015» համաժողովին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով. «Թե ինչ միջոցներով՝ կհայտարարվի», գրում է Tert.am-ը:

Հարցին թե կառավարությունում կա քննարկում Էլցանցերի ազգայնացման վերաբերյալ, նա պատասխանել է. «Չի կարող լինել, դեռ վաղ է, սպասենք քննարկումների, ստուգումների արդյունքում կունենանք այն, ինչ կունենանք, և մեր քայլը, խոսքը անպայման կասենք»:

Դիտարկմանը, թե մասնագետները պնդում են, որ աուդիտը չի հայտնաբերի չարաշահումները, վարչապետն ի պատասխան միայն ժպտացել է՝ նշելով, որ հուլիս ամսվա մեջ հայտնի կլինի, թե որ կազմակերպությունը կանցկացնի աուդիտը:

Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարել էր էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով:«Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց են սկսել Երևանի կենտրոնում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ:

Հունիսի 27-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ՀԷՑ-ում աուդիտ կանցկացվի ու մինչև դրաեզրակացության կազմումը Կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ամբողջ բեռը:

Համաժողովի ընթացքում իր ելույթում Աբրահամյանը հայտարարել է, թե Համաշխարհային բանկի և ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության հետ կառավարությունը պատրաստել է 2016-2036 թթ. էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագիրը, որը շուտով կդրվի լայն մասնագիտական և հանրային քննարկման:

«Սա մեր կարևորագույն խնդիրներից է, և մենք ամեն ինչ պետք է անենք այս ոլորտը ֆինանսապես առողջացնելու և դրա համար հանրության աջակցությունն ունենալու համար: Մենք աննախադեպ քայլեր ենք իրականացնում բաց տեղեկատվության և լավագույն միջազգային փորձագետների ընդգրկմամբ հասարակությունում առկա անվստահության անջրպետը վերացնելու ուղղությամբ: Սակայն մենք հակված չենք հանրության ընդգրկումը միայն կարճաժամկետ հատվածում նայել», - ասել է վարչապետը:

Ըստ Աբրահամյանի՝ ինչպես ցույց տվեցին վերջին զարգացումները, խիստ կարևոր է պետության քաղաքականության, պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը, և նա չգիտի հանրային վստահության հասնելու առավել լավ մեթոդ, քան երկխոսությունն է:

«Վստահ եմ, որ հանրության լայն ընդգրկումն այս քննարկումներին հնարավորություն կտա բարձրացնել վստահությունը դեպի կայուն և վստահելի էներգետիկ համակարգ ունենալուն մեր քաղաքականությանը: Առճակատումներով և առավելագույն պահանջներով, որքանով էլ ցանկալի լինի նպատակը, վստահության պաշար ձեռք չես բերի», - ասել է վարչապետը:

Սերժ Սարգսյանը նաև առաջարկել է ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող որևէ միջազգային խորհրդատվական ընկերություն, եթե հարկ կա, այդ ընտրությանը ներգրավել նաև բողոքի ակցիայի ակտիվիստներից մի քանիսին: Միևնույն ժամանակ, նախագահը նշել է, որ խորապես համոզված է՝ սակագնի բարձրացումն արդարացված է:

Վարչապետն ընդգծել է, որ կողմնակից է մտածված ու հետևողական աշխատանքի:

«Իրավիճակը շտկելու, տնտեսությունը զարգացնելու, առաջ գնալու ուրիշ ելք ուղղակի չեմ պատկերացնում: Նրանց, ովքեր կիսում են այս մոտեցումը և ունեն թեկուզ մեկ նախագծի վրա, մեկ ծրագրի սահմաններում, աշխատելու ցանկություն, անկախ քաղաքական հայացքներից, ես համարում եմ իմ համախոհները», - ասել է Աբրահամյանը՝ հավելելով, որ այժմ կառավարությունը հենց այդ ուղին է բռնել այս պահին հասարակությանն ամենաշատ հուզող էլեկտրաէներգիայի ոլորտում: Այստեղ խնդիրները շատ են, իսկ լուծումները՝ ոչ պարզունակ: Վերջին տարիների ընթացքում այս ոլորտն աստիճանաբար նահանջել է, և այսօր արդեն էլեկտրաէներգետիկական ոլորտի խոշոր պետական ընկերությունները, ինչպես նաև մասնավոր սեփականություն հանդիսացող ՀԷՑ-ը կուտակել են մեծ չափով պարտքեր, և նման վիճակի շարունակությունը կարող էր բերել համակարգի համար անդառնալի հետևանքների:

ՀԷՑ-ին են պատկանում 36.000 կմ երկարությամբ ցանցերը` երկրի գրեթե ամբողջ ցանցային տնտեսությունը: Ընկերությունը 100 տոկսով պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ին: Էներգետիկ շուկա Հայաստանում չկա, գործում է միասնական գնորդի մոդելը, որի դեպքում ՀԷՑ-ը գնում է էլեկտրակայանների արտադրած ամբողջ էլէներգիան` սակագինը պետությունն է հաստատում: Այն 2014 թ. 157.3 միլիարդ դրամի շահույթ է ունեցել, իսկ վնասները կազմել են 10.7 միլիարդ դրամ:

Վարչապետի համոզմամբ՝ վերջին շրջանում կառավարության գործունեության և, ընդհանրապես, երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության հանդեպ նկատվում է երկու միտում՝ հոռետեսություն, հուսահատություն, բացասական տրամադրությունների ստեղծում, տարածում և բոլոր խնդիրներն արտաքին տնտեսական կոնյուկտուրայի, նավթի գների և այլ, մեզանից չկախված հանգամանքների վրա բարդում:

«Ինձ համար երկու մոտեցումներն էլ հավասարաչափ անընդունելի են: Անդադար նվնվոցով և հոռետեսությամբ աշխարհում դեռ ոչ մի տնտեսություն չի վերականգնվել, և Հայաստանը բացառություն չի կարող լինել: Այն մարդկանց հետ, որոնք աշխատասենյակներում, մամուլի էջերում և սրճարաններում առավոտից երեկո զբաղված են դրանով, ես և կառավարությունն իսկապես չենք կարող ճանապարհ անցնել և չունենք աշխատանքի ընդհանուր դաշտ», - ասել է վարչապետը:

Մյուս կողմից, նա շեշտել է, որ իր համար անընդունելի է նաև բոլոր խնդիրներն ուրիշների վրա բարդելու, մեր չարածը, մեր բացթողումները միջազգային միտումներով արդարացնելու գործելաոճը: Հաճախ տնտեսական աճի ապահովման խնդրի լուծումը դուրս է գալիս ներքին կարողությունների տիրույթից կամ դրա տեմպերը չեն բավարարում զարգացման հավակնությունները լիարժեք իրացնելու համար, ինչը պարտադիր է դարձնում խնդրին նայել մի քանի տեսանկյուններից: Տարածաշրջանային զարգացումները, նավթի և հումքային ապրանքների միջազգային շուկայի անկայունությունը և բազմաթիվ այլ գործոններ օբյեկտիվ հանգամանքներ են, բայց ոչ երբեք արդարացման միջոցներ:

«Ես ուզում եմ բոլոր շահագրգիռ ու մտահոգ անձանց, ուժերին, մասնագիտական խմբերին հղել իմ ուղերձը՝ իմ դռները բաց են բոլոր ողջամիտ առաջարկների ու ծրագրերի համար: Ցանկացած առաջարկ, որը կօգնի մեր ընդհանուր գործին, կգնահատվի ըստ արժանվույն: Հայաստանը կարիք ունի բոլոր շահագրգիռ ու առողջ ուժերի համատեղ ջանքերի ու աշխատանքի», - հայտարարել է Աբրահամյանը:

Վարչապետի խոսքով՝ նա ամենայն լրջությամբ և հարգանքով է վերաբերվում ցանկացած, անգամ շատ սուր քննադատության, որը կլինի հիմնավորված ու փաստարկված. «Ես պատրաստ եմ անձամբ հանդիպել նման քննադատության հեղինակներին, միասին կետ առ կետ քննարկելու ասվածը, և ինչու չէ՝ դրանց հիման վրա մեր ծրագրերում ուղղումներ և շտկումներ մտցնել»:

Մինչդեռ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդը՝ անդրադառնալով ՀՀ էներգետիկ համակարգի ներկայիս վիճակին ու հանրության դժգոհությանը՝ կապված սակագնի բարձրացման հետ, հունիսի 30-ին ասել է լրագրողներին, որ Հայկական էլեկտրական ցանցերում» աուդիտի անցկացումը խելամիտ որոշում է, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է անի ամեն ինչ, որպեսզի սպառողները տեղեկանան խորքային բոլոր վերլուծությունների մասին, հայտնում է Tert.am-ը։

ԱՄՀ պաշտոնյան նշեց, որ ներկայիս խնդիրը էլեկտրաէներգիա մատակարարող ընկերության կողմից կուտակած զգալի պարտքերն են։ «Այդ պարտքերի գոնե մի մասը պայմանավորված է նրանով, որ էլեկտրաէներգիայի ինքնարժեքն ավելի բարձր է, քան իրենք կանխատեսել են։ Բայց պարտքը նաև այլ պատճառներով է կուտակվել։ Պետք է ունենալ սակագների այնպիսի համակարգ, որը ողջամիտ ծախսերը կհատուցի և կշահագրգռի էլեկտրաէներգիա մատակարարողներին, որ իրենց բիզնեսը ավելի խելամիտ ձևով կառավարեն»,-ասաց նա։

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը, անդրադառնալով էներգետիկ ոլորտի այս կարևոր կառույցի մասնավորեցմանը, նշեց, որ Հայաստանը ՀԷՑ-ը վաճառել է ՌԴ-ին պարտքի դիմաց, և դա վաճառք էլ չի կարելի համարել։

«Գործարքի մեջ նշված է, որ տրվել է պարտքի դիմաց կապիտալ, իսկ եթե լիներ մրցույթ, գուցե ՀԷՑ-ը կառավարեր ավելի լավ ընկերություն։ Ընդհանրապես էներգետիկ ոլորտը հնացող է, և այստեղ շատ կարիք կա նոր սարքերի ներդրման»,-ասաց նա։

«Ինտեր ՌԱՕ» ընկերությունը չի հաստատել ԶԼՄ-ների տարածած հաղորդագրությունը, թե մտադիր է վաճառել իր ակտիվները Հայաստանում: Ավելի վաղ «Կոմերսանտը» ծավալուն հադված էր հրապարկել, որտեղ ասվում է, որ բողոքի ցույցերը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով և ՀՀ իշխանությունների խոստումը` ազգայնացնել ՀԷՑ-ը, կարող են ստիպել ընկերության սեփականատեր «Ինտեր ՌԱՕ»-ին վաճառել այն: Ռուսական հոլդինգն արդեն բանակցել է հայազգի ռուսաստանցի գործարարների, այդ թվում «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ: Ըստ ԶԼՄ-ների՝ ՀԷՑ-ով հետաքրքրված են նաև ԱՄՆ և եվրոպական կապիտալով ընկերություններ: Սակայն նոր սեփականատեր գտնելը հեշտ չի լինի. սակագների անհավասարակշռությունը հանգեցրեց նրան, որ ՀԷՑ-ը մեծ պարտքեր է կուտակել, իսկ ցուցարարները պահանջում են, որպեզզի իշխանությունները չհատուցեն բյուջեից ընկերության վնասները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---