ANCA-ն Օբամային կոչ է անում խախտել Ադրբեջանի ագրեսիայի հանդեպ լռությունը

ANCA-ն Օբամային կոչ է անում խախտել Ադրբեջանի ագրեսիայի հանդեպ լռությունը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին խախտել Ադրբեջանի իշխանությունների ագրեսիայի հանդեպ լռությունը:

«Հայաստանի և Արցախի տարածքն ադրբեջանական հողեր անվանելով՝ ատելություն սերմանող ելույթով հանդես գալուց հետո 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զինված ուժերը Նախիջևանից հարձակում իրականացրին Հայաստանի վրա, որի հետևանքով սպանվեց հայ զինծառայող Արման Եփրեմյանը»,- նշում է հանձնախումբը, Asbarez-ին հղումով գրում է Tert.am-ը:

Հունիսի 26-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում, հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով տեղում մահացել պայմանագրային զինծառայող Արման Եփրեմյանը: Հաջորդ օրը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայրենիքի սահմանները պաշտպանելիս, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար նա հետմահու պարգևատրվեց Արիության մեդալով:

«Փաստերն այստեղ հստակ են՝ այնպես, ինչպես կործանարար վարքագիծը, որ հնարավոր է դարձնում Օբամայի վարչակազմը՝ հրաժարվելով դիմակայել նախագահ Ալիևի ագրեսիային»,- ասել է Հայ դատի հանձնախմբի գլխավոր տնօրեն Արամ Համբարյանը:

Նրա խոսքով՝ միջազգային հանրության լռության պատճառով Ադրբեջանն իրականացրեց իր սպառնալիքը՝ սպանելով զինծառայողին, և այսօր նա քաջալերված է աճող ագրեսիայի վերաբերյալ ԱՄՆ-ի և ԵԱՀԿ-ի գործընկերների լռությունից։

Համբարյանն ընդգծել է, որ այս անամոթ քայլը տեղի է ունեցել Բաքու-2015 առաջին Եվրոպական խաղերի ավարտին՝ միլիարդավոր դոլարներ արժեցած նախաձեռնության, որը միջազգային քննադատության ալիք բարձրացրեց միջազգային ՀԿ-ների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերի, այլախոհների և լրատվամիջոցների նկատմամբ աճող ագրեսիվ բռնաճնշումների ֆոնին:

Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանն ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, շինծու մեղադրանքներով բանտարկելու, ահաբեկելու և կտտանքների ենթարկելու համար: Վերջին շրջանում ընթացքում բազմաթիվ լրագրողների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների արգելվել է մտնել Բաքու կամ հավատարմագրվել առաջին Եվրոպական խաղերը լուսաբանելու համար, ներառյալ՝ բրիտանական The Guardian-ը:

Amnesty International-ի հունիսի 27-ի հայտարարության մեջ` Խաղերի փակման արարողության շեմին, ասվում է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակի բոլոր այն անարդար ձերբակալվածներին, որոնք քննադատել են կառավարությունը: Չնայած Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման լայն լուսաբանմանը ԶԼՄ-ներում, Միջազգային օլիմպիական կոմիտեն` մարմին, որը պատասխանատու է այդ արժեքների ապահովման համար, լռեց: Եվրոպական օլիմպիական կոմիտեն և ազգային կոմիտեների մեծամասնությունը նույնպես չդատապարտեցին հետապնդումները: Միայն Գերմանիայի և Շվեդիայի օլիմպիական կոմիտեները հրապարակավ հայտարարեցին, որ Ադրբեջանի իշխանությունները խախտում են մարդու իրավունքները:

Այնուամենայնիվ, Խաղերի ընթացքում 2 կարևոր միջկառավարական մարմին դատապարտեց մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում: ԵԽԽՎ-ն բանաձև ընդունեց` պահանջելով ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին: ՄԱԿ Մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն արեց 24 եվրոպական պետության ու ԱՄՆ անունից` մտահոգություն հայտնելով Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակման վերաբերյալ և հետապնդումները կասեցնելու կոչով:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---