Օռնելա Մուտին, Նաստասյա Կինսկին ու Պատրիկ Շենեն` «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրեր

Օռնելա Մուտին, Նաստասյա Կինսկին ու Պատրիկ Շենեն` «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրեր

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» երևանյան 12-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրերը կլինեն համաշխարհային կինոյի աստղեր Օռնելա Մուտին և Նաստասյա Կինսկին, ինչպես նաև ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Պատրիկ Շենեն: Այս մասին հուլիսի 2-ին լրագրողներին հայտնել է փառատոնի հիմնադիր, տնօրեն Հարություն Խաչատրյանը:

«Փառատոնի շրջանակում կկայանա Օռնելա Մուտիի «Սվանի սերը» կինոնկարի երևանյան պրեմիերան և Պատրիկ Շենեի մասնակցությամբ Ստեֆան Բրիզեի «Ես սիրելու համար չեմ այստեղ» ֆիլմի պրեմիերան», - տեղեկարցրել է Խաչատրյանը:

Հիմնականում եվրոպական ֆիլմերով հայտնի իտալուհի Օռնելա Մուտին հանդես է եկել Գերմանական նոր կինոյի հայրերից մեկի` Ֆոլքեր Շլյոնդորֆի «Սվանի սերը» ֆիլմում (1982), նկարահանվել նաև նշանավոր իտալացի ռեժիսորներ Մարկո Ֆերերի և Դինո Րիզիի ժապավեններում: Հայ հանդիսատեսին Մուտին առավելապես ծանոթ է «Կամակոր մարդու սանձահարումը» կատակերգական ֆիլմից, որտեղ նրա խաղընկերն է Ադրիանո Չելենտանոն:

Նաստասյա Կինսկիին` դերասան Կլաուս Կինսկիի դստերը, համաշխարհային ճանաչում բերեց Ալբերտո Լատուադայի «Եղիր, ինչպես կաս» կինոնկարը, ապա Ռոման Պոլանսկու «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր «Թես» ֆիլմը (1979): Կինսկիի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից է նաև Վիմ Վենդերսի Կաննի մրցանակիր «Փարիզ, Թեքսաս»-ը:

«Ոսկե ծիրան»-ի այս տարվա հետահայաց ցուցադրությունների ծրագիրը նվիրված է Նաստասյա Կինսկիի ֆիլմերին` «Թեսս» (Ռոման Պոլանսկի),«Փարիզ, Թեքսաս» (Վիմ Վենդերս), «Մարիայի սիրեցյալները» (Անդրեյ Կոնչալովսկի): Անդրադառնալով հունիսի 19-26-ը Մոսկվայի 37-րդ կինոփառատոնին՝ «Ոսկե ծիրան» փառատոնի ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը հայտնել է, որ փառատոնի շրջանակում տեղի է ունեցել Հարություն Խաչատրյանի 60-ամյա հոբելյանին նվիրված ստեղծագործական երեկոն, որի ընթացքում կայացել է հանդիպում Հարություն Խաչատրյանի հետ և նրա լիամետրաժ դեբյուտի՝ «Քամին ունայնության» (1989) ֆիլմի ցուցադրությունը:

Մոսկվայի միջազգային կինոփառատոնը ռեժիսորին հանձնել է մրցանակ կինոարվեստի և հայ-ռուսական մշակութային գործակցության մեջ ունեցած ավանդի համար: Ռուս կինոգետների և կինոքննադատների գիլդիան Հարությունյանին իր հերթին պարգևատրել է «Փիղ» մրցանակով` համաշխարհային կինոյում ունեցած ավանդի և միջազգային կինոփառատոնի՝ «Ոսկե ծիրան»-ի հիմնադրման համար:

«Քամին ունայնության» ֆիլմի կերպարները, որոնց ռեժիսորը հետևել և պարբերաբար նկարահանել է մոտ 25 տարի, նրա «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» հեղինակային կինոշարքի առանձին հերոսներն են:

«Ոսկե ծիրան» երևանյան 12-րդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի ֆրանսահայ ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանի «Մի ասեք, թե տղան խելագար էր» ֆիլմի ցուցադրությամբ:

Ռոբերտ Գեդիկյանի ֆիլմը ցուցադրվել էր 2015–ին Կաննի կինոփառատոնի «Հատուկ ցուցադրություներ» ծրագրի շրջանակում: Գեդիկյանն իր ֆիլմում միավորում է Մարսելի աշխատող դասի սոցիալ-ռեալիստական ժամանակագրությունը և իր հայրական արմատները՝ ցուցադրելով Հայոց ցեղասպանության շարունակական ազդեցությունը տեղահանված սերունդների վրա:

Փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 12-19-ը:

Բացի այդ, նաև ներկայացվել է փառատոնի այս տարվա պաշտոնական ազդագիրը, որի հեղինակն է դիզայներ Լիլիթ Մալխասյանը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնը պահպանել է հիմնական մրցութային անվանակարգերը: Իսկ ժյուրիների կազմերն այս տարի կգլխավորեն Ռոբեր Գեդիկյանը (Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ), Մարեկ Հովորկան (Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ), Հովիկ Հաբեշյանը («Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ) ու Ալեքսանդր Գրոզևը (Հայկական համայնապատկեր ազգային մցույթ):

Փառատոնն այս տարի ստացել է մոտ 1600 հայտ 105 երկրից, ինչը վկայում է աճող հետաքրքրության և ներկայացվող ֆիլմերի աշխարհագրության ընդլայնման մասին (2014-ին ստացվել էր 1500 հայտ մոտ 95 երկրից):12-րդ «Ոսկե ծիրանի» առանցքում կլինեն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրությունները: Փառատոնի շրջանակում կիրականացվի Մեծ եղեռնին նվիրված ծավալուն երկու ծրագիր` «Մենք կանք» և «Այլևս երբեք»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---