$200 մլն-ի վարկ ՌԴ-ից՝ ՀՀ ԶՈւ սպառազինությանը. ԱԺ-ն վավերացրել է համաձայնագիրը

$200 մլն-ի վարկ ՌԴ-ից՝ ՀՀ ԶՈւ սպառազինությանը. ԱԺ-ն վավերացրել է համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության համակարգի սպառազինության ավելացման նպատակով Ռուսաստանի կառավարության կողմից $200 մլն վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 2-ի արտահերթ նիստում ընդունել է ձայների մեծամասնությամբ՝ կողմ 98, դեմ` 1, 0 ձեռնպահ: Դեմ է քվեարկել միայն «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:

«ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրով Հայաստանը Ռուսաստանից գործարանային գներով ձեռք է բերելու ժամանակակից զենք, սպառազինություն, գրում է Panorama.am-ը:

Համաձայնագրով ՀՀ-ն պարտավորվում է օգտագործել վարկը 2015-2017թթ. ընթացքում՝ ռուսական ռուբլով հաշվարկված արտադրանքի մատակարարման վերաբերյալ պայմանագրերից յուրաքանչյուրի արժեքի 90%-ի ֆինանսավորման համար, վարկի օգտագործման ժամկետը լրանալիս 30 օրացուցային օրվա ընթացքում ռուսական կողմի օգտին իրականացնել ռուսական ռուբլով կոմիսիոն վճարում` վարկի չօգտագործված գումարի 1%-ի չափով:

Ռուսաստանից վարկի տրամադրման մասին հայտնի դարձավ հունիսի 26-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի և կապի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հանդիպումից հետո: Սերժ Սարգսյանի խոսքով, $200 մլն չափով արտոնյալ արտահանման վարկ տրամադրելը թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանի զինված ուժերի զինանոցի ժամանակակից սպառազինման տեսականին:

Համաձայնագիրը տարաձայնություն է առաջացրել ԱԺ «Ժառանգության» սակավաթիվ խմբակցությունում: Դրա մասին իր ելույթում Փոստանջյանը հայտարարել է, որ նման վարկ տրամադրելով` Հայաստանի համար «ստորացուցիչ պայմաններ» են ստեղծվում:

«Ռուսաստանի պահվածքը ռազմավարական գործընկերոջ պահվածք չէ: Դուք հիմա վարկ եք բերել, որը բացարձակ խրախուսելի չէ, մեզ հրամցնում եք մի փաստաթուղթ, որը ստորացուցիչ պայմաններ ունի, ՀՀ-ին դնում է վատ վիճակի մեջ: Այն բոլոր խնդիրները, որոնք գոյություն ունեն այսօր, և այն բոլոր մարտահրավերները, որոնք ծառացել են Հայաստանի առջև, այս փաստաթղթում ներառված չեն, ներկայացված փաստաթուղթը բավականին հին է», - ասել է Փոստանջյանը` ընդգծելով, որ ինքը և «Ժառանգություն» խմբակցությունը դեմ են քվեարկելու համաձայնագրին:

Սակայն, Փոստանջյանից հետո իր ելույթում խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարել է, որ ինքը, օգտվելով պատգամավորի իր լիազորություններից, ծանոթացել է գնվող զենքի ցանկին ու եզրակացրել` «դրանք օդի ու ջրի պես անհարժեշտ են մեր երկրին»:

ԱԺ-ում համաձայնագրի քննակման ընթացքում ՀԱԿ խմբակցության անդամՆիկոլ Փաշիանյանը հայտարարել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ ո՛չ հիմնական զեկուցողի, ո՛չ էլ մյուս ներկայացուցիչների պատասխաններն իրեն չգոհացրին, գրում է «Այսօր»-ը:

«Ստացվում է, որ Հայաստանը ՌԴ-ից պարտքով գումար է վերցնում՝ զուտ անվտանգության խնդիրը լուծելու համար, սակայն այնպիսի տպավորություն է, որ ՀՀ կառավարությունն ու իշխանությունները անվտանգության համար նախատեսված միջոցները վերցնում են՝ դրանով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բեռը թոթափելու համար», - ասել է նա՝ հավելելով, որ ՀԷՑ-ում ստեղծված թալանի մթնոլորտի բեռը, ուղղակի, թե անուղղակի, կրկին դրվում է ՀՀ քաղաքացիների ուսերին:

«Մենք բազմիցս ենք խոսել ՀԷՑ-ի բարցիթողի վիճակի մասին, սակայն մեզ ոչ ոք, կարծես թե, չի լսել: Հաճախ ենք ասել, որ կան ներքին չարաշահումներ, ճոխություններ ու ոչ նպատակահարմար ծախսեր, սակայն Հայաստանի իշխանություններն այդ ամենն անտեսել են ու միշտ արտաբերել նույն ծեծված ու նույնաբովանդակ պարզաբանումները. ՀԷՑ-ն ունի սեփականատեր, իսկ խնդիրները սեփականատիրոջ ներքին խնդիրն է», - հիշեցրել է պատգամավորը:

Միաժամանակ, վարկ տրամադրելու մասին համաձայնագրի հիմնական զեկուցող պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը՝ պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին, թե վարկային այս պայմանագրի պայմանները հնարավորություն տալի՞ս են ՀՀ կառավարությանն օգտագործել գումարները նաև այլ նպատակով, օրինակ՝ էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի սուբսիդավորման համար, նշել է որ Հայաստանի պաշտպանության համակարգի սպառազինության համար տրամադրվող $200 մլն վարկից որևէ լումա չի ուղղվի այլ ծախսերին:

Նրա խոսքով, նշված գումարը միմիայն ռուսական արտադրության զինամթերքի համար է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---