Հայկական «Զանգի» հավելվածն ապահովում է տվյալների բարձր պաշտպանվածություն

Հայկական «Զանգի» հավելվածն ապահովում է տվյալների բարձր պաշտպանվածություն

PanARMENIAN.Net - Հայաստանյան ծրագրավորողների ստեղծած «Զանգի» հավելվածը օգտատերերի անհատական տվյալների պաշտպանվածության առումով կարող է մրցել համաշխարհային առաջատարների հետ, իսկ շատ դեպքերում նաև գերազանցել նրանց։ «Զանգիի» միջոցով հնարավոր է իրականցնել տեսա և աուդիո զանգեր, փոխանակվել ինտերակտիվ հաղորդագրություններով, լուսանկարներով և տեսանյութերով․ հետևաբար՝ տվյալների անվտանգության ապահովումն առանցքային նշանակություն ունի։

Ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում ներկայացրեց անվտանգության ոլորտում իրենց ձեռքբերումները։ Նրա խոսքով՝ «Զանգին» իր օգտատերերին առաջարկում է անվտանգության ապահովման մի քանի շերտ։ Առաջինը՝ հավելվածի տվյալները պահվում են միայն ու միայն հեռախոսներում։ Հեռախոսահամարից բացի ընկերության սերվերների վրա չի պահվում ոչ մի այլ տվյալ։

«Մեր սերվերները, իհարկե, ունեն հատուկ ճարտարապետությամբ մշակված մի քանի շերտ պաշտպանվածություն։ Սակայն եթե անգամ դրանք կոտրվեն, հնարավոր չի լինի օգտատերերի մասին որևիցե տվյալ ստանալ։ Շփումը նրանց միջև տեղի է ունենում այնպես, որ տվյալները կամ ուղղակի անցնում են սերվերներով՝ չմնալով այնտեղ, կամ, մոտ 80 տոկոսի դեպքում, հեռախոսային ինտերնետ ip-ները կապվում են ուղղակիորեն՝ անգամ սերվեր չմտնելով»,- ասաց Մարտիրոսյանը։

Անվտանգության երկրորդ աստիճանը կապված է հաշվի գրանցման գործընթացի, հետևաբար՝ հաշիվը կոտրելու հավանականությունը բացառելու հետ։ «Զանգիի» մրցակից Viber-ի պարագայում հիմնականում կիրառվում է sms-նույնականացում, եթե օգտատերը փորձում է մուտք գործել իր հաշիվ մեկ այլ հեռախոսից։ «Զանգիի» դեպքում օգտատերը պաշտպանված է նաև հատուկ գաղտնաբառով․ դա ինքնանպատակ չէ, քանի որ sms-հաղորդագրության միջոցով ուղարկված pin-կոդը բաղկացած է չորս թվից, ինչը դյուրինացնում է հնարավոր տարբերակներից ճիշտը գտնելու գործը։

«Պաշտպանության երրորդ շերտը բացառում է անմիջապես Համացանցում տվյալները խլելու հավանականությունը։ Այս նպատակով «Զանգին» ոչ միայն կիրառում է 2048 բիտանով հատուկ RSA-ալգորիթմ, այլև մի կետից մյուսը տեղափոխվող ինֆոմացիայի բիտերի հոսքը խճճվում է մեկ այլ ալգորիթմի կողմից։ Եթե անգամ հոսքը խլվի ճանապարհին, ապա կստացվի բիտերի մի զանգված, որը անհնար է վերծանել»,- հավելում են «Զանգիի» ստեղծողները։

Ընկերության ծրագրավորողների թիմը ընդգծում է՝ հավելվածը կախված չէ մեկ երկրի կամ տարածքի հետ, սերվերները տեղակայված են Հայաստանում, Հոլանդիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում․ դա մի ամբողջ կլաստերային համակարգ է։ Եթե ինչ որ երկիր որոշի արգելափակել հավելվածը, խնդիր չի առաջանա, քանի որ այն ավտոմատ կերպով կսպասարկվի ամենամոտ այլ սերվերների կողմից։ Ընկերությունն իրավաբանորեն գրանցված է Սինգապուրում, որի օրենսդրությունը նույնպես պաշտպանվածության բարձր մակարդակ է ապահովում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---