Վարչապետի այցը Ֆրանսիա. Ալֆորվիլում հայկական վարժարան է բացվել

Վարչապետի այցը Ֆրանսիա. Ալֆորվիլում հայկական վարժարան է բացվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 5-ին ավարտվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Ֆրանսիա: Այցի ավարտին վարչապետը պատվիրակության անդամների հետ այցելել է Փարիզի Երևանյան պուրակ, ծաղկեպսակ դրել Կոմիտասի արձանին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Այնուհետև վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Փարիզի Հայ Առաքելական եկեղեցի և Ֆրանսիայում և Եվրոպայում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդարան, որտեղ նրանց դիմավորել է Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, հայտնում են ՀՀ Կառավորությունից:

Հուլիսի 4-ին Հայաստանի և Ֆրանսիայի վարչապետներների մասնակցությամբ Ալֆորվիլ քաղաքում տեղի է ունեցել հայկական վարժարանի բացման արարողությունը:

«Վարժարանի բացումը երկու մեծ խորհուրդ է պարունակում. նախ՝ այն ևս մեկ անգամ ընդգծում է հայի կենսակերպում և մշակույթում կրթության նկատմամբ մեծագույն վերաբերմունքը և ուսման ձգտումը: Եվ երկրորդ՝ կրթօջախի հիմնումը վերածննդի, ազգի ապագայի խորհրդանիշ է», - ասել է Աբրահամյանը՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հարյուր հազարավոր հայերին խաղաղ տանիք ու ապահով կյանք տված և հաջորդող սերունդների հայրենիք դարձած Ֆրանսիայում բացվող այս նոր կրթօջախը ևս մեկ անգամ ազդարարում է, որ հայ ժողովրդի բնաջնջումը ծրագրած Օսմանյան Կայսրության քաղաքականությունն ի դերև է եղել, որ հայերը ապրում և արարում են անկախ բնակության վայրից:

Վարչապետի խոսքով՝ մեր հայրենակիցները Ֆրանսիայում կարողացել են ինտեգրվել, դառնալ այս երկրի օրինապաշտ քաղաքացիներ, աշխատել և ստեղծագործել՝ ի բարօրություն իրենց երկրորդ հայրենիքի՝ միաժամանակ պահպանելով սեփական արմատները, պատմությունը, մշակույթը:

Աբրահամյանն ընդգծել է, որ կրթությունը, ընդհանրապես, մարդու ինքնազարգացման և դաստիարակության ճանապարհին լրջագույն գործոն է, իսկ հայրենիքից դուրս ապրող յուրաքանչյուր հայի համար հայեցի կրթություն ստանալը՝ ինքնությունը պահպանելու անփոխարինելի միջոց:

Վարչապետը խորին երախտագիտություն է հայտնել բարերար Գևորգ Արաբյանին, ով իր վրա վերցրեց դպրոցի շինարարության հիմնական ծախսերը, Գերաշնորհ Տեր Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին՝ ծրագիրը գլխավորելու և ավարտին հասցնելու համար, ինչպես նաև բոլոր նրանց, ում անմիջական ջանքերի և իրականացրած կազմակերպչական աշխատանքների շնորհիվ կյանքի կոչվեց այս չափազանց կարևոր նախաձեռնությունը: Աբրահամյանը երախտագիտության խոսքն է հղել նաև Ֆրանսիայի իշխանություններին ու ժողովրդին՝ ֆրանսահայ համայնքին ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար:

Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսը իր հերթին նշել է, որ դպրոցի բացման արարողությունը շատ կարևոր պահ է երկրի համար, այն մատնանշում է երիտասարդության ներկայությունը և ազգային արժեքների պահպանումը: Ֆրանսիայի վարչապետը ճիշտ է համարել դպրոցի անվանակոչումը Գևորգ Արաբյանի անունով: Նրա խոսքով՝ հայկական վարժարանը պայմանագիր ունի ֆրանսիական պետության հետ և հավասարազոր ուժ ունի ֆրանսիական ազգային կրթական համակարգում:

Կարդացեք նաև՝Վարչապետը՝ Փարիզում. Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծն ու ֆրանսիացի օրենսդիրների այցը ԼՂՀ

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---