«Եղեռն՝ եղեռնից հետո». Մշակութային եղեռնին նվիրված ցուցահանդեսը կցուցադրվի Եվրախորհրդարանում

«Եղեռն՝ եղեռնից հետո». Մշակութային եղեռնին նվիրված ցուցահանդեսը կցուցադրվի Եվրախորհրդարանում

PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ին Ճարտարապետների միությունում բացվել է «Եղեռն՝ եղեռնից հետո» խորագրով ցուցահանդեսը։ Երկլեզու (հայերեն, անգլերեն) 32 պաստառ ներկայացնում են Արևմտյան Հայաստանի հուշարձանները, որոնք թուրքական իշխանությունների ոչնչացրել են և շարունակում են ոչնչացնել։

«Եղեռն՝ եղեռնից հետո» խորագրով ցուցահանդեսը կազմակերպել է «Հոգու պարտք» հայրենագիտական հասարակական կազմակերպությունը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի աջակցությամբ: Այն կյանքի է կոչվել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում։

Ցուցադրության նյութերը տպագրվել են նաև երկլեզու գրքույկում։ Պաստառների էլեկտրոնային տարբերակները տեղադրված են համացանցում, տեղեկացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամից։

Ճարտարապետների միությունում այն կգործի մեկ ամիս: Ցուցահանդեսը մինչև Երևանում բացվելը ներկայացվել է Ստեփանակերտում, Իջևանում, Վանաձորում։

ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների «Ցեղասպանություն» անվանակարգերում իրականացվող ծրագրերի համակարգող Գայանե Մանուկյանը տեղեկացրել է, որ ցուցահանդեսն աշնանը կներկայացվի նաև Բրյուսելում՝ Եվրախորհրդարանում, Հայ Դատի գրասենյակի հետ գործակցաբար, այնուհետև՝ Լիոնում, Ամստերդամում և մի շարք այլ եվրոպական քաղաքներում։

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյաննասել է, որ նախաձեռնության նպատակն է ցույց տալ, թե 1915-ից ի վեր ինչ է տեղի ունեցել մեր պատմական հայրենիքում, մշակութային եղեռն, որ մինչև օրս ընթացքի մեջ է:Կարապետյանի խոսքով՝ մի բան պահպանելու համար պետք է դրա գոյության մասին լուր ունենալ։

Հայ ազգի ներկա սերունդները պարտավոր են ճանաչել մեր մշակութային ժառանգությունը։

«Եթե մշակութային ժառանգությանը վտանգ է սպառնացել կամ սպառնում, մեր պարտքն է աշխարհին հնարավորինս իրազեկել դրա մասին։ Այն, ինչ ոչնչացվել է մեր հայրենիքում անցած մեկ դարի ընթացքում, ոչ միայն մեր ցավն է, այլև աշխարհի, քանի որ համաշխարհային մշակութային գանձարանից գանձեր են պակասել»,- ասել է նա:

Ցուցահանդեսին ներկայացված պաստառներից մեկում պատկերված է Վանի նահանգում՝ Վանա լճի Լիմ կղզու վրա, գտնվող Սբ Գևորգ վանքը։ Դրա հիմնադրումն ավանդաբար վերագրվում է Գրիգոր Լուսավորչին, սակայն գրավոր առաջին վկայությունը 884-ից է: 1235,1288 և 1301թթ. վանքում ստեղծված ձեռագրերում հիշատակություններ կան տեղում գոյություն ունեցած Սբ Եհնա, Սբ Նշան, Սբ Աստվածածին, Սբ Կարապետ և Սբ Գևորգ եկեղեցիների մասին։

Եկեղեցին հիմնովին վերակառուցվել է 1305-ին: Վանքը պայթեցվել է 1950-1960-ականներին: 2004-ի դրությամբ խիստ քայքայված, սակայն դեռևս կանգուն էր միայն գավիթը։

Մշակութային եղեռն

Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները: Գիտակցելով եկեղեցու և հավատի դերը հայ ժողովրդի կյանքում` թուրքական կառավարությունը նպատակամղված սպանել է հայ հոգևորականներին, ոչնչացրել եկեղեցիներն ու վանքերը, հազարավոր միջնադարյան ձեռագիր մատյաններ, զավթել եկեղեցական գույքը:

Ըստ 1912-1913 թվականներին Կոստանդնուպոլսի հայկական Պատրիարքարանի կազմած և թուրքական կառավարությանը ներկայացրած պաշտոնական պատմագրության` Օսմանյան կայսրության ամբողջ տարածքում հայկական եկեղեցիների ու վանքերի թիվն անցնում էր 2000-ից (այդ թվում` IV-V դարերի վաղ քրիստոնեական եզակի հուշարձաններ), որոնց մեծ մասը ցեղասպանության ժամանակ թալանվեց, այրվեց և ավերվեց: Հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության նկատմամբ` երիտթուրքերի որդեգրած ոչնչացման քաղաքականությունը շարունակվել է նաև հանրապետական Թուրքիայում, քանի որ դրանք դիտվում էին որպես հայկական ներկայության անցանկալի վկաներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---