ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ Երևանում. Բաքուն վտանգում է բանակցային գործընթացի առաջընթացը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ Երևանում. Բաքուն վտանգում է բանակցային գործընթացի առաջընթացը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 20-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի մտահոգություններն ու հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Նույն օրը ԵԱՀԿ ‬Մինսկի խմբի համանախագահներին ընդունել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հանդիպմանը ևս շարունակվել են քննարկումները՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Համանախագահները Նալբանդյանին ներկայացրել են Վաշինգտոնում և Մոսկվայում իրենց ունեցած հանդիպումները, անդրադարձել մինչև տարեվերջ իրենց ծրագրերին:

Արտգործնախարարը, ընդգծելով, որ Եվրոպական խաղերից հետո Բաքվից կրկին հնչում է ռազմատենչ հռետորաբանություն և կազմակերպվում են սադրանքներ, համանախագահների ուշադրությունը հրավիրել է վերջին օրերին ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծի ամբողջ երկայնքով ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակներից հրադադարի ռեժիմի խախտումների վրա։ Նախարարի բնորոշմամբ՝ Բաքվի ապակառուցողական վարքագիծը վտանգում է բանակցային գործընթացն առաջ մղելու՝ Հայաստանի և եռանախագահ երկրների ջանքերը։

ԵԱՀԿ Մինսկի խումբը հուլիսի 21-ին կմեկնի Ադրբեջան: Տարածաշրջան այցի նպատակն է նախապատրաստել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը։ Հուլիսին Բաքվում դարարեցվել է ԵԱՀԿ ծրագրերի համակարգողի գործունեությունը:

Մինչև այդ, Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը ՀՀ նախագահը նշել է, որ մայիսի 21-22-ը կայացած Արևելյան գործընկերության չորրորդ գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատեցին ԵՄ կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում իրենց լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և 2009-ից ի վեր այդ պետությունների ղեկավարների մակարդակով արված հայտարարություններին, ինչը ևս մեկ անգամ վկայում է լուծումն այլ հարթակներ տեղափոխելու ջանքերի անհեռանկար լինելու մասին:

«Որքան էլ Ադրբեջանը փորձի խեղաթյուրել այդ հիմնախնդրի էությունը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը վաղուց արդեն չի վիճարկվում, ավելին՝ այն ամրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հայտարարություններում», - ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ այդ գաղափարի համատեքստում Հայաստանը պատրաստ է առաջ ընթանալ ողջամիտ փոխզիջումների ճանապարհով:

Ավելի վաղ Երևանում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լրագրողներին հայտարարել է, որ առանց Արցախի կարգավիճակի հստակեցման չի կարող լինել ղարաբաղյան հակամարտության համապարփակ լուծում:

«Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորում չի կարող լինել, եթե դրանում ներառված չլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Համապարփակ կարգավորումը ներառում է նաև կարգավիճակի հարցը: Այդ նպատակով անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ արտահայտում՝ որպես համապարփակ կարգավորման մի մաս»,- ասել է Ուորլիքը:

Բացի այդ, համանախագահը մեկ անգամ ևս նշել է, որ Արցախի հարակից տարածքների վերադարձը բանակցությունների կետերից մեկն է:

Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում մնացել է անփոփոխ. կարևորագույն առանցքային ուղղությունն այն է, որ վերացվեն հակամարտության պատճառները և ոչ թե հետևանքները: Քանի դեռ Արցախի կարգավիճակի վերջնական քաղաքական լուծում չկա, տարածքների վերադարձի կամ այլ հարցերի վերաբերյալ խոսել հնարավոր չէ: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով Ուորլիքի հայտարարությունը: Նա պնդել է, որ սահմանների վերադարձի հարց չի կարող լինել հենց միայն այն պատճառով, որ դա Արցախի ժողովրդի անվտանգությունը չի կարող երաշխավորել:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---