Asimder-ը կոչ է անում ադրբեջանական ու թուրքական կազմակերպություններին խաթարել Աղթամարի պատարագը

Asimder-ը կոչ է անում ադրբեջանական ու թուրքական կազմակերպություններին խաթարել Աղթամարի պատարագը

PanARMENIAN.Net - Թուրքական այսպես կոչված «Հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» կազմակերպությունը` Asimder-ը, շարունակում է Աղթամար եկեղեցում կայանալիք պատարագի խափանմանն ուղղված քայլեր ձեռնարկել: Կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը, հայտարարություն անելով, Թուրքիայի իշխանություններին կոչ է արել թույլ չտալ հայերին Սբ Խաչ եկեղեցում անցկացնել ամենամյա պատարագը:

Նա աշխարհի տարբեր երկրներում գործող թուրքական ու ադրբեջանական կազմակերպություններին կոչ է արել միանալ իրենց և խոչընդոտել պատարագը, թուրքական Samsunhaber լրատվական կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

«Արտերկրում գտնվող մեր բոլոր կազմակերպություններին սեպտեմբերին հրավիրում ենք Աղթամար կղզի: Այլևս հանդուրժողականություն չկա: Թուրքիայի արտաքին գործերի և մշակույթի նախարարություններին էլ ենք կոչով դիմում: Այս պատարագները քաղաքական նպատակ են հետապնդում, անհրաժեշտ քայլերը ձեռնարկեք»,- ասել է Գյուլբեյը:

Ավելի վաղ նա նաև հայտարարել է, որ այդ հարցում գործակցելու են տեղի հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև աշխատանք են տանելու Վանի բնակչության հետ:

Asimder-ի նախագահը որպես պատարագի անցկացմանը խոչընդոտելու պատճառ է նշել այն, որ իբրև Հայաստանի իշխանություններն իրենց թույլ չեն տվել նամազ անել Երևանի կենտրոնում գտնվող Կապույտ մզկիթում:

Թուրքիայում՝ Իգդիրում, մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել են արտաքին գործերի նախարարություն` թույլտվություն ստանալու համար, հայտնելով, որ ցանկանում են Երևանի մզկիթում ուրբաթօրյա նամազ անել։ Նրանք նաև պահանջել են, որ նախաձեռնությունն իրականացնելու նպատակով Հայաստանից անվտանգության երաշխիք ստանան: Նախաձեռնության կազմակերպիչն Asimder-ն էր, որը հայտնի է իր հակահայ գործունեությամբ: Ըստ տարբեր աղբյուրների` կազմակերպության ֆինանսավորողն Ադրբեջանն է:

Ավելի ուշ մզկիթի հոգևոր սպասավոր շեյխ Շաջաանը նշել էր, որ Երևանում գործող Կապույտ մզկիթում որևէ մեկին նամազ անելու արտոնություն տալու խնդիր չկա, մզկիթի դուռը բաց է բոլորի համար՝ անգլիացի, ֆրանսիացի, գերմանացի, թուրք, եթե վերջիններս ենթարկվում են մզկիթում 20 տարի ի վեր գործող հատուկ ծրագրերին, կրոնական ծիսակատարություններին և իրանական օրենքներին: Նա նաև նշել էր, որ Թուրքիայից պաշտոնական որևէ գրությույն չեն ստացել, նամազ անելու մասին էլ տեղեկացել են սոցիալական ցանցերից:

Միաժամանակ, Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, խոսելով Աղթամարի Սբ Խաչում ամենամյա ավանդական պատարագի մասին, ասել է, որ դրա հանդեպ հետաքրքրությունն ու հուզմունքը նվազել է, գրում է Tert.am-ը:

Աթեշյանը նշել է, որ ամեն տարի պատարագի այցելուների թիվը նվազում է, սակայն դրանից կզում մատուցվող պատարագի կարևորությունը չի փոխվում:

«Պատարագին մասնակցողների թիվը դեռ հայտնի չէ: Թուրքիայի տարբեր վայրեր այցելություններ են տեղի ունենում, և մարդիկ նույն վայրը երկու անգամ այցելել չեն ցանկանում: Այս տարի հույս չունեմ, որ այնտեղ մարդաշատ կլինի»,- ասել է արքեպիսկոպոսը:

Վանա լճի Աղթամար կղզու Սբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվելուց հետո 2010-ից բացվել է թանգարանի կարգավիճակով:Երկրի կառավարությունը տարին մեկ անգամ թույլատրվում է եկեղեցում անցկացնել կրոնական արարողություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---