Նաիրիտցիների աշխատավարձի վճարումը նորից ձգձգվում է. Նստացույց են սկսել

Նաիրիտցիների աշխատավարձի վճարումը նորից ձգձգվում է. Նստացույց են սկսել

PanARMENIAN.Net - Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հուլիսի 29-ի հայտարարությունը, թե «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերը ամբողջությամբ կվճարվեն առաջիկա երկու օրվա մեջ նաիրիտցիներին հավատ չի ներշնչում. նույն օրը նրանք փակել են Տիգրան Մեծ պողոտան՝ անժամկետ նստացույց հայտարարելով և իրենց անվստահությունը հայտնելով նախարարի հայտարությանը:

Էներգետիկային նախարարը հայտարարել է, որ գործարանի աշխատողների աշխատավարձերի վճարման աշխատանքներն ընթանում են։ Մոտակա մեկ-երկու օրն այն ամբողջությամբ կվճարվի: Որևէ խանգարող հանգամանք կամ խոչընդոտ չկա, այդ թվում՝ ֆինանսական:

«Մեզ խոստացել էին աշխատավարձերը մարել մինչև հուլիսի 15-ը, հետո՝ ամսվա վերջ: Վաղն արդեն ամիսը վերջանում է, էլ ե՞րբ կտան: Հավատ չկա, ի՞նչ հիմքով հավատանք»,- ասել է նստացույցի մասնակիցներից մեկը, մեջբերում է Panorama.am-ը:

Նաիրիտցիների աշխատավարձի պարտքը կազմում է 5 մլրդ 310 մլն դրամ, որը կուտակվել է վերջին 4 տարվա ընթացքում:

Գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյաննը հայտարարել է, որ Կառավարությունը սպառել է իր հանդեպ վստահությունը:

«Վերջին ամսվա ընթացքում տեղի ունեցող իրադարձություններն ապացուցում են, որ նրանց կողմից նշված որևէ ժամկետ չի պահպանվում: Բնական է մեր անվստահությունը, և դրանից ելնելով, որոշել ենք մեր պարտքերի մարմանը սպասել Կառավարության շենքի դիմաց », - ասել է նա:

Հարությունյանի տվյալներով՝ այս պահին 700 աշխատակից ստացել է աշխատավարձ, իսկ 1700-ը՝ դեռ ոչ:

Նաիրիտցիները դեռևս նախորդ տարեվերջից պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով վճարել աշխատավարձը: 2015-ի փետրվարի 6-ին 1700 մարդ ազատվել էր աշխատանքից: Ապրիլի 28-ին գործարանի աշխատակիցները ստացել էին ընդամենը մեկ ամսվա աշխատավարձը: Հուլիսի 24-ի դրությամբ գործարանի մոտ 400-450 աշխատակից ստացել է 2 տարվա ընթացքում կուտակված աշխատավարձի պարտքը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---