«Ակօս». Հալեպում մնացած հայերի «կյանքի պայքարը»

«Ակօս». Հալեպում մնացած հայերի «կյանքի պայքարը»

PanARMENIAN.Net - Հալեպահայերի մի մասը մնացել ու «կյանքի պայքար» է մղում Հալեպում։ Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականն անդրադարձել է Հալեպում «գոյության կռիվ» տվող հայերին։

«...Նրանք գուցե ցանկանում են դուրս գալ, սակայն ստիպված են մնալ Հալեպում, կամ էլ, գուցե, գնալու այլ տեղ չունեն, և չնայած դժվարություններին՝ չեն ցանկանում փախստական դառնալ...Սիրիայի ավերիչ պատերազմից վնաս ստացող Հալեպի հայ համայնքը, գուցե, իր պատմության ամենածանր օրերն է ապրում», - գրված է հոդվածում:

600 տարուց ավելի գոյատևող հին համայնքը վերջին 4 տարիներին ստիպված եղավ ճակատագիրն ամբողջովին փոխող որոշումներ կայացնել։ Ըստ հոդվածի՝ համայնքի ունեցվածքը, դպրոցները, եկեղեցիները, գրադարանները, արխիվները, հիվանդանոցները, հիմնադրամները, մշակութային ու մարզական կենտրոնները մի կողմից դիմակայում են ռումբերի պայթյուններին, մյուս կողմից շարունակում են Հալեպում մնացած համայնքի առօրյա կարիքներին ծառայել։

Քաղաքի հայերն այժմ երկու մասի են բաժանվել։ Համայնքը, որպես այդպիսին, ցանկանում է մնալ Հալեպում, չթողնել համայնքի պատմությունը, գոյությունը, մշակույթը, իսկ անհատների մակարդակով նույնն ասել հնարավոր չէ։ Հազարավոր հայեր լքել են Հալեպն ու գաղթել Հայաստան, Լիբանան, Եվրոպա, Ամերիկա, Ավստրալիա՝ աշխարհի 4 կողմերը։

Սակայն ո՞վ կարող է մեղադրել նրանց Հալեպից գաղթելու համար. մեկն իր տունն է կորցրել, մյուսի ընտանիքի անդամն է վիրավորվել կամ զոհվել, երրորդը դուրս է եկել երեխաներին փրկելու համար...

Սակայն Հալեպում մնացած հայերը շարունակում են դիմանալ և գոյատևման պայքար մղել, հոդվածը մասնակի ներկայացնում է Tert.am-ը:

Պատերազմից առաջ Հալեպի հայ համայնքի թիվը, ենթադրաբար, 40-50.000 էր: Դպրոցներում 8.000 աշակերտ կար, և Հալեպը սփյուռքի միակ համայնքն էր, որտեղ հայ երեխաները միայն հայկական դպրոցներ էին հաճախում։ Այժմ ուսանողների թիվը 2.500-3.000-ի է հասել, դա էլ վկայում է այն մասին, որ Հալեպի հայերի 1/3-ն է մնացել Հալեպում։

Հալեպում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը օգոստոսի 11-ին նոր հարձակում է իրականացրել Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող սիրիացի ապստամբների վրա՝ տարածքներ գրավելով թուրք-սիրիական սահմանի մոտակայքում՝ այնտեղ, որտեղ Թուրքիան և Միացյալ Նահանգները նպատակ են դրել ջիհադական խմբից ազատ գոտի ստեղծել: Հուլիսի 27-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները Նայյալ թաղամասի մուտքի մոտ հրթիռ են արձակել, ինչի արդյունքում զոհ ու վիրավորներ կան։ Հրթիռակոծվել է նաև հայաշատ Նոր Գյուղ թաղամասը՝ նյութական վնասներ առաջացնելով: Ապրիլին քաղաքի Սրբոց Քառասնից Մանկանց 15-րդ դարի եկեղեցին ավերակի էր վերածվել ռմբակոծության հետևանքով: Հուլիսին Հալեպում ձերբակալված ահաբեկիչները խոստովանել են, որ իրենք նախքան սիրիական քաղաք մեկնելը Թուրքիայում գտնվող ռազմական ճամբարներում ռազմական պատրաստություն են անցել:

2011-ի մարտին Սիրիայում հակամարտություն է սկսվել: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։

ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---