ԵԱՀԿ-ն հերթական դիտարկմանը շփման գծում հրադադարի խախտումներ չի արձանագրել

ԵԱՀԿ-ն հերթական դիտարկմանը շփման գծում հրադադարի խախտումներ չի արձանագրել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 4-ին ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) ու Եվգենի Շարովը (Ուկրաինա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Սեպտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 100 անգամ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Չնայած վերջին օրերի համեմատ խախտումները նվազել են, այնուամենայնիվ հակառակորդը կիռարելով տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ, այդ թվում 60 և 82մմ ականանետեր, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 1800 կրակոց:

Սեպտեմբերի 2-ի տոնական և 1-ի նախատոնական օրերին հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց: Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ճնշելով հակառակորդի ակտիվությունը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Վերջին շրջանում հակառակորդը սկսել է հաճախակի կիրառել խոշոր տրամաչափի հրաձգային և հրթիռահրետանային զինատեսակներ, ինչը ադրբեջանական քարոզչությունը անհաջողությամբ փորձում է հերքել:

Բացի հրադադարի պահպանման ռեժիմի խախտումներից, օգոստոսի 28-ին ժամը 01:40-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական զինուժի 20-25 հագուց բաղկացած հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Առաջնային գծի ամբողջ երկարությամբ հայկական ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Հայաստանում սեպտեմբերի 3-ից 6-ը անցկացվում է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժությունը ղեկավարում է ՀՀ նախագահը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---