Նախագահը՝ «Շանթ-2015»-ի նպատակի մասին. Պատրաստ լինել իրականության դեպքում միջոցներ ձեռնարկելուն

Նախագահը՝ «Շանթ-2015»-ի նպատակի մասին. Պատրաստ լինել իրականության դեպքում միջոցներ ձեռնարկելուն

PanARMENIAN.Net - «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հրավիրել և վարել է ՀՀ կառավարության պայմանական նիստ, որի ժամանակ նախարարները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում զորավարժությունների սցենարից բխող հանձնարարականների կատարման ընթացքը, զեկուցել որոշակի իրավիճակներում առաջացած խնդիրների վերաբերյալ և առաջարկություններ արդել դրանց լուծման ու կառավարման առավել արդյունավետ միջոցների կիրառման ուղղությամբ:

Նիստի սկզբում ՀՀ ղեկավարը կառավարության անդամներին ուղղված խոսքում անդրադարձել է իրականացվող զորավարժությունների կարևորությանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր զորավարժություն փորձում է լուծել երկու կարևորագույն խնդիր՝ ուսուցողական և ստուգողական: Վերջնական նպատակն է՝ պատրաստ լինել իրական իրադարձությունների ծավալման պարագայում ամենաարդյունավետ միջոցներ ձեռնարկելուն՝ երկրի տարածքային ամբողջականության և անվտանգության նկատմամբ ծառացած սպառնալիքը վերացնելու համար: Սերժ Սարգսյանը խոսել է նաև անցկացվող միջոցառումներից հետո դրանց արդյունքների ամփոփման և համապատասխան փաստաթղթերի կազմման անհրաժեշտության մասին, որոնցով կգնահատվի զորավարժությանը մասնակից ստորաբաժանումների և ղեկավարների աշխատանքը, կկազմվեն թերությունների վերացման պլաններ, որոնց իրագործումը ինքնին կդառնա հաջորդ զորավարժությունների նախապատրաստական փուլ:

Կառավարության անդամների զեկույցները լսելուց և համապատասխան որոշումներ կայացնելուց հետո, տրվել են դրանց կատարումն ապահովող համապատասխան հանձնարարականներ:

Սեպտեմբերի 3-ից 6-ը ՀՀ տարածքում անցկացվում է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժությունը ղեկավարում է ՀՀ նախագահը:

Համապետական նշանակության այս զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակն առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

Զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի լույս 5-ի գիշերը՝ ժամը 02:00-ից մինչև առավոտյան 07:00-ն, Ավան վարչական շրջանում պարեկային ժամ է խաղարկվելու, իսկ Հանրապետության հրապարակում ժամը 18:30-ի սահմաններում մոտ 30 ավտոբուսով ավտոշարասյուն է ձևավորվելու՝ բնակչության պայմանական տարհանման սցենարով, որը կավարտվի կեսգիշերին:

«Շանթ-2015»-ի շրջանակում արդեն իսկ տարհանման սցենար է խաղարկվել Մատենադարանում ու Ազգային պատկերասրահում:

Կարդացեք նաև՝ «Շանթ-2015». Ավանում պարեկային ժամ կխաղարկվի, Հրապարակում՝ տարհանում

ԱԱԽ նիստում քննարկվել է «Շանթ-2015»-ի խաղարկային իրավիճակը

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---